Ջավախահայերի՝ Արցախին օգնության հերթական ակցիան այսօր տեղի ունեցավ Երեւանում: «Armenian Arm» հայրենասիրական հասարակական կազմակերպության հետ «Ջավախքը քեզ հետ է Արցախ» խորագրով հավաքին մասնակցում էին սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողություններից ի վեր հայրենիք վերադարձած մեծաթիվ ջավախահայեր:
«Հավաքագրել ենք մեծաքանակ ապրանք եւ ուղարկել սահման: Մեծ քանակության առաջին անհրաժեշտության պարենամթերքի մասին է խոսքը: Կազմակերպել են Ջավախքի հայերը՝ Արամ Սանոսյանի գլխավորությամբ եւ «Armenian Arm» կազմակերպության հետ համատեղ»,-Aravot.am-ին փոխանցեց «Armenian Arm» հայրենասիրական հասարակական կազմակերպության տնօրեն Բագրատ Հարությունյանը: «Օգնությունը տեղափոխելու եւ հավաքագրելու հետ կապված խնդիրներ չեն եղել, քանի որ Արամ Սանոսյանն իր բեռնատարներով Երեւանից բեռները տեղափոխել է Արցախ»:
Հավելենք, որ մեծաքանակ պարենամթերքն Արցախի իշխանություններին է փոխանցվել Արցախի գյուղատնտեսության նախարարության հետ գործակցաբար. ջավախահայերն առաջիկայում էլ կազմակերպելու են Արցախին օգնության հավաքագրման միջոցառումներ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ