Լրահոս
Օրվա լրահոսը

Դմիտրի Յաբլոնսկի. «Հնարավոր է՝ ինձ այլևս թույլ չտան մուտք գործել Ադրբեջան‚ քանի որ նրանց պատկերացմամբ՝ ես դավաճան եմ»

Սեպտեմբեր 30,2020 16:40

Սեպտեմբերի 24-ին Երևանում մեկնարկեց «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը‚ որը‚ սակայն‚ պատերազմական գործողությունները սկսելուն պես դադարեցվեց։ Փառատոնի հյուրերից էր «Գրեմմի» մրցանակի նոմինացված դիրիժոր‚ աշխարհում մեծ հռչակ վայելող երաժիշտ Դմիտրի Յաբլոնսկին‚ որի հետ զրույցում անդրադարձ եղավ նաև Ադրբեջանին։ Հարցազրույցը‚ որից մի հատված ներկայացնում ենք ստորև‚ կայացել էր մինչև Ադրբեջանի ագրեսիան։

-Մաեստրո‚ «Արմենիա» փառատոնի շրջանակում Դուք ղեկավարում էիք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Ձեր տպավորությունները նվագախմբից։

-Մարտ ամսին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն այցելել էր Իսրայել‚ որտեղ հրաշալի հանդես եկավ։ Արտակարգ մթնոլորտ էր։ Այստեղ երիտասարդ երաժիշտներ են‚ որոնք էությամբ շատ ազնիվ են։ Շատ հաճելի մարդիկ են‚ և ես նրանց ցանկանում եմ լուսավոր ապագա։ Նրանց մոտ այժմ էլ ամեն ինչ կարգին է‚ իսկ ապագայում‚ վստահ եմ‚ է՜լ ավելի լավ կլինի։ Հայաստանի համար նույնպես ամեն ինչ լավ կլինի. հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի հետ։

-Ի դեպ‚ Ադրբեջանի մասին։ Ձեր փառատոներից մեկն իրականացվում է Գաբալայում։

-Այս տարի չի անցկացվել համավարակի պատճառով։ Գիտեք՝ շատ ադրբեջանցիներ ուրախ չեն‚ որ ես այժմ Հայաստանում եմ։ Կարծում եմ՝ շատ հնարավոր է՝ նրանք այլևս ինձ թույլ չտան մուտք գործել Ադրբեջան‚ քանի որ նրանց պատկերացմամբ՝ ես դավաճան եմ։ Ես բնակվում եմ Իսրայելում‚ մեծացել եմ Մոսկվայում‚ ապրել եմ Նյու Յորքում‚ 25 տարի՝ Եվրոպայում։ Ինձ մոտ ազգայնամոլության ոչ մի նշույլ չկա։ Լինելով հրեա՝ մեկնում եմ Գերմանիա կամ լինելով ամերիկացի՝ այցելում եմ Ճապոնիա։ ԱՄՆ-ն և Ճապոնիան հաշտվել են նույնիսկ ատոմային ռմբակոծությունից հետո և այժմ սերտ հարաբերություններ ունեն։

Ես կուզենայի օգնել և ինչ-որ կերպ հաշտեցնել ձեզ։ Ես հրաշալի հայ և ադրբեջանցի ընկերներ ունեմ‚ որոնց հետ հավաքվում ենք Մոսկվայում։ Նրանց միջև ոչ մի լարվածություն չկա։ Նույն ինքնաթիռով Մոսկվայից թռչում ենք Լոս Անջելես։ Բայց քաղաքական առումով… Ես‚ ցավոք‚ չգիտեմ‚ թե ինչպես շտկել դա‚ ճիշտ այնպես‚ ինչպես լինելով հրեա և ապրելով Իսրայելում՝ չեմ կարող հարթել հարաբերությունները Պաղեստինի հետ։

Ի դեպ‚ Գաբալայում կազմակերպված փառատոնի շրջանակներում տարիներ առաջ հրավիրել էի Քշիշտոֆ Պենդերեցկուն‚ բայց Ադրբեջանի մշակույթի նախարարությունում ինձ ասացին‚ որ Պենդերեցկու տատիկը հայ է‚ և նա չի կարող ժամանել Ադրբեջան։ Ահա այսպիսի մակարդակ է։

Ելենա ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930