Ինչպե՞ս է համավարակի պայմաններում աշխատանքը կազմակերպում Արցախի Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնը, ի՞նչ հետաքրքիր ցուցադրություններ են գործում եւ ե՞րբ նորերը կբացվեն, այս եւ այլ թեմաների շուրջ զրուցել եմ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի տնօրեն Արամ Թորոսյանի հետ։
– Համավարակը ստիպեց, որ աշխատանքում մի շարք ոճային փոփոխություններ լինեն։ Թերեւս դրանք իրենց հերթին մեծ խնդիրներ են առաջացնում։ Կխնդրեի ասեք, թե այս ժամանակաշրջանում ինչպես ապրեց Մատենադարան-Գանձասարը, ի՞նչ ընթացք ստացավ մշակութային կյանքը։
– Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնը, որ Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի մասնաճյուղն է, թանգարանային մասի դռները փակեց մայր կառույցի թանգարանային համալիրի հետ միաժամանակ: Բայց Մատենադարանը շարունակեց իր բազմավեկտոր գործունեությունը: Մայր կառույցը լույս ընծայեց մի շարք արժեքավոր հրատարակություններ: Մասնաճյուղի առումով նշեմ, որ հրատարակվեց «Բանբեր Մատենադարանի» 29-րդ համարը. ծավալուն այդ համարում ներառված են 2019թ. օգոստոսի 26-27-ին Մատենադարան-Գանձասարում տեղի ունեցած «Հայոց Արեւելից կողմանք (Արցախ, Ուտիք). Պատմություն եւ մշակույթ» միջազգային հայագիտական գիտաժողովի նյութերը: Միջազգային այդ գիտաժողովն առաջինն էր մասնաճյուղում, մասնակցում էին հեղինակավոր հայագետներ ոչ միայն Հայաստանից եւ Արցախից, այլ նաեւ եվրոպական երկրներից եւ ԱՄՆ-ից: Զբոսավարների մասնագիտական գիտելիքների զարգացման եւ խորացման առումով կարեւոր դեր է խոստանում ունենալ նաեւ լույս տեսած արժեքավոր մեկ այլ հրատարակություն` «Պատմության եւ մշակույթի հարցեր. օժանդակ ձեռնարկ զբոսավարների, երիտասարդ գիտաշխատողների, ասպիրանտների եւ հայցորդների համար» գիրքը: Ժողովածուն ներկայացնում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ցուցադրությունն ուղեկցող եւ միջնադարյան պատմության ու մշակույթի բազմաբնույթ հարցերին նվիրված հոդվածներ, որոնք դասախոսությունների տեսքով 2018թ. ընթացքում ներկայացվել են Մատենադարանի զբոսավարներին եւ երիտասարդ գիտնականներին՝ նպաստելով նրանց մասնագիտական գիտելիքների ու հմտությունների բարելավմանը: Այս ձեռնարկը կդառնա նաեւ մասնաճյուղի զբոսավարների եւ ցուցասրահի հսկիչների սեղանի գիրքը:
– Համավարակի պայմաններում առցանց հարթակում ի՞նչ գործունեություն ծավալեց Մատենադարան-Գանձասարը։
Կարդացեք նաև
– Համավարակի օրերին նաեւ մեկնարկեց Մատենադարանի նոր կայքէջի ստեղծման ուղղությամբ աշխատանքը: Ժամանակակից եւ բազմաֆունկցիոնալ կայքում մասնաճյուղը ներկայացված է լինելու առանձին բաժնով: Մենք խնդիր ունենք թվային հարթակներում մեր գործունեությունն էլ ավելի մատչելի, հասանելի ու որակյալ դարձնել: Այս առումով ընդգծեմ, որ համավարակի բուռն շրջանում Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնը սոցցանցերում, ինչպես նաեւ տարբեր հեռուստաալիքներով, այցելուներին ակտիվ ներկայացրեց ցուցադրվող նմուշներից մի քանիսը: Ի հեճուկս համավարակի, մասնաճյուղում բացվեց նաեւ 4-րդ ժամանակավոր ցուցադրությունը` նվիրված բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ եւ բանաստեղծ Ղեւոնդ Ալիշանի 200-ամյակին: Սեպտեմբերի 8-ից Մատենադարան-Գանձասար կենտրոնի թանգարանային մասը վերաբացվեց այցելուների համար: Մեր այցելուները կարող են տեսնել նաեւ այս ժամանակավոր նոր ցուցադրությունը: Ընդհանուր առմամբ, համավարակը որոշակի խոչընդոտներ ստեղծեց, բայց իմ խորին համոզմամբ, այս շրջանը մեր գործունեությունը վերաիմաստավորելու, նորովի գնահատելու եւ նոր մոտեցումներ մշակելու հնարավորություն եւ առիթ ընձեռեց: Վստահ եմ` մենք կկարողանանք հաղթահարել դժվարությունները, համավարակի հետեւանքները:
– Զբոսաշրջիկների համար Մատենադարան-Գանձասարը նորություններ ունենալո՞ւ է։
– Անշուշտ։ Ամեն տարի մենք, այսպես ասած, թարմացնում ենք ցուցադրությունը, կազմակերպում ժամանակավոր ցուցադրություններ։ Նախատեսում ենք առաջիկայում ցուցադրության մեջ ներառել նոր արխիվային արժեքավոր փաստաթղթեր։
– 2020 թվականի ընթացքում ծրագրեր հասցրեցի՞ք իրականացնել։
– Համավարակը խոչընդոտեց մի շարք ծրագրերի իրականացմանը, տարվա մեծ մասը աշխատանքը կաթվածահար էր եղել. չեղարկվեց այս տարվա մեր կրթական խոշոր ծրագիրը։ «Ծաղկելու արվեստը» մանկապատանեկան մանրանկարչական ամառային դպրոցը, որը պետք է տեղի ունենար հուլիս-օգոստոս ամիսներին, պետք է ընդգրկեր շուրջ հարյուր 11-16 տարեկան շնորհալի երեխաների ու պատանիների, կանցկացնենք հաջորդ տարի՝ 2021 թվականին. իհարկե, եթե համավարակը նոր բարդություններ չառաջացնի։ Այնուամենայնիվ, ինչպես արդեն նշեցի, ժամանակավոր նոր ցուցադրություն ունենք, արժեքավոր հրատարակության շնորհանդես ենք նախատեսում անցկացնել, թվային հարթակում աշխատանքներն ամենօրյա բնույթ են կրում։
Հարցազրույցը`
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ
Արցախ
Հարցազրույցն արվել է Արցախում իրավիճակի սրացումից առաջ:
«Առավոտ» օրաթերթ
30.09.2020