Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը «Մեդիա կենտրոնում» կայացած «Մեդիայի աշխատանքը ռազմական դրության պայմաններում. «կարելի»-ներն ու «չի կարելի»-ները» թեմայով քննարկման ժամանակ նշեց. «Երբ լրագրողը գնում է առաջնագիծ, հասկանում է, թե ուր է գնում: Խմբագրությունը, որ լրագրողին ուղարկում է, պետք է հասկանա այդ ու պաշտպանության որոշ նկատառումներով միջոցներ ձեռնարկի: Դա վերաբերում է հագուստներին, եւ շատ կարեւոր է, որ տարբերանշանները հստակ լինեն: Իհարկե, եղել են դեպքեր միջազգային տարբեր կոնֆլիկտներում, երբ հակամարտող կողմերից մեկն իմացել է, որ իրենց առաջ լրագրող է, ու հենց այդ դեպքում է վտանգվել լրագրողի կյանքը»:
Աշոտ Մելիքյանը հավելեց, որ մեր հասարակությունը պետք է լրագրողների աշխատանքը գնահատի ոչ պակաս, քան մարտնչող զինվորներինը, հատկապես որ առաջնագծում գտնվող լրագրողների առողջությունն ու կյանքը վտանգի տակ է:
«Պատերազմական գործողությունների ժամանակ լրագրողական գործունեության բնույթը փոխվում է այն առումով, որ ոչ բոլոր կանոններն ու ստանդարտներն են գործում: Ես մեր գործընկերներին խորհուրդ կտայի օգտվել այն ուղեցույցից , որն Ապրիլյան պատերազմից հետո մշակեց ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինը: Այն կոչվում է «Պատերազմի, զինված բախումների եւ ներքին հակամարտությունների ժամանակ լրագրողների եւ լրատվամիջոցների վարքի ուղեցույց»,-ընդգծեց Աշոտ Մելիքյանը եւ կարծիք հայտնեց, որ այդ փաստաթուղթը բավական օգտակար կարող է լինել այս օրերին առաջընթացում աշխատելիս:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ