Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք-ադրբեջանական ծրագրերը տապալվում են. Լայնածավալ պատերազմի չորրորդ օր

Սեպտեմբեր 30,2020 18:10

Սկիզբը՝ այստեղ

«Իր անվտանգությունը ՀՀ-ն պատրաստ է ապահովել թե՛ ՀԱՊԿ-ի մասնակցությամբ, թե՛ առանց»

Չորս օր է, ինչ Արցախը իրեն պարտադրված թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ պատերազմում շարունակում է հաջողությամբ հակառակորդին ծրագրերը տապալել:

Պաշտոնական Երեւանը միջազգային հանրությանն ու պատերազմ սանձազերծած Թուրքիային ու Ադրբեջանին որոշ ուղերձներ արդեն իսկ հղել է: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ ուշագրավ հայտարարություններ է արել. Հայաստանը քննարկում է ԼՂՀ անկախության ճանաչման հարցը, Արցախի ժողովուրդն ունի ազատ ինքնորոշման իրավունք, իսկ ողջ միջազգային հանրությունը պետք է ստիպի Թուրքիային դուրս գալ այս հակամարտությունից:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հնարավոր ներգրավմանը, ապա Փաշինյանի ուղերձները հետեւյալն էին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի քննարկել ԼՂ-ի հակամարտության մեջ Ռուսաստանի հնարավոր ներգրավման հարցը: Հաջորդը՝ ինտենսիվ ռազմական գործողությունների ժամանակ տեղին չէ խոսել Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան վեհաժողովի մասին, եւ բանակցությունների համար պետք է համապատասխան մթնոլորտ ու պայմաններ:

Փաշինյանը նաեւ արձանագրել է, որ Հայաստանը դեռ մտադիր չէ դիմել ՀԱՊԿ-ին ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, սակայն նաեւ հավելել է՝ որոշակի իրավիճակներում ՌԴ բազայի պոտենցիալը պետք է օգտագործվի: Ռուսաստանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում նա ասել է. «ՀԱՊԿ մասնակցությունը քաղաքական հարց է։ Մենք սերտորեն համագործակցում ենք կազմակերպության մեր գործընկերների հետ, տեղեկացնում ենք նրանց ստեղծված կացության մասին։ Իր անվտանգությունը, սակայն, Հայաստանը պատրաստ է ապահովել թե՛ ՀԱՊԿ-ի մասնակցությամբ, թե՛ առանց»:

Հիշենենք, որ դեռ պատերազմի բռնկման առաջին օրը Փաշինյանը ԱԺ-ի հատուկ նիստում ռազմական դրության մասին հայտարարելուց հետո՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին՝ արդյոք Հայաստանի օրակարգում կա՞ Արցախի անկախությունը ճանաչելու հարց, հայտարարեց. «Ուղիղ հարցին՝ կա՞ արդյոք մեր օրակարգում այդպիսի հարց, այո, ինչպես եղել է մեր օրակարգում այդպիսի հարց, այնպես էլ մեր օրակարգում կա այդպիսի հարց: Երկրորդ հարցը՝ մենք գնո՞ւմ ենք այդ քայլին, թե՞ չենք գնում, մենք նաեւ Ձեր հարցից հետո հրապարակային, այո, պետք է այդ հարցը շատ լրջորեն քննարկենք»:

Սեպտեմբերի 30-ի դրությամբ տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին երկրորդ հեռախոսազանգը: Մոսկվան շարունակում է չեզոք դիրքում հանդես գալ՝ «բալանսավորված» հայտարարություններով, սահմանափակվելով կրակը դադարեցնելու կոչերով: Փաշինյան-Պուտին հեռախոսազանգի ընթացքում Փաշինյանը մանրամասն անդրադարձել է Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետեւանքով տեղի ունեցող զարգացումներին: «ՌԴ նախագահը խոր մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ եւ կարեւորել հրադադարի ռեժիմի պահպանումն ու ապաէսկալացիայի ուղղությամբ քայլերի իրականացումը», ասվում է հաղորդագրությունում:

Կրեմլը համաձայն չէ Թուրքիայից հնչող հայտարարությունների հետ

Արցախում լայնածավալ պատերազմի չորրորդ օրը միայն Մոսկվան հստակ անդրադարձավ Թուրքիայի մասնակցության հարցին: «Ռուսաստանը շարունակում է տարածաշրջանի պետություններին զսպվածության կոչ անել», – նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Մեր զինվորականները շատ ուշադիր հետեւում են շփման գծում իրավիճակի զարգացմանը, որտեղ շարունակվում են մարտական գործողությունները։ Ամբողջ ինֆորմացիան մանրամասն վերլուծում ենք, ֆիքսում ենք միջազգային բոլոր հայտարարությունները, որոնք արվում են ամենաբարձր եւ բարձր մակարդակով աշխարհի տարբեր երկրներից»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Մոսկվան տեղեկություններ ունի Լեռնային Ղարաբաղում կատարվող իրադարձություններում Թուրքիայի ներգրավվածության մասին։ Պեսկովը նշել է, որ Մոսկվան հավանություն չի տալիս Ադրբեջանին պաշտպանելու մասին Թուրքիայի հայտարարություններին։ «Անխոս, նման հայտարարությունները մենք չենք պաշտպանում, մենք համաձայն չենք դրանց հետ»,- ասել է Պեսկովը՝ հավելելով, որ իրենք նախկինի պես կոչ են անում տարածաշրջանային երկրներին՝ «կրակին յուղ չլցնել»։

ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող մյուս երկրի՝ Ֆրանսիայի նախագահը բավական ակտիվ է: Էմանյուել Մակրոնը քննադատել է Թուրքիայի պահվածքը Լեռնային Ղարաբաղում ծավալված պատերազմական գործողություններում՝ նշելով, որ Անկարայի «ռազմաշունչ» հռետորաբանությունը խրախուսում է Ադրբեջանին վերագրավել Լեռնային Ղարաբաղը։ «Ես լսում եմ Թուրքիայի քաղաքական հայտարարությունները, ինչն, ըստ իս, անխոհեմ է եւ վտանգավոր», նկատել է Ֆրանսիայի նախագահը՝ հավելելով, որ Անկարայի նման պահվածքն անընդունելի է։ Լատվիայի մայրաքաղաքում կայացած ասուլիսում Մակրոնը հայտնել է, որ պատրաստվում է Լեռնային Ղարաբաղում ստեղծված կացությունը հեռախոսով քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Թուրքիայի մասնակցության խնդիրը

Հայաստանը խստորեն դատապարտում է Թուրքիայի սադրիչ գործողությունները: Մի քանի օր է, ինչ պաշտոնական Երեւանը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում ընդդեմ Արցախի սանձազերծած պատերազմում Թուրքիայի ակտիվ մասնակցությանը:

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել, որում խստորեն դատապարտում է Թուրքիայի սադրիչ գործողությունները եւ պահանջում թուրքական զինուժի, ներառյալ՝ օդուժի անհապաղ դուրսբերումը ղարաբաղյան հակամարտության գոտուց: «Սեպտեմբերի 29-ի առավոտյան, Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից խոցվել է ՀՀ տարածքում գտնվող ռազմական եւ քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով ՀՀ օդային տարածքում՝ Վարդենիսի շրջանում, մարտական խնդիրները կատարող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Զոհվել է ՀՀ ԶՈՒ օդաչու մայոր Վալերի Դանելինը», արձանագրեց ՀՀ ԱԳՆ-ն՝ շեշտելով. – «Սա թուրքական օդուժի առաջին սադրանքը չէ: Ադրբեջանում հայտնվելուց ի վեր թուրքական օդուժը սադրիչ թռիչքներ է իրականացնում Արցախի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծի երկայնքով, իսկ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի ընթացքում փաստացիորեն Ադրբեջանի բանակի հարձակվող զինված ստորաբաժանումներին օդային աջակցություն է ցուցաբերում»: «Հարկ է նշել, որ թուրքական սադրիչ թռիչքներ են իրականացվում նաեւ հայ-թուրքական սահմանի երկայնքով՝ առանձին դեպքերում հատելով եւ խախտելով Հայաստանի օդային տարածքը: Հայ-ադրբեջանական սահմանի նույն հատվածում սեպտեմբերի 27-ին թուրքական F-16 ինքնաթիռը խախտել է Հայաստանի օդային սահմանը եւ հրթիռներ արձակել Վարդենիսի շրջանի ուղղությամբ», – ասվում էր ԱԳՆ-ի հայտարարությունում:

Այնուհետեւ նշվում է, որ թուրքական զինուժի այս սադրիչ գործողությունները լրջորեն վտանգում են տարածաշրջանային անվտանգությունը եւ խոչընդոտում են մարտական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը: «Միջազգային հանրությունը կոչ է արել արտատարածաշրջանային ուժերին ձեռնպահ մնալ հակամարտությունը բորբոքելու քայլերից, եւ Թուրքիան պետք է անսա այս կոչերին», – ասված է հայտարարությունում:

Պաշտոնական Երեւանի հայտարարություններին ի պատասխան պաշտոնական Անկարան շարունակում է բացահայտ աջակցություն հայտնել Ադրբեջանին, շեշտելով, որ Ադրբեջանի կողքին են՝ «թե ռազմի դաշտում, թե բանակցություններում»: Թուրքիայի նախագահի ու արտգործնախարարի վերջին օրերի հայտարարությունները բացառապես այս ուղերձներն են պարունակում:

ԱՄՆ պետքարտուղարը հորդորում է դադարեցնել ռազմական գործողությունները

Սեպտեմբերի 29-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն Հայաստանին եւ Ադրբեջանին հորդորել է դադարեցնել ռազմական գործողությունները: Կրետե կատարած այցի ժամանակ Պոմպեոն նշել է, որ ավելի վաղ քննարկել է բախումները Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ. «Արտգործնախարարը եւ ես անդրադարձել ենք ԼՂ-ի հակամարտությունը, որում երկու կողմերն էլ պետք է դադարեցնեն բռնությունը եւ աշխատեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, եւ հնարավորինս արագ վերադառնան առարկայական բանակցությունների»:

Իսկ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Էլիոթ Էնգելը հայտարարել է, որ Թուրքիան տապալում է ԼՂ-ի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը եւ ավելի է սրում իրավիճակը. «ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ չպիտի աչք փակի Թուրքիայի կողմից խաղաղ բանակցային գործընթացը տապալելու փաստի վրա։ Առանց այդ էլ իրավիճակը կտրուկ սրացման է գնում»,- ասված է գրավոր հայտարարության մեջ, որը տարածել է դեմոկրատ պատգամավորը։ Նրա գնահատականներով՝ Ղարաբաղի շուրջ իրավիճակին արտաքին գործող անձանց, ինչպիսին Թուրքիայի անխոհեմ ազդեցությունն է, տագնապալի է։

Իր հերթին ԱՄՆ նախկին փոխնախագահ, առաջիկա նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը հանդես է եկել հստակ ուղերձով՝ Թուրքիայի ներգրավվածության առնչությամբ: «Հաշվի առնելով Ղարաբաղում եւ շրջակա տարածքներում արագորեն աճող կորուստները, Թրամփի վարչակազմը պետք է կոչ անի Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին անհապաղ դադարեցնել այս էսկալացիան», – Թվիթերի իր էջում գրել է Բայդենը, հավելելով՝ Սպիտակ տունը նաեւ պետք է Թուրքիայից պահանջի հեռու մնալ այս հակամարտությունից: Ուղիղ տեքստով հիշատակելով Թուրքիային՝ ԱՄՆ նախագահի թեկնածուն տարածել է նաեւ Reuters-ի հաղորդագրությունը, որտեղ գործակալությունը պատմել էր` ինչպես է Թուրքիայի նախագահ Էրդողանը սպառնում Հայաստանին ու պնդում, թե եկել է ղարաբաղյան հակամարտությանը վերջ դնելու ժամանակը:

Նշենք նաեւ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մոտ 30-ամյա ընդմիջումից հետո դարձյալ անդրադարձավ ղարաբաղյան հակամարտությանը՝ խստորեն դատապարտելով վերսկսված ռազմական գործողությունները, որոնք սպառնում են վերածվել լայնածավալ պատերազմի: Սեպտեմբերի 29-ին Նյու Յորքում փակ դռների ետեւում անցկացրած քննարկումներից հետո կառույցի անդամ 15 պետությունները կոչ արեցին կողմերին անմիջապես դադարեցնել բախումները եւ անհապաղ վերսկսել բովանդակային բանակցությունները` առանց որեւէ նախապայմանի:

Հավելենք նաեւ, որ սեպտեմբերի 30-ին Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ: Իրանի նախագահը մտահոգություն է հայտնել իր հարեւան երկու պետությունների միջեւ առկա լարվածությամբ եւ շարունակվող ռազմական գործողություններով: Փաշինյանն անդրադարձել է տարածաշրջանում տիրող իրավիճակին եւ զրուցակցի ուշադրությունը հրավիրել ռազմական գործողություններում Թուրքիայի անմիջական ներգրավվածության փաստի վրա եւ այդ մասին որոշ մանրամասներ ներկայացրել:

Իսկ Վրաստանի վարչապետը հայկական եւ ադրբեջանական կողմերին առաջարկել է հանդիպել Թբիլիսիում: «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հերթական ռազմական հակամարտության արդյունքում ստեղծվել է ծանր իրավիճակ, կան մեծ թվով զոհեր եւ, ցավոք, մարտական գործողությունների դադարեցումն ու երկխոսության վերսկսումը դեռեւս հնարավոր չի թվում։ Մենք բոլորս հասկանում ենք, որ իրավիճակի հետագա սրումը բացասական ազդեցություն կունենա ամբողջ տարածաշրջանի անվտանգության վրա։ Մենք եւս մեկ անգամ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահներին եւ միջազգային դերակատարներին կոչ ենք անում առավելագույնս ջանքեր գործադրել էսկալացիան դադարեցնելու եւ երկխոսության վերականգնման համար»,- հայտարարել է Գախարիան։ Նա նաեւ հավելել է, որ Վրաստանում ապրող հայերն ու ադրբեջանցիները միշտ կարեւոր դեր են խաղացել տարածաշրջանում ընդհանուր առմամբ, եւ նրանց խաղաղ գոյակցությունը լավ օրինակ է այն բանի, թե ինչպես կարող են վրացիները, հայերն ու ադրբեջանցիները Հարավային Կովկասը վերածել խաղաղության եւ զարգացման գոտու։ Գախարիան շեշտել է, որ պատրաստ է նպաստել այդ պրոցեսին, այդ թվում՝ կողմերի համար հանդիպում կազմակերպել Թբիլիսիում։

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930