Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ Էստուկյանը` Պոլսո պատրիարքարանի մոտ ադրբեջանական դրոշներով ավտոերթի մասին

Սեպտեմբեր 30,2020 16:15

Aravot.am-ը Պոլսում լույս տեսնող «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր, հասարակական գործիչ Բագրատ Էստուկյանից մեկնաբանություն խնդրեց օրերս կայացած միջադեպի վերաբերյալ, որի ընթացքում ադրբեջանական դրոշներով ավտոմեքենաները շրջափակել էին Պոլսո հայոց պատրիարքարանը:

«Պատահածը իրականության մեջ խուլիգանական բնույթով մի արարք է, քանի մը ինքնաշարժեր` վրան ադրբեջանական դրոշներով, երթ մը կազմակերպեցին դեպի Պատրիարքարանի փողոցեն անցնելով»,-նշեց Բագրատ Էստուկյանը: Նրա ձեւակերպմամբ, կատարվածը բնույթով սպառնալիք ընկալվեց հայության կողմից, հատկապես որ այդ թաղամասում մեծ թվով հայաստանցիներ են բնակվում:

«Ակոսի» հայերեն բաժնի խմբագիրը նշում է, որ պատահածը դժգոհություն է առաջացրել նաեւ թուրքական շրջանակների մոտ, նրանք նույնպես դա սպառնալիք են համարել: Միեւնույն ժամանակ մեր զրուցակիցն ընդգծում է, որ իրենք սովոր են այս տեսակ հակազդեցությունների, որովհետեւ երբ հայկական խնդրի հետ առնչվող տարակարծություններ են լինում, իսկույն նման միջադեպեր են հետեւում դրանց:

Բագրատ էստուկյանը մի փոքր չափազանցված համարեց «Պոլսո Հայոց պատրիարքարանի շրջափակում» ձեւակերպումը, որովհետեւ նրա խոսքով, դա ոչ թե շրջափակում էր, այլ հակազդեցություն, անարգանք, ու ընդամենը ադրբեջանական դրոշներով ավտոմեքենաներով անցել են այդ փողոցով, եւ բարեբախտաբար որեւէ դեպք չի պատահել:

Բագրատ Էստուկյանը հավելեց, որ պատրիարքարանի թաղամասում ինչպես մեծաթիվ հայաստանցիներ կան, այնպես էլ նախկին ԽՍՀՄ հանրապետություններից այլ ազգերի ներկայացուցիչներ, այդ թվում նաեւ ադրբեջանցիներ: Նրա խոսքով,այդ երթի մասնակիցների մեջ կարող էին բացի տեղացի ազգայնամոլ թուրքերից, նաեւ ադրբեջանցիներ լինել:

Մեր հարցին` հայաստանցի հայերը այդտեղ խնդիրներ ունե՞ն այս շրջանում, Բագրատ Էստուկյանը պատասխանեց, որ անապահովության եւ անհանգստության զգացում ունեն, ապա փաստեց, որ հուլիսյան դեպքերի օրերին եւս նման միջադեպեր են եղել նույն թաղամասում. հայ երիտասարդը մի խումբ ադրբեջանցիների հարձակման զոհ էր դարձել, ինչին անդրադարձել էր նաեւ «Ակոսը»:

Թաղամասը այդ տեսակ խռովությունների հարմար վայր է` կարծում է մեր զրուցակիցը: Նրա խոսքով, այս օրերին թուրքական մամուլի հաղորդումները բավականին գրգռիչ են, եւ կարող են այսպիսի հակասությունների առիթ ստեղծել:

https://www.facebook.com/levonkhozian/videos/3712185205482043/

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930