Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների առնչությամբ նամակ է հղել Օմանի Սուլթանության սուլթան Հայթամ Բին Տարեկ Ալ Սայիդին:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ այս օրերին Ադրբեջանը նախաձեռնել է հերթական սադրիչ հարձակումն Արցախի Հանրապետության ուղղությամբ՝ թիրախավորելով նաև քաղաքացիական բնակչությանը: «Ցավոք, Ադրբեջանի կողմից պատերազմի հրահրումն Արցախի և Հայաստանի դեմ նոր երևույթ չէ. ավելի քան երեք տասնամյակ Ադրբեջանը փորձում է լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը ռազմական միջոցներով և արմատախիլ անել հայ բնակչությանը սեփական հայրենիքից»,- ընդգծել է Հանրապետության նախագահը:
Նա հիշեցրել է, որ նախորդ ամիսներին Ադրբեջանի ղեկավարությունը մշտապես բարձրաձայնել է իր մտադրությունը՝ լուծելու հակամարտությունը պատերազմի միջոցով:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է Օմանի սուլթանին՝ օգտագործելու միջազգային հարթակներում ունեցած կապերն ու հեղինակությունը, որպեսզի անհապաղ դադարեցվեն արյունահեղությունն ու մարդկային տառապանքները:
Կարդացեք նաև
«Հակամարտությունը կարող է և պետք է լուծվի միայն բանակցությունների միջոցով: Այն չունի ռազմական կարգավորում: Մենք ապացուցել ենք դա նախկինում և կապացուցենք կրկին»,- ասվում է նամակի եզրափակիչ հատվածում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ