«Երբևէ վարձկանները որևէ երկրի դեռ օգուտ չեն տվել: Դա պիտի հասկանա նաև Ադրբեջանի ժողովուրդը»,- հարցին՝ ինչպե՞ս կարձագանքի այն փաստին, որ ՌԴ ԱԳ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով անհապաղ դուրս բերել վարձկաններին ու ահաբեկիչներին տարածաշրջանից, «Արցախ» տեղեկատվական շտաբում հրավիրված ասուլիսին այսպես պատասխանեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նա ասաց, որ այդ հարցի ճիշտ պատասխանը իննսունականներին տվել է Շամիլ Բասաևը՝ չեչենական դաշտային հրամանատարը, որ սա մեր պատերազմը չէ, և իրականում Շամիլ Բասաևը շատ ծանր կորուստներ է կրել հենց արցախյան հատվածում:
Արայիկ Հարությունյանի կարծիքով՝ այդ նույն վարձկանները փորձանք են դառնալու Ադրբեջանի ժողովրդի համար:
Փաստմանը՝ ՀՀ-ն քննարկում է Արցախի անկախության ճանաչման հարցը և հարցին՝ ի՞նչ եք Դուք մտածում, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Բոլոր հարցերը քաղաքական՝ հետագա մեր հարաբերությունների և ընդհանուր առմամբ մեր քաղաքական օրակարգի հետ կապված ընթացքում են, և որոշումը լինելու է այնպիսին, որ ապագայում քաղաքական դաշտում միջազգային հանրության կողմից Արցախի ճանաչման հարցում՝ ինքնորոշման իրավունքի իրացման առումով մենք խնդիրներ չունենանք»:
Կարդացեք նաև
Հարցին՝ ի՞նչ տեսակի պատերազմի պիտի պատրաստ լինել՝ երկարաժամկե՞տ, թե՞ ավելի կարճ ժամանակահատվածի համար, ԱՀ նախագահը պատասխանեց. «Մենք պետք է պատրաստ լինենք ընդհանուր առմամբ երկարատև պատերազմի: Եթե մենք դրան պատրաստ չլինենք, մենք խնդիրներ կունենանք արդեն իրացնելու մեր կարևոր խնդիրն այս երկրում՝ ապրելու իրավունքի խնդիրը»:
Իսկ թե ի՞նչ խնդիր է իր առաջ դրել Արցախի ՊԲ-ն, Արայիկ Հարությունյանն այս առիթով ասաց. «Մեր ՊԲ-ի վարքագիծն է պարտադրել խաղաղություն հակառակորդին»:
Հարցին՝ ի՞նչ ազդակներ ենք ստանում Իրանից, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Բացի մի քանի սովորական հայտարարություններից ուրիշ ոչ մի կոնկրետ քայլ չենք տեսել: Բայց ուզում եմ հայտարարել, որ այս պատերազմի հասցեատերերից մեկը հենց Իրանն է, քանի որ այն ուղղված է նաև Իրանի դեմ:Մենք գիտենք՝ տարածաշրջանում ինչպիսի խնդիրներ կան կապված մանավանդ հյուսիսային Իրանի հետ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ