Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պլանավորում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիներ որոնելու հարցով հեռախոսային բանակցություններ վարել Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին Մակրոնը հայտարարել է այսօր՝ Լատվիա կատարած այցի ընթացքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Այս թեմայով զբաղվում է միջնորդների միջազգային իրավասու խումբը՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի, որի մեջ մտնում են Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ն: Մենք մեր գործընկերների հետ կապի մեջ ենք առաջին ժամերից` արտգործնախարարների և իմ մակարդակով: Այսօր երեկոյան ես նախատեսում եմ կապվել նախագահ Պուտինի հետ և կարծում եմ վաղը`նախագահ Թրամփի հետ, որպեսզի այս թեմայով մտքեր փոխանակենք և լուծումներ գտնենք»,- ասել է Մակրոնը և հավելել, որ Մինսկի խմբի նախարարներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն նաեւ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ։
Նա շեշտել է, որ «իր գնահատականներում շարունակում է մնալ չափազանց զգույշ, բայց պարզ է, որ սա սուր հակամարտություն է»:
Մակրոնը հատկապես ընդգծել է, որ Ֆրանսիան անընդունելի և վտանգավոր է համարում Թուրքիայի ռազմաշունչ հայտարարությունները, որոնք Ադրբեջանին մղում են Լեռնային Ղարաբաղում զարգացնել ռազմական գործողությունները։
Կարդացեք նաև
«Ես նշել եմ Թուրքիայի քաղաքական հայտարարությունները, որոնք անխոհեմ են և վտանգավոր։ Մենք չենք հանդուրժի դա։ Ես բացահայտ ասում եմ Հայաստանին և հայերին, որ Ֆրանսիան կխաղա իր դերը, մենք զգոն կլինենք և կհետևենք ինքնիշխանության պահպանմանն ու թույլ չենք տա էսկալյացիային նպաստող ոչ մի հայտարարություն»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ անհրաժեշտ է վերջ տալ ղարաբաղյան ճգնաժամին և Հայաստանից պահանջել էր ազատել «Ադրբեջանի հողերը»։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ