Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմել եմ Վրաստանի իմ գործընկերներին՝ կոչ անելով օդային ճանապարհ տալ հումանիտար օգնությունը ժամ առաջ Հայաստան հասցնելու համար. Արման Բաբաջանյան

Սեպտեմբեր 30,2020 16:08

Վրաստանին եղբայրական համարող պետության քաղաքացի խնդրում եմ վրացի մեր գործընկերներին ապահովել այդ հնարավորությունը, օդային ճանապարհ տալ հումանիտար օգնությունը Հայաստան հասցնելու համար։

Հայաստանի հարևան և բարեկամ Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ իրենք շահագրգիռ են հայ–ադրբեջանական պատերազմի անհապաղ դադարեցմամբ և տարածաշրջանի հարատև խաղաղությամբ։ Այդ նկատառումից ելնելով Վրաստանը որոշում է կայացրել ռազմական բևեռների տարանցման համար օդային ճանապարհ չտրամադրել ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին։

Թեև մենք մտահոգ ենք Թուրքիայի բացահայտ աջակցությամբ պատերազմը սանձազերծած Ադրբեջանի և այդ պարտադրված պատերազմում Արցախի ու Հայաստանի միջև հավասարության նշան դնելու դիրքորոշմամբ, այդուհանդերձ հարգանքով ենք վերաբերում մեր գործընկերների, այդ թվում՝ եղբայրակից Վրաստանի իշխանությունների դիրքորոշմանը։ Միևնույն ժամանակ Վրաստանը հնարավորություն ունի աջակցելու մեզ ոչ թե ռազմական, այլ մարդասիրական հարթությունում։ Բանն այն է, որ աշխարհասփյուռ հայությունը պատերազմի սկսման առաջին իսկ պահերից մարդասիրական աջակցության համար հանգանակություններ է կազմակերպել աշխարհի տարբեր անկյուններով։

Հավաքագրվել է մեծ քանակությամբ սննդամթերք, դեղորայք, առաջին անհրաժեշտության պարագաներ, որոնք մեր սփյուռքահայ ազգակիցները ցանկանում են ուղարկել Արցախի և Հայաստանի իրենց հայրենակիցներին։ Մեծ քանակությամբ հումանիտար օգնություն է հավաքվել նաև Ռուսաստանի հայ համայնքի կողմից, որն այս պահին գտնվում է Մոսկվայում ՀՀ դեսպանատանը։ Սակայն այդ հումանիտար օգնությունը Հայաստան հասցնելու հարցում կան խնդիրներ՝ կապված օդային տարածքով դրանք Հայաստան հասցնելու հետ․ անհրաժեշտ է Վրաստանի իշխանությունների թույլտվությունը օդային ճանապարհ ստանալու համար։

Որպես Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր, որպես Վրաստանին եղբայրական համարող պետության քաղաքացի խնդրում եմ վրացի մեր գործընկերներին ապահովել այդ հնարավորությունը, օդային ճանապարհ տալ հումանիտար օգնությունը Հայաստան հասցնելու համար։

Այդ օգնությունն ուղղված է ոչ թե զինվորներին, ինչի վերաբերյալ Վրաստանի չեզոք դիրքորոշմանը մենք վերաբերվում ենք ըմբռնումով, այլ պատերազմից տուժած կանանց ու երեխաներին, այդ աջակցության կարիքը կենսականորեն ունեցող պարզ մարդկանց։

Հայ և վրացի ժողովուրդները ունեն իրար օգնելու, կարեկից ու աջակից լինելու պատմական հարուստ փորձ ու ավանդույթներ։ Հենց դա հաշվի առնելով կոչ եմ անում մեր վրացի գործընկերներին՝ կայացնելու ոչ թե քաղաքական, այլ մարդասիրական որոշում և թույլ տալու, որպեսզի հումանիտար այդ աջակցությունը ժամ առաջ հասնի Հայաստան։

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930