«Ո՛չ թուրքական ապրանքներին»․ Հայաստանում կրկին թուրքական արտադրության ապարանքները բոյկոտելու կոչեր են սկսվել։ Մարդիկ նշում են՝ սպառելով թուրքական ապրանքներ՝ Թուրքիայի բյուջեի մուտքերն ենք ավելացնում, իսկ այս երկիրն այդ գումարներով Հայաստանի դեմ է կռվում։
Այս օրերին թուրքական ապրանքների վաճառքից հրաժարվելու մասին հայտարարություններ են տարածել «Երեւան սիթի» եւ «Նոր Զովք» առեւտրային ցանցերը։
Գործարար Վահրամ Միրաքյանն Aravot.am-ի հետ զրույցում ասում է․«Միանշանակ է եւ բնական հրաժարվելը թուրքական ապրանքների սպառումից, բայց դա պետք է լինի կազմակերպված, համակարգված, ճիշտ մշակված ռազմավարության արդյունք, իսկ չհրաժարվելը պետական մակարդակով ինքնասիրության հարց է»։
Կարդացեք նաև
Սակայն արդյոք հիմա պետք է նման կտրուկ քայլեր անել։ Գործարարը հիշեցնում է՝թուրքական ապրանքը բոյկոտելու կոչերը նոր չեն, ամեն նման իրավիճակում այսպիսի կոչերն ակտիվանում են, հետո հանդարտվում, ու էլի սկսում են «հաճույքով» օգտագործել թուրքական ապրանքներ, եւ այդպես եղավ այս ամռանը, այդպես եղել է 2016-ին՝ ապրիլյան պատերազմի օրերին։
«Այսպես է լինում, որովհետեւ համակարգային մոտեցում չի դրսեւորվում, թուրքական ապրանքի ներմուծման հիման վրա տասնյակ հազարավոր տնտեսավարողներ են գոյատեւում, աշխատավարձեր են տալիս, հարկեր վճարում ՀՀ-ում։ ՓՄՁ-ի մեծ մասը, մոտ 60 հազար, կենտրոնացած է շուկաներում, վերավաճառում են թուրքական եւ չինական ապրանք, բայց հիմնականում թուրքական։ Հիմա, եթե ասում ենք՝ բոյկոտում ենք թուրքական ապրանքը, դա նշանակում է, որ այդ տնտեսվարողները, որոնք թուրքական ապրանքի վերավաճառմամբ են զբաղվում, սնանկանալու են։ Իսկ մենք ուզո՞ւմ ենք դրան գնալ, թե՞ չենք ուզում»,-ասում է Վահրամ Միրաքյանը։ Իսկ եթե ուզում ենք գնալ նման քայլի՝ կտրուկ համատարած հրաժարում թուրքական ապրանքներից, դա մեր տնտեսությանն ու բյուջեին է վնաս հասցնելու, եթե այդ տնտեսվարողները կորուստներ կրեն, փակվեն, կնշանակի աշխատատեղեր են փակվելու, հարկեր չեն վճարելու։ «Երբ երկարաժամկետ լուծում չի առաջարկվում, հուզական ալիք է լինում, թուրքական ընկերություններն ասենք՝ մի քանի ամիս վնաս կկրեն, հետո նորից առեւտուր կլինի, կսկսենք սպառել , որովհետեւ այլընտրանք չկա»,-ասում է գործարարը։
Ի՞նչ պետք է անել, ո՞րն է այլընտրանքը։ Պարոն Միրաքյանը նշում է՝ այլընտրանքի համար պետք է ռազմավարական մոտեցում լինի, օրինակ՝ կառավարության մակարդակով ներմուծված թուրքական ապրանքների ցանկն ուսումնասիրել, պարզել, թե որն է առաջին տեղ, ենթադրենք՝ հագուստ, հասկանալ, թե ինչպես պետք է անենք, որ կարողանանք հագուստը փոխարինել տեղականով կամ չինականով, որքան ժամանակ է հարկավոր, ապա ռազմավարություն մշակել կոնկրետ սահմանած ժամանակահատվածով․«Եւ ապա հայտարարել՝ վեց ամսում կամ մեկ տարում տեղափոխվում ենք չինական նման ապրանքների սպառմանը։ Կամ ասենք հիգիենայի թղթե պարագաները, մենք ունենք դրան այլընտրանք, տեղական շատ բարձր որակի նման ապրանք ունենք։ Ուրեմն հայտարարվում է՝ բոլորս սպառում ենք տեղականը։ Կամ ասենք հայտարարում են՝ արգելվում է թուրքականի սպառումն ու իրացումը, սակայն այսպիսի շոկային մոտեցմամբ հարկ վճարողներին կվնասեն, ուստի ժամանակ է հարկավոր եւ անհատական մոտեցում։ Այս հարցը պետական մակարդակով պետք է լուծվի, հակառակ դեպքում, բոյկոտի ալիքը երկար չի տեւի, երբ ամեն ինչ խաղաղվի, կրկին մարդիկ վերադառնալու են թուրքականին»։
Թուրքիայի եւ ՀՀ –ի միջեւ առեւատրաշրջանառության տեսակարար կշռում գերիշխում է Թուրքիայից Հայաստան ներմուծումը։ Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների, 2019 թվականին այդ երկրից Հայաստան ներմուծումը կազմել է ըստ ապրանքի ծագման երկրի ( այսինքն հենց թուրքական արտադրության ապրանք) 268 միլիոն դոլար, իսկ ըստ արտահանող երկրի, մոտ 150 միլիոն դոլար։ Անցյալ տարի Հայաստանից Թուրքիա արտահանումը կազմել է ընդամենը 2, 2 միլիոն դոլար։ Իսկ 2018-ին Թուրքիայից Հայաստան ներմուծվել է ըստ ապրանքի ծագման երկրի 252 միլիոն դոլար, իսկ մեր երկրից Թուրքիա արտահանումը կազմել է 2 ,5 միլիոն դոլար։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ