ԲՀԿ խմբակցության պատգամավորները Վարդենիսում էին: Aravot.am-ը զրուցեց խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ: Նա տեղեկացրեց, որ այնտեղ հարաբերական խաղաղ է. «Համենայնդեպս, երեկվա նման չեն ռմբակոծում»:
Աբովյանը տեղեկացրեց, որ մարդկանց մարտական ոգին այնքան բարձր է. «Երբ նայում ես սահմանամերձ գոտում ապրող մարդկանց՝ խիզախության, արիության, քաջության, հայրենասիրության իրական պատկերն ես տեսնում: Մարդիկ նույնիսկ իրենց անչափահաս երեխաներին չեն հանում ռմբակոծվող գյուղերից՝ համարելով դա դավաճանություն: Ամպագոռգոռ բառեր չեմ ուզում ասել, բայց հավատացեք, աչքերս լցվել էր: Շատ բան չեմ կարող պատմել, սիրտս տրաքում է»:
Արման Աբովյանը ԱԺ ամբիոնից կոչ էր արել ազգային փոքրամասնություններին, որ չմասնակցեն այս պատերազմին՝ ընդդեմ հայերի: Այդ կոչից հետո նա Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնություններից ստացել է բազմաթիվ նամակներ: Թե ինչ են հայտնել նամակով՝ Արման Աբովյանը պատասխանեց.
«Ասում են, որ իրենք համաձայն են այն թեզի հետ, որ իրականում իմաստ չկա, որ պայքարեն հանուն ալիեւյան ազգային լափամանի, որովհետեւ իրականում այնտեղ ազգային փոքրամասնությունների հետ իրավիճակը բավականին ծանր է: Դա բնական է, ֆաշիստական երկիր է: Իրենք համաձայն են, որ այս պատերազմն իրենց պատերազմը չի:
Կարդացեք նաև
Դրա հետ մեկտեղ շատ մտահոգված էին՝ իսկ ինչ կլինի այն զինվորների եւ սպաների հետ, որոնք արդեն իսկ զորակոչված են Ադրբեջանում: Ես կրկին անգամ վերահաստատեցի, որ կոչ եմ անում, որ իրենք անցնեն հայկական կողմ ու հայկական կողմը, համաձայն բոլոր միջազգային հումանիտար նորմերի, կապահովի իրենց անվտանգությունը, բուժօգնությունը, միջազգային կառույցների հետ կապը ու ես անձնական երաշխավորություն էի տվել: Իրականում իրենք հուզվում են, բայց մի կողմից էլ վախենում են, որովհետեւ այնտեղ 30 տարի պրոպագանդա է աշխատել ու մեզ ներկայացրել, թե մենք դաժան ենք, բոլորին սպանում ենք եւ այլն: Հիմա կարելի է փաստել, որ այդ սառույցը մեզ հաջողվեց կոտրել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ