Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախյան հակամարտության լուսաբանումը իտալական մամուլում

Սեպտեմբեր 30,2020 20:57

Վերջին օրերին Արցախի հակամարտության սրացման առնչությամբ Իտալիայի Արտաքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 27–ին տարածել էր հայտարարություն, որում իր անհանգստությունն էր հայտնում երկու երկրների շփման գծի երկայնքով տեղի ունեցող բախումների առնչությամբ և երկու կողմերին կոչ էր անում անհապաղ դադարեցնել բռնությունները և ամեն ջանք գործադրել կանխելու համար հետագա սրացման ռիսկերը՝ մասնավորապես ԵԱՀԿ հովանու ներքո:

Նկատելի է, որ հակամարտության սրացումը և ներկայիս զարգացումները պարբերաբար լուսաբանվում են իտալական մամուլի կողմից: Խնդրին անդրադառնում են մի շարք գլխավոր պարբերականներ, այդ թվում  La Repubblica, Il Corriere della Sera, Il fatto Quotidiano, Il Manifesto, Il Messaggero, La Stampa թերթերը: Նկատելի է, որ հոդվածների մեծ մասին բնորոշ է կամ բացարձակ չեզոք մոտեցումը, կամ որոշակի ընդգծված ադրբեջանամետ քաղաքականությունը:

Գրեթե բոլոր հոդվածներում Արցախը համարվում է Ադրբեջանի պատմական տարածք, իսկ արցախցիները ներկայացվում են որպես անջատողականներ: Բացի այդ հակամարտությունը դիտարկվում է առավել լայն՝ ռուս-թուրքական հակամարտության շրջանակներում՝ Ռուսաստանը ներկայացնելով որպես հայերի գլխավոր դաշնակից:

Իտալական մամուլի այս մոտեցումը հասկանալի է դառնում, երբ այն դիտարկում ենք ադրբեջանա-իտալական հարաբերությունների համատեքստում, որոնք առավել մեծ զարգացում են ապրել վերջին տարիներին:

Հատկանշական է, որ Ադրբեջանի համար Իտալիան համարվում է խիստ կարևոր գործընկեր Եվրոպայում: Նկատելի է, որ Իտալիայում Ադրբեջանի դեսպան Մամադ Ամաձադան իտալական լրատվամիջոցներին տված իր գրեթե բոլոր հարցազրույցներում ընդգծում է, որ Ադրբեջանն ու Իտալիան ռազմավարական գործընկերն են 360° համագործակցությամբ, որն ընդգրկում է քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտական ոլորտները:

Այս համատեքստում անհրաժեշտ է ընդգծել, որ 2013թ.-ից սկսած Բաքուն հանդիսանում է Իտալիա հասնող նավթի գլխավոր մատակարարը,  իսկ վերջինս՝ Ադրբեջանի թիվ մեկ առևտրային գործընկերը: Ի դեպ, մինչև տարվա ավարտը  ըստ նախատեսված ծրագրերի պետք է գործարկվի Հարավային գազային միջանցքի նախագիծը, որով էլ գազը Ադրբեջանից պետք է հասնի Իտալիայի հարավային Պուլիա շրջան: Նշենք, որ այս գազամուղի Վերադրիատիկ կոչվող հատվածի բաժնեմասերի 20%-ը պատկանում է իտալական Snam ընկերությանը:

Ինչ վերաբերում է Արցախյան հակամարտությանը և դրա հնարավոր հանգուցալուծմանը, Ադրբեջանը մեծ հույս է տածում Իտալիայի հնարավոր աջակցության հետ կապված: Սեպտեմբերի 28-ին AGI.it կայքին տված  հարցազրույցում Իտալիայում Ադրբեջանի դեսպանը վստահություն է հայտնել, որ Իտալիան կարող է մեծ ներդրում ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման մեջ՝ վերջինիս համարելով գերազանց ռազմավարական գործընկեր և միաժամանակ կոչ անելով միջազգային հանրությանը ըմբռնելու զոհի և ագրեսորի տարբերությունը:

Դեսպանը հիշեցրել է նաև, որ այս տարվա փետրվարին առաջին անգամ պաշտոնական այցով Իտալիա էր ժամանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Իտալիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ մի շարք հանդիպումների ընթացքում ստորագրվել է 22 համաձայնագիր, այդ թվում «Բազմակողմ ռազմավարական գործընկերության ամրապնդման շուրջ համատեղ հայտարարությունը», որն Իլհամ Ալիևը անվանել էր «չափազանց լուրջ և բազմաշերտ քաղաքական փաստաթուղթ, որը ներառում է մեր հարաբերությունների բոլոր ոլորտները և մատնանշում է մեր հետագա համագործակցության հիմնական առաջնահերթությունները»: Ի դեպ Ալիևի հետ հանդիպման ընթացքում Իտալիայի Արտաքին գործերի նախարար Դի Մաիոն համեմատել էր երկու երկրները՝ նշելով. «Իտալիան կամուրջ է հանդիսանում Միջերկրականում, այնպես ինչպես Ադրբեջանը՝ Եվրոպայի և Ասիայի միջև»:

Այս ամենին զուգընթաց անհրաժեշտ է նշել, որ բացի տնտեսական համագործակցությունից Ադրբեջանը Իտալիայի դերակատարումը տեսնում է ևս մեկ հարթությունում: Խոսքը գնում է Իտալիայի կազմում գտնվող, բայց ինքնավար կարգավիճակ ունեցող Տրենտինո Ալտո Ադիջե շրջանի մասին: Դեսպանը խաղարկում է այս փաստը՝  նշելով, որ Ադրբեջանը դիտարկում է այս ինքնավար մարզի օրինակը որպես ինքնիշխանության հետաքրքիր մոդել և այդ առումով Իտալիան կարող է առավել ներգրավված լինել Արցախյան հակամարտության խնդրում՝ ակնարկելով Իտալիայի՝ Ադրբեջանին աջակցելու նպատակահարմարությունը: Այս առումով Ադրբեջանը փորձում է ընդգծել, որ Իտալիան նույնպես ունի նմանօրինակ խնդիր՝ անտեսելով այն փաստը, որ այս երկու տարածքները ունեն պատմական բոլորովին տարբեր զարգացումներ:

Ադրբեջանի բարիդրացիական հարաբերությունները չեն սահմանափակվում միայն Իտալիայի կառավարության հետ համագործակցությամբ. Ադրբեջանը և Վատիկանը նույնպես ունեն ընդգծված զարգացող հարաբերություններ: Տարվա սկզբին Իտալիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում Ադրբեջանի նախագահը հանդիպում էր ունեցել նաև Հռոմի պապ Ֆրանսիսկոսի հետ, որի ընթացքում վերջինիս կողմից նրան շնորհվել էր խաղաղության շքանշան: Հատկանշական է, որ Ալիևի հիմնադրամը ֆինանսավորում է Իտալիայի մի շարք կրոնական և մշակութային հուշարձանների վերականգնման աշխատանքները:

Անի ՎԱՐԴԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930