«Դիրքերի շոշափելի փոփոխություններ տեղի չեն ունեցել»,- քիչ առաջ մամուլի ասուլիսին հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նա մանրամասնեց. «Ընթացել են ակտիվ լայնածավալ մարտական գործողություններ Օմարից մինչև Արաքս՝ հիմնականում Օմարում, Մռավի լեռնաշղթայում: Շարունակությունը հյուսիսային թևում՝ «Եղնիկներում», Մատաղիսում, ոչ շատ ակտիվ կենտրոնական արևելյան ուղղությունում, շատ ակտիվ հարավ արևելյան ուղղություններում՝ Արաքսի հովտում և Ֆիզուլիի ուղղությամբ:
Արայիկ Հարությունյանը հայտարարեց՝ երկու կողմերն էլ ունեցել են կորուստներ, բայց հակառակորդը մի քանի անգամ ավելին, ինչպես միշտ եղել է: Խոսելով Ադրբեջանի ղեկավարության մասին՝ Արայիկ Հարությունյանն ասաց. «Ես զարմանում եմ Ադրբեջանի իշխանության մարդկային որակների առումով, քանի որ հարյուրավոր դիակներ թողած առաջնագծում՝ շատ անտարբեր են իրենց երկրի զավակների ճակատագրի առումով. սա ամենամեծ ոչ մարդկային, բարբարոսի կերպար է, որը մենք տեսնում ենք: Ունենք բազմաթիվ փաստեր, որ մարտական գործողությունները սկսելու առումով վաղուց էին պլանավորել»:
Արայիկ Հարությունյանը տեղական լրատվամիջոցների համար ասաց. «Ուզում եմ մեր տեղական լրատվամիջոցներին դիմելով նշել, որ ես իմ 100 օրվա հաշվետվության ժամանակ շեշտել եմ անվտանգության խնդիրները, բայց նրանք պատվերով, վճարի դիմաց փորձել են կերպարի նկատմամբ բացասական ֆոն ստեղծել: Կբացահայտեմ և′ պատվիրատուներին, և′ նպատակը: Ազգը կիմանա դավաճաններին»:
Կարդացեք նաև
Թուրքիայի մասնակցության մասին ասաց. «Թուրքիայի մասնակցությունն այսօր պատահականություն չէ, մի քանի ամիսների կամ տարիների ընթացքում չի ձևավորվել: Մենք հնարավորություն կունենանք հետագայում ավելի մանրամասնորեն ներկայացնել պանթուրքիզմի ճանապարհային քարտեզն առաջիկա ժամանակահատվածում: Այնուհետև վստահեցրեց՝ հիասթափվելու են, չի ստացվելու դա ու նշեց պատճառները. «Թուրքիայի մոտ չի ստացվելու, որովհետև ունենք հերոսական ժողովուրդ, հերոսական երիտասարդություն, որոնք պատրաստ են կյանքի գնով պաշտպանել հող հայրենիքը: Ունենք տասնութ տարեկան երիտասարդ, որը հասցրել է արդեն խոցել հակառակորդի ինը զրահատեխնիկա և այսօր շարունակում է իր ծառայությունը մեր երկրին, մեր հայրենիքում, որովհետև ունենք արցախյան գոյապայքարի մասնակից, արցախյան առաջին պատերազմի մասնակից, ապրիլյան պատերազմի մասնակից մեր մարտական ընկերներ, որոնք երկու օրվա մեջ կարողացել են հակառակորդի երեք հատ տեխնիկա առգրավել և այսօր օգտագործել հակառակորդի դեմ, որովհետև ունենք հայրենակից, որը վերցնելով նռնակները նետվել է թշնամու խրամատը, օգտագործել իր ամբողջ հնարավորությունները, վնաս հասցրել մեր հակառակորդին և վերջում պայթեցրել իրեն թշնամիների հետ միասին, որովհետև ունենք հայրենակից, որը ժամերի ընթացքում թողել է եվրոպական իր հաճելի կյանքն ու ունեցվածքը և այսօր գտնվում է առաջնագծում, որովհետև մենք վարձկաններ չենք փնտրում այլ երկրներում և այդ նույն վարձկանները մեր գլխին պատուհաս չենք սարքում ժամանակի ընթացքում: Արցախն իր պատմության մեջ երբևէ չի գրավվել ու չի գրավվելու»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ