«Ինչ ասեմ, խոսքեր չեմ գտնում։ Շավարշը յուրահատուկ տղա էր։ Բոլորին հասնող, հարգանքով։ Բավական էր մեկը նեղվեր մի բանից՝ կմոտենար, հարցուփորձ կաներ, անպայման պիտի մի բանով օգներ»,–մեզ հետ զրույցում ասաց Արցախում զոհված, կապանցի Շավարշ Մուրադյանի դասղեկ Կարինե Վարդանյանը։
Շավարշը Կապանի N 7 դպրոցում է սովորել, այնուհետեւ կրթական ծրագրով տեղափոխվել ուսումը շարունակելու Ամերիկայում։ Վերադառնալուց հետո ամերիկյան համալսարանում էր սովորում, համատեղ՝ բանկերից մեկում աշխատում։
«Եռանդով լիքն էր, անընդհատ պատմում էր ապագայի ծրագրերից, Հայաստանին օգտակար լինելու իր մտահղացումներից, բայց կիսատ մնացին նրա բոլոր ծրագրերը»,–ասաց Կարինե Վարդանյանը։
Մասնակցելով 2016թ-ի ապրիլյան քառօրյային, ծառայության վերջում Շավարշը վերադարձավ երեք ՝ «Մարշալ Բաղրամյան», «Աղբյուր Սերոբ» մեդալներով եւ ՀՀ պաշտպանության նախարարության հուշամեդալով։
Կարդացեք նաև
Ի դեպ, Շավարշը տանը չէր ասել, որ առաջնագիծ է մեկնում։ Նրա փոքր եղբայրը նույնպես Արցախում է ծառայում։
Շավարշը Կապանում ճանաչված ազատամարտիկ, մարտական ջոկատի հրամանատար Մարտուն Մուրադյանի որդին է: Օգտատեր Վահագն Համբարձումյանը Ֆեյսբուքում գրել է․ «Մարտուն ջան, խոնարհվում եմ որդուդ անմար հիշատակին…Հանգչիր խաղաղությամբ ՀԵՐՈՍ տղա, հազար ափսոս, շտապեցիր, հորիցդ շուտ հասար իր ԱՆՄԱՀ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ…»։
Ազատամարտիկ հայրն էլ երեկ՝ սեպտեմբերի 29-ին առավոտյան լուսանկարներ է հրապարակել։ «ԶԱՎԱԿՆԵՐՍ ՊԻՆԴ ԿԱՑԵՔ — ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ՎԵՐԱԴԱՐՁ»,–գրել է Մարտուն Մուրադյանը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ