Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը «Մեդիա կենտրոնում» կայացած «Մեդիայի աշխատանքը ռազմական դրության պայմաններում. «կարելի»-ներն ու «չի կարելի»-ները» թեմայով քննարկման ժամանակ պատասխանելով հարցին` մտածում էին արդյոք այս ընթացքում կարճ դասընթացներ կազմակերպել լրագրողների համար, նշեց, որ դիտարկել են այդ հարցը: Ապա հավելեց. «Նման իրավիճակ է ստեղծվել, որ պատերազմ է, անսպասելի զարգացումներ են, եւ լրագրողը պետք է գնա ու լուսաբանի ու ժամանակ չունի դասընթացների մասնակցելու, հետեւաբար այդ իմաստով դասընթացների մասին խոսելը, եթե անգամ տեսականորեն հնարավոր է, գործնականում իրագործելի չէ: Իսկ ընդհանուր առմամբ, այո, պետք է անընդհատ անդրադառնալ անվտանգության հարցերին եւ լուսաբանման հետ կապված մանրամասնություններին»,-նշեց տիկին Սարգսյանը
Նա եւս անդրադարձավ համապատասխան ուղեցույցին, որն առկա է Երեւանի մամուլի ակումբի կայքում եւ խորհուրդ տվեց օգտվել նրանից ու տեղեկանալ, թե ինչպես պետք է աշխատել պատերազմական եւ արտակարգ իրավիճակներում:
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրենն ասաց, որ 2016-ին դասընթացների շարք են իրականացրել լրագրողների համար, խոսքը վերաբերում է ֆիզիկական, հոգեբանական եւ թվային անվտանգությանը. «Կարծում եմ, որ մեր դասընթացներին մասնակցած լրագրողները կկիրառեն եւ կիրառում են ստացած գիտելիքները…Մենք ունենք նաեւ 12 զրահաբաճկոն` PRESS տարբերանշանով, որոնք տրամադրել ենք այն խմբագրություններին, որոնք առաջնահերթ դիմել են»:
Նունե Սարգսյանի խոսքով, լրագրությունը եւ հատկապես պատերազմական լրագրությունը երկընտրանք է, դու անընդհատ ինչ-որ հարցերի առջեւ ես կանգնում, որոնք երբեմն դժվար է լինում լուծել. «Դրանք էթիկական հարցեր են, մարդու կյանքի, ինֆորմացիա տալու հետ կապված երկընտրանք»:
Կարդացեք նաև
Տիկին Սարգսյանի խոսքով, Հայաստանում ռազմական դրություն է հայտարարված եւ դա ազդում է նաեւ լրագրողների աշխատանքը կազմակերպելու վրա: Նրա տպավորությամբ, բավականին կազմակերպված է լրագրողների աշխատանքը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Նունե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից