Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առաջին նախաբժշկական օգնություն․ ինչ անել, քանի դեռ չեն հասել բժիշկները

Սեպտեմբեր 30,2020 21:00

Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի շրջանակներում անդրադարձել ենք առաջին նախաբժշկական օգնության հիմունքներին, պարզ կանոններին  

Առաջին նախաբժշկական օգնությունը համալիր միջոցառումների շարք է՝ ուղղված տուժածի կյանքը պահպանելուն և փրկելուն կամ առողջությունը վերականգնելուն։ Առաջին օգնությունը սովորաբար ցուցաբերում է այն մարդը, որն այդ պահին գտնվում է տուժածի կողքին (փոխօգնություն), իսկ եթե այդպիսիք մեկից ավելի են, ապա համապատասխան գիտելիքներ ունեցողը, կամ հենց ինքը՝ տուժածն է ինքն իրեն օգնություն ցուցաբերում (ինքնօգնություն)՝ մինչ բուժաշխատողի ժամանումը։

Առաջին օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ են բազային գիտելիքներ մարդու օրգանիզմի կենսական անհրաժեշտության գործառույթների խանգարումների հիմնական նախանշանների վերաբերյալ։ Ինչպես նաև կարևոր է պահպանել առաջին օգնություն ցուցաբերելուն ուղղված միջոցառումների արդյունավետ հաջորդականությունը։

Տուժածին առաջին օգնություն ցուցաբերելիս գործողությունների հաջորդականությունը․

  • Առաջին օգնություն ցուցաբերելիս պետք է անհապաղ դադարեցնել արտաքին վնասակար գործոնների ազդեցությունը (էլեկտրական հոսանք, վառվող հագուստ և այլն), հեռացնել տուժածին անբարենպաստ պայմաններից (ջրից, այրվող շինությունից և այլն)։
  • Գնահատել տուժածի վիճակը․ որոշելով վնասվածքի բնույթը՝ իրականացնել առաջին օգնության միջոցառումներ՝ փորձելով պահպանել տուժածի օրգանիզմի կենսական անհրաժեշտության գործառույթները՝ մինչ բուժօգնության ժամանումը։
  • Անհետաձգելի բժշկական օգնության կազմակերպման համար դիմել շտապբուժօգնությանը, մոտակա հիվանդանոց, պոլիկլինիկա, դեղատուն։ Ահազանգ կատարելիս առաջնորդվել իրավիճակով․ մի դեպքում դա կարող է արվել դեպքի վայրի զննումից անմիջապես հետո, երբ հնարավոր չէ ապահովել անվտանգությունը, մեկ այլ դեպքում՝ առաջին օգնության միջոցառումներից հետո:
  • Եթե բուժանձնակազմը չի կարող մոտենալ, միջոցներ ձեռնարկել տուժածին մոտակա բժշկական կազմակերպություն տեղափոխելու համար․ ընդ որում՝ հնարավոր է՝ այնպիսի միջոցներով, որոնք նախատեսված չեն տվյալ նպատակի համար։

Տուժածին կարելի է տեղափոխել միայն կայուն շնչառության և անոթազարկի դեպքում։
Այն դեպքում, երբ հիվանդի վիճակը թույլ չի տալիս նրան տեղափոխել, պետք է միջոցներ ձեռնարկել՝ տուժածի օրգանիզմի կենսական անհրաժեշտության գործառույթները պահպանելու համար։

Տուժածի առողջական վիճակի գնահատում

Տուժածի առողջական վիճակը գնահատելիս ուշադրություն դարձնել․

  • Տուժածի գիտակցությանը՝ պարզ է, բացակայում է, խանգարված է (տուժածը շշմած է կամ գրգռված)։
  • Մաշկի և տեսանելի լորձաթաղանթների (աչքեր, շրթունքներ) գույնին՝ վարդագույն, կապտավուն, գունատ։
  • Շնչառությունը՝ նորմալ է, բացակայում է, խանգարված է (անկանոն, մակերեսային, խռպոտ)։
  •  Անոթազարկին՝ լավ արտահայտված է (ռիթմը կանոնավոր է կամ անկանոն), վատ է արտահայտվում, բացակայում է։
  • Բիբերին՝ լայնացած են, նեղացած են։

Առաջին օգնության միջոցառումները

Եթե տուժածի մոտ բացակայում է գիտակցությունը, շնչառությունը, անոթազակը, մաշկի գույնը կապտավուն է, իսկ բիբերը՝ լայնացած,անհրաժեշտ է անմիջապես ձեռնարկել օրգանիզմի կենսական անհրաժեշտության գործառույթների վերականգնմանն ուղղված միջոցառումներ՝ արհեստական շնչառության և սրտի արտաքին մերսման միջոցով։
Ինչպես նաև անհրաժեշտ է ֆիքսել շնչառության ու արյան շրջանառության կանգի ժամը, արհեստական շնչառության և սրտի մերսման սկիզբն ու տևողությունը՝ այդ տվյալները բուժանձնակազմին հայտնելու համար։

Արհեստական շնչառություն

Արհեստական շնչառությունը բերան-բերան, բերան-քիթ կամ բերան-քիթ-բերան եղանակով օդի ներփչումն է տուժածի թոքերի մեջ, որն իրականացվում է այն դեպքում, երբ տուժածն անգիտակից վիճակում է, ունի անոթազարկ, բայց չի շնչում կամ շատ վատ է շնչում (հազվադեպ, ջղակծկվելով՝ կարծես հեծկլտալով), ինչպես նաև երբ շնչառությունը գնալով վատանում է։
Արհեստական շնչառությունը պետք է սկսել որքան հնարավոր է շուտ՝ շնչառության կանգը հայտնաբերելուց անմիջապես հետո և շարունակել մինչև տուժածի շնչառության վերականգնումը: Արհեստական շնչառություն կատարելիս տուժածը պետք է պառկած լինի հարթ մակերեսին՝ մեջքի վրա՝ գլուխը ետ թեքված դիրքում՝ շնչառական ուղիները բաց։ Անհրաժեշտության դեպքում հարկավոր է տուժածին ազատել նեղ, ազատ շնչառությանը խանգարող հագուստից։ Արհեստական շնչառությունը սկսելուց առաջ անհրաժեշտ է թանզիֆով կամ կտորով փաթաթված ցուցամատով հիվանդի բերանը մաքրել լորձից, թքից և օտար մարմիններից՝ տուժածի գլուխը կողքի թեքելով։

Արհեստական շնչառությունը կատարվում է ռիթմիկ, 1 րոպեում 12-16 անգամ:

Օգնություն ցույց տվողը, խորը շնչառումից հետո, բերանը հպելով հիվանդի շուրթերին կամ քթին՝ ուժեղ արտաշնչում է։

Արհեստական շնչառությունը հաճախ զուգակցվում է սրտի արտաքին մերսման հետ։
Կրծքավանդակի լայնացումից բացի արհեստական շնչառության արդյունավետության մասին կարող է վկայել մաշկի, շրթունքների վարդագունումն ու տուժածի շնչառության վերականգնումը։
Արհեստական շնչառություն տալիս պետք է ուշադիր լինել, որ ներշնչվող օդը թափանցի տուժածի թոքերի մեջ, հակառակ դեպքում այն կարող է հայտնվել տուժածի ստամոքսում՝ հարուցելով տուժածի որովայնի փքվածություն։ Այդ դեպքում պետք է զգուշորեն սեղմել տուժածի կրծքավանդակի ու պորտի միջև ընկած հատվածը, ինչպես նաև ուշադիր լինել, քանի որ տուժածի մոտ կարող է փսխում առաջանալ, ուստի հարկավոր է այդ ընթացքում տուժածի գլուխը ձախ թեքել։

Եթե տուժածի ծնոտները փակված են այնպես, որ բերանը բացել չի հաջողվում, կարելի է կիրառել արհեստական շնչառության «բերանից քիթ» մեթոդը։

Անգամ եթե տուժածի մոտ բացակայում են շնչառությունն ու անոթազարկը, դա տուժածին առաջին օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու առիթ չէ, քանի որ տուժածի մահվան մասին եզրակացությունը կարող է կատարել միայն բուժաշխատողը։

Սրտի արտաքին մերսում

Սրտի արտաքին մերսումը կամ կրծքավանդակի սեղմումը կատարվում է այն դեպքում, երբ բացակայում է անոթազարկը, չկա գիտակցություն, մաշկային ծածկույթները գունատ կամ կապտավուն են, քներակներում անոթազարկ չի շոշափվում, շնչառությունն անկանոն է, ջղաձգվող։

Սրտի մերսում կարելի է կատարել միայն անհրաժեշտ փորձառություն ունենալու դեպքում։

Սրտի անուղղակի մերսումն իրականացնել միայն սրտի խփոցի լրիվ դադարի դեպքում։ Հակառակ պարագայում թույլ բաբախող սիրտը այդ գործողության ընթացքում կարող է կանգ առնել։

Սրտի անուղղակի մերսման կատարումը

  • Տուժածին պառկեցնել մեջքի վրա և նրա կողքին նստել ծնկաչոք։
  • Շոշափել կրծքավանդակի ներքևի հատվածի կրծոսկրի անկյունը։ Ափը դնել տուժածի կրծոսկրի ներքևի ծայրին՝ երկու մատի լայնքով։
  • Ձեռքը ծածկել մյուս ձեռքով։ Մատները՝ թեթևակի դեպի վեր։ Թեքվել առաջ՝ ուսերը դեպի կրծոսկրը, ձեռքերը՝ ուղիղ։
  • Կրծքավանդակն ուղղահայաց սեղմել դեպի ներքև այնպես, որ այն 4-5 սմ իջնի, եթե տուժածը մեծահասակ է։ Իսկ եթե մանկահասակ է, կրծքավանդակը պետք է սեղմվի 2,5-4 սմ։ Կրծքավանդակն այդպես սեղմել 30 անգամ՝ ավելի արագ հաճախականությամբ, քան մեկ հարվածը մեկ վայրկյանում։ Բարձրաձայն հաշվել սեղմումները։
  • Կատարել գլուխը վար-կզակը վեր գործողությունը տուժածի շնչուղիները բացելու համար և երկու անգամ նրա բերանում ուժգին արտաշնչել այնպես, որ օդը հասնի նրա թոքերը։
  • Չմոռանալ հետևել կրծքավանդակի շարժմանը։
  • 30 սեղմումն ու օդի 2 ներփչումը թոքեր կրկնել այնքան ժամանակ, մինչև որ տուժածի մոտ նկատվի վիճակի բարելավում, կամ ժամանի շտապբուժօգնությունը։
  • Ամեն երեք րոպեն մեկ ստուգել անոթազարկի առկայությունը վզի վրա։

Լավացման նշանները

  • Մաշկի առողջ գույնի վերականգնում։
  • Անոթազարկ։
  • Տուժածը տնքում է, շարժվում։
  • Վերականգնվում է շնչառությունը։

Առաջին օգնությունը վիրավորումների, վնասվածքների դեպքում

Վնասվածքների դեպքում առաջին նախաբժշկական օգնություն ցուցաբերելիս պետք է խստորեն հետևել կանոններին․

Չի կարելի․

  • լվանալ վերքը ջրով կամ որևէ դեղամիջոցով, վրան փոշիներ ցանել կամ քսուկներ քսել, քանի որ այդպիսով խոչընդոտում եք վերքի լավացմանը, նպաստում թարախակալմանն ու աղտի ներթափանցմանը։
  • Վերքի վրայից հեռացնել ավազը, հողը և այլն։
  • Վերքի վրայից հեռացնել արյան մակարդուկները, հագուստի հետքերը և այլն, քանի որ դա կարող է արյունահոսության հանգեցնել։
  • Վերքերը կապել կպչուն ժապավենով։

Օգնություն ցուցաբերողը պետք է

  • լվանա ձեռքերը կամ մատներին յոդ քսի։
  • Զգուշորեն մաքրի վերքի շուրջը, մաքրված հատվածի պատի յոդով։
  • Վիրակապի վերքը՝ ձեռքերով չդիպչելով վիրակապի այն մասերին, որոնք փաթաթվելու են անմիջապես վերքի վրա։ Եթե ձեռքի տակ վիրակապ չկա, կարելի է օգտագործել մաքուր կտոր, թաշկինակ։ Անմիջապես վերքի վրա բամբակ չի կարելի դնել։ Մինչ վիրակապելը վերքի վրա նույնպես պետք է յոդ կաթացնել՝ վերքի չափսից մեծ շրջագծով։

Արյունահոսություն

Ներքին արյունահոսություն

Որովայնի խոռոչում արյան առկայությունը, ներքին արյունահոսությունը կարող է դրսևորվել սուր սակավարյունությանը բնորոշ ախտանշաններով՝ գունատություն, կպչուն քրտինք, անոթազարկի հաճախակիացում, ծարավի զգացում, քնկոտություն, աչքերի առջև մթագնում, ուշագնացություն։

Ներքին արյունահոսության կասկածի ժամանակ անհրաժեշտ է

  • պառկեցնել տուժածին կամ կիսանստած դիրքում պահել,
  • ապահովել կատարյալ հանգստություն,
  • արյունահոսության ենթադրյալ հատվածին սառը դնել,
  •  անմիջապես բուժօգնություն կանչել։

Չի կարելի

  • Տուժածին խմելու կամ ուտելու բան տալ։

Արտաքին արյունահոսություն

Թեթև արյունահոսության դեպքում՝

  • վերքի շուրջը յոդով պատել,
  • վերքը վիրակապել,
  • եթե արյունահոսությունը չի դադարում՝ չհանելով վիրակապը՝ հավելյալ բամբակի ու թանզիֆի շերտեր դնելով՝ ամուր վիրակապել։

Ուժեղ արյունահոսությունը կարելի է դադարեցնել հետևյալ միջոցներով․

  • Մատներով սեղմում, որը հնարավորություն է տալիս վայրկենաբար դադարեցնել արյունահոսությունը՝ ժամանակ շահելով այլ միջոցների կիրառման համար։
  • Արյունահոսությունը դադարեցնող լարան դնելը վերջույթների խոշոր զարկերակներից արյունահոսության ժամանակավոր դադարեցման հիմնական եղանակն է։
    Լարանը դրվում է վերքից վերև և որքան հնարավոր է մոտ։ Դրա ճիշտ կիրառումից արյունահոսությունը միանգամից դադարում է, ծայրանդամի մաշկը՝ գունատվում։ Վերջույթի սեղմման աստիճանը կարելի է որոշել լարանից ներքև գտնվող զարկերակի անոթազարկով։ Անոթազարկի բացակայումը վկայում է զարկերակի սեղմման մասին։

Լարանը վերջույթի վրա կարող է մնալ 2 ժամից ոչ ավելի (ցրտին՝ 1-1,5 ժամ), քանի որ երկարատև սեղմումից լարանից ներքև վերջույթը կարող է մեռուկանալ։

Լարանի վրա անհրաժեշտ է նշել այն դնելու ժամանակը։

  • Վերջույթի գերծալումը, որպես վերջույթի արյունահոսության ժամանակավոր դադարեցման եղանակ, կիրառելի է վերին (մասամբ՝ ստորին) վերջույթների արյունահոսության ժամանակավոր դադարեցման համար։ Վերջույթի ուժեղ ծալման ժամանակ արյունահոսություն դադարում է զարկերակի ծալման հաշվին։ Նախաբազկի և դաստակի վերքերից արյունահոսության դադարեցման համար վերջույթը գերծալում են արմնկային հոդում և ծալված նախաբազուկը թանզիֆով կապելով՝ մոտեցնում բազկին։ Բազկի վերին հատվածի և ենթաանրակային շրջանի վերքից արյունահոսության ժամանակ վերին վերջույթն ուժեղ հետ են թեքում և ծալում արմնկային հոդում, ապա ծայրանդամն անշարժացնում վիրակապով։

Շարունակությունը՝ այստեղ

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930