Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինքն այս պայմաններում ժամանակի հրամայական է. Արցախի նախագահի խորհրդական

Սեպտեմբեր 30,2020 15:09

Aravot.am-ի զրուցակիցն է Արցախի նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը

– Ինչպիսի՞ իրավիճակ է այս պահին, որո՞նք են Ձեր գնահատականները:

– Իրավիճակին ընդհանուր գնահատականներն այս պահի դրությամբ հետևյալն են. ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ սեպտեմբերի 30-ին ժամը 13:00-ի դրությամբ ՊԲ հյուսիս-արևելյան, իսկ ապա նաև հարավային ուղղություններում հակառակորդը կիրառել է թուրքական F-16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ: Այս պահի դրությամբ մարտագծի ամբողջ երկայնքով ինտենսիվ մարտերը շարունակվում են: Մի շարք ուղղություններում ՊԲ-ն գրանցել է նկատելի հաջողություններ: Հակառակորդի մարդկային և ռազմատեխնիկական կորուստները ավելանում են:

– Իսկ ի՞նչ տրամադրություններ են Արցախում:

– Կա երկրի ռազմաքաղաքական էլիտայի նկատմամբ բացարձակ վստահություն: Երկրի ղեկավարի մակարդակով հնչեցված, ՊԲ պաշտոնական մակարդակով արված հայտարարությունները հասարակության շրջանում մեծ տարածում են գտնում, ինչպես նաև վստահություն են վայելում: Կարծում եմ, որ տվյալ դեպքում կարևոր է նաև պետության ղեկավարի ինքնավստահությունը, մարտական տրամադրվածությունը, իրողություններին իրատեսական գնահատականներ տալը, հընթացս ծագած խնդիրներին օպերատիվ լուծումներ տալը, ինչն այս դեպքում վարակիչ ազդեցություն է ունենում:

Մենք մեծ ուշադրությամբ հետևում ենք նաև հակառակորդի՝ ադրբեջանական կայքերին և սոցցանցային գրառումներին, և պետք է ասել, որ կեղծ էյֆորիկ տրամադրությունների կողքին, ինչը բնականաբար ուղղորդված է, նկատելի են խուճապային տրամադրությունները, ինչպես նաև երկրի ռազմաքաղաքական էլիտայի հնչեցրած բարձրագոչ հայտարարությունների, Արցախը գրավելու խոստումների նկատմամբ հեգնական տրամադրությունները:

– Այս հակամարտությունը կրկին աշխարհի ուշադրության կենտրոնում է: Տարբեր միջազգային կառույցներից հայտարարություններ են հնչում: Ինչպե՞ս կգնահատեք այն իրողությունը, որ միջազգային հանրությունը կրկին շարունակում է հավասարության նշան դնել, թեև կան ՀՀ-ի և ԱՀ-ի նկատմամբ ադրբեջանա-թուրքական ոտնձգությունների ակնհայտ ապացույցներ:

– Այո, այս պահին միջազգային հանրությունը շարունակում է արձագանքել ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմին և կոչ անել դադարեցնելու ռազմական գործողությունները, բայց քանի որ մեր հակառակորդը շարունակում է մնալ Ադրբեջանը՝ իր ապակառուցողական և ռազմատենչ վարքագծով, կարծում ենք , որ այստեղ զսպման լծակները դարձյալ ԱՀ ՊԲ-ի ձեռքում են: ԱՀ ՊԲ-ն փայլուն կերպով կատարում է իր առջև դրված մարտական խնդիրները՝ ադրբեջանական կողմին պատճառելով անհամաչափ մարդկային և զինտեխնիկայի կորուստներ:

– Այս օրերին նաև պաշտոնական մակարդակում խոսակցություններ կան Արցախի և Հայաստանի միջև ռազմաքաղաքական դաշինք կնքելու անհրաժեշտության մասին: Ձեր կարծիքով հիմա հենց ճիշտ պա՞հն է այդ դաշինքը կնքելու:

– ԱՀ նախագահի կողմից սեպտեմբերի 27-ին հայտարարվել էր, որ Թուրքիան ամենաուղիղ և ամենաանմիջական մասնակցությունն է ունենում կոնֆլիկտին, փաստացի իրեն նաև հայտարարելով կոնֆլիկտի կողմ: Թուրքական ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարություններն ու գործելակերպը իրենց ռազմատենչ բովանդակությամբ գերազանցում են անգամ ադրբեջանական համապատասխան հայտարարություններին: Մենք կարող ենք հակամարտության վերաձևավորված դե յուրե ֆորմատի մասին խոսել. Ադրբեջանն ու Թուրքիան միասնական են հանդես գալիս: ՀՀ-ԱՀ ռազմաքաղաքական դաշինքն այս պայմաններում ժամանակի հրամայական է, հիմքում ունենալով ՀՀ-ի որպես ԱՀ-ի անվտանգության երաշխավոր լինելու հանգամանքը:

Զրույցը Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930