«Արցախի սահմանի ողջ երկայնքով գիշերային մարտերը շարունակվել են: Չեն եղել նույն ինտենսիվությամբ, ինչ ընթանում էին երեկ, բայց տեղ-տեղ եղել են հրետակոծություններ: Վաղ առավոտյան հյուսիսային ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-երն անցել են լայնածավալ հարձակողական գործողությունների: Այս պահին այդ ուղղությամբ ընթանում են մարտեր: Հստակ պետք է ֆիքսենք, որ կիրառվում են բազում միջոցներ, այդ թվում՝ հեռահար ճշգրիտ միջոցներ՝ ԱԹՍ, մեծ քանակությամբ հրետանի: Մեր ստորաբաժանումները հերոսաբար դիմակայում են: Ունենք զոհեր, որոնց մասին լրացուցիչ կհայտնենք»,- Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում այսօր հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Գետաշենի ու Շահումյանի առաջխաղացման մասին տեղեկություններին անդրադառնալով՝ ասաց, որ կոնկրետ ուղղություններով կոնկրետ գործողությունները չի կարող մեկնաբանել, նպատակահարմար չի գտնում այս պահին:
Թուրքական կործանիչների ներգրավվածությանն անդրադառնալով՝ պարոն Հովհաննիսյանն ասաց, որ F 16-ի թեման դեռ օգոստոսին էին բարձրացրել, երբ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններն ավարտվեցին, բայց F 16-երը Ադրբեջանից չհանվեցին: Պարոն Հովհաննիսյանի խոսքով, ՊՆ-ն համապատասխան մարմինները հենց այդ ժամանակ են բարձրացրել հարցը: Այժմ էլ թուրքական այդ կործանիչները զույգերով կատարում են համապատասխան խնդիրներ: Հարցին, թե Ադրբեջանում քանի՞ նման կործանիչ կա այժմ, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց՝ չի կարող հրապարակել: Նա նաեւ ասաց, որ չի կարող հայտարարել՝ որտեղով են եկել F 16-երը, բայց տիրապետում են այդ տեղեկատվությանը:
Արծրուն Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ Վարդենիսին հասցված ավիացիոն հարվածներից հետո ՀՀ ուղղությամբ այլեւս մարտական ակտիվ գործողություններ չեն ընթացել, գործողությունները շարունակվել են ՊԲ ուղղությամբ, իսկ Տավուշի հատվածը համեմատաբար հանգիստ է:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ