Երեւանի մամուլի ակումբի (ԵՄԱ) նախագահ Բորիս Նավասարդյանը «Մեդիա կենտրոնում» կայացած «Մեդիայի աշխատանքը ռազմական դրության պայմաններում. «կարելի»-ներն ու «չի կարելի»-ները» թեմայով քննարկման ժամանակ նշեց, որ հաշվի առնելով, թե ինչպիսի հակառակորդ ունեն Հայաստանն ու Արցախը, եւ որքան էլ հայտարարություններ հնչեն, թե գործում են Ժնեւյան կոնվենցիայի սկզբունքներով, բայց հակառակորդի կողմից խախտում են այդ կոնվենցիայի կանոնները, ռմբակոծում են քաղաքացիական բնակչությանը, չեն խնայում լրագրողներին:
«Մենք տեղեկություններ ունենք, որ հատուկ հետապնդվել են հայ լրագրողները անօդաչու սարքերի կողմից եւ այդ կարգի տեղեկությունները մենք է հնարավորինս հնչեցնենք եւ տարածենք միջազգային հանրության շրջանում»,-ասաց Երեւանի մամուլի ակումբի նախագահը:
https://www.youtube.com/watch?v=5UdI2YO-kNI&ab_channel=Tert.am
Կարդացեք նաև
Ինչ վերաբերվում է ռազմական դրության պայմաններում լրագրողների աշխատելու կանոններին, դրանք հստակ են` լրագրողները, որոնք զենք չեն կրում եւ որեւէ կերպ մասնակցություն չեն ունենում մարտական գործողություններին ու ընդամենը լուսաբանում են իրադարձությունները, Բորիս Նավասարդյանի խոսքով, հատուկ պաշտպանության տակ են. «Լրագրողները չեն կարող թիրախավորվել` ռազմական միավորումների կողմից, բայց դա նաեւ ենթադրում է, որ լրագրողները պետք է կրեն որոշակի հագուստ, հատուկ հատկանշողներ, որոնք հնարավորություն են տալիս նույնականացնել իրենց:
Նորից եմ կրկնում` սրանք միջազգային մարդասիրական իրավունքի հիմնական սկզբունքներն են. լրագրողները չեն կարող որպես գերի կամ պատանդ վերցվել ռազմական գործողությունների ժամանակ, սակայն մենք գործ ունենք այնպիսի հակառակորդի հետ, որի համար միջազգային իրավունքի կանոնները նշանակություն չունեն: Ամեն դեպքում պետք է կոչ անենք եւ զգուշացնենք մեր գործընկերներին հնարավորինս զգուշավորություն ցուցաբերել, եւ խնայել իրենց կյանքերը, առողջությունը, որպեսզի կարողանան ամբողջ ծավալով իրականացնել իրենց կարեւորագույն առաքելությունը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ