ԲՀԿ խմբակցության քարտուղար, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Արման Աբովյանը միջազգային հանրությունից արձագանքները գոհացուցիչ չեն համարում:
Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ ի՞նչ քայլեր եք անձամբ Դուք ձեռնարկել՝ որպես հանձնաժողովի անդամ՝ Արման Աբովյանը պատասխանեց. «Ես մշտական կապի մեջ եմ մեր միջազգային գործընկերների հետ, մասնավորապես՝ ՌԴ-ի, Լեհաստանի: Շատ ակտիվ կապի մեջ եմ Իսրայելում մեր գործընկերների հետ, ընդ որում, ոչ միայն պատգամավորների, այլ նաեւ մարդկանց, որոնք հանրային կարծիք են այնտեղ ձեւավորում: Մինչեւ կիրակի օրը Իսրայելից կժամանի բավականին լուրջ լրատվական խումբ: Մենք գիտենք, որ այնտեղ բավականին ակտիվ է ադրբեջանական քարոզչամեքենան ու տեղեկատվությունը բալանսավորելու, միջազգային հանրությանը ճիշտ ինֆորմացիա մատուցելու անհրաժեշտություն կա»:
Արման Աբովյանն ասաց, որ իրենց խմբակցության պատգամավորները՝ Նաիրա Զոհրաբյանը, Շաքե Իսայանը, Իվետա Տոնոյանը, Միքայել Մելքումյանը եւ մյուսները եւս ակտիվ աշխատում են՝ միջազգային գործընկերներին ճիշտ տեղեկատվություն հասցնելու ուղղությամբ:
Հարցին՝ այսօր տեղեկացանք, որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը խստորեն դատապարտում է ուժի գործադրումը եւ ցավում խաղաղ բնակչության շրջանում զոհերի համար: Ընդամենը: Ճիշտ նման ձեւակերպումներով հայտարարություն տարածեցին հուլիսյան դեպքերի ժամանակ, այլ սրացումների ժամանակ, անգամ բառախումբը չի փոխվել, գոհացուցի՞չ է սա՝ Արման Աբովյանը պատասխանեց. «Միանգամայն համաձայն եմ, որ միջազգային հանրության արձագանքը բավարար չէ: Մեր հիմնական աշխատանքի ուղղություններից մեկն այն է, որ միջազգային հանրությունը, միջազգային կառույցները, պետությունները հստակ մատնանշեն ագրեսորին: Մինչ օրս հստակ մատնանշում եղել է Կիպրոսի կողմից: Բալանսավորված դեպի կոշտացում ադրբեջանցիների եւ թուրքերի հանդեպ հանդես է գալիս ՌԴ-ն, հետաքրքիր գործընթացներ կան ԱՄՆ-ի ուղղությամբ: Աշխատանքներ տարվում են: Ես եւ մեր խմբակցության պատգամավորները լոկ նամակագրությամբ չենք զբաղվում, ակտիվ աշխատանք է տարվում, մենք խոսում ենք, բանակցում ենք հեռախոսով կլինի, zoom-ով կլինի՝ մեր գործընկերների հետ: Ես այսօր կապ եմ ունեցել Լեհաստանի, Իսրայելի հետ, հասցրել եմ միայն մի միտք՝ եթե դուք հստակ չեք նշում ագրեսորին, որ նա խուժան մարդասպան է, առաջինը դուք դրանով մեզ եք հավասարեցնում իրենց, ինչն անթույլատրելի է, երկրորդը՝ ադրբեջանական կողմին անպատժելիության եք մղում: Կարծում եմ, ճիշտ ընկալումը կա»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ