Սիրելի՛ հայրենակիցնե՛ր,
Մեր քաջարի զինվորնե՛ր,
Այլևս ավելի քան ակնհայտ է, որ Արցախի և Ադրբեջանի սահմանի ողջ երկայնքով գործ ունենք ոչ միայն ադրբեջանական, այլև ադրբեջանաթրքական լայնածավալ հարձակման և սանձարձակ ագրեսիայի հետ:
Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, ՄԱԿ-ին, ՀԱՊԿ-ին, ՆԱՏՕ-ին(որի անդամն է Թուրքիան), քաղաքակիրթ ողջ աշխարհին և բոլոր նրանց, ում համար կարևոր է տարածաշրջանի կայունությունը և խաղաղ բնակչության ապրելու իրավունքը, հերթապահ և անհասցե հայտարարություններից անցնել հստակ և կանխարգելիչ գործողությունների և զսպել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին սանձազերծված լայնածավալ և նախապես պլանավորված պատերազմական գործողությունները, քանզի աներկբա է, որ այդ գործողությունները հաշված ժամերի ընթացքում կարող են վտանգել ողջ տարածաշրջանի առանց այն էլ փխրուն կայունությունը՝ այն վերածելով ռազմական գործողությունների ամենաթեժ կետի:
Կարդացեք նաև
Սա ոչ թե Հայաստանի և Արցախի խնդիրն է, այլև ողջ քաղաքակիրթ աշխարհի, այս իրավիճակը չափազանց վտանգավոր մարտահրավեր է ողջ տարածաշրջանի և քաղաքակիրթ աշխարհի համար, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով:
Այս վճռորոշ պահին, մենք բոլորս ունենք մեկ անուն և ազգանուն, չկան ջրբաժաններ, աջեր և ձախեր, սա պայքար է հանուն խաղաղ ապրելու և արարելու իրավունքի, այս պատերազմը չի կարող լինել միայն մերը, քանզի սա պատերազմ է հանուն արդարության, հանուն ապրելու իրավունքի և հանուն քաղաքակիրթ և խաղաղ գոյակցության: Այս պատերազմում ջրբաժանը մեկն է՝ քաղաքակիրթ աշխարհի և ագրեսորների միջև, և ողջ քաղաքակիրթ աշխարհը պարտավոր է համախմբվել սանձարձակ ագրեսորի դեմ՝ հանուն արդարության և հանուն քաղաքակիրթ աշխարհի համընդհանուր շահերի և ժամ առաջ կանգնեցնելու մարդասպան պատերազմը:
Փա՛ռք ու պատի՛վ հանուն խաղաղության և ապրելու իրավունքի համար պայքարող մեր մարտիկներին,
Հավերժ փա՛ռք հանուն ազատության իրենց կյանքը զոհված հերոսներին:
Ազատ Դեմոկրատներ կուսակցություն