Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում չի քննարկել ղարաբաղյան հակամարտությանը Ռուսաստանի միջամտության հարցը։ Այս մասին ռուս լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք ՌԴ նախագահի հետ չենք քննարկել ղարաբաղյան հակամարտությանը Ռուսաստանի միջամտության հարցը։ Մենք նաև չունենք 102-րդ ռուսական ռազմաբազայի պոտենցիալն օգտագործելու կարիքը, թեպետ անհրաժեշտության դեպքում` դրա համար կան բոլոր իրավաբանական հիմքերը»,- նշել է վարչապետը։
Փաշինյանը հավելել է, որ Հայաստանն ուզում է որակապես նոր հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ, և այդ հարաբերություններում չկա որևէ նոր բան, որը նախկինում էլ չի եղել «Հայ-ռուսական հարաբերություններում ոչինչ չի փոխվել։ Ռուսաստանի հետ հարաբերություններում մեր նպատակը նոր որակի և մակարդակի հարաբերություններ կառուցելն է»,- նշել է ՀՀ վարչապետը։
Անդրադառնալով սեպտեմբերի 27-ից ստեղված ռազմական դրությանը՝ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը դիտարկում է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը․ «Այո, մեր օրակարգում կա Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը։ Դիտարկվում է նաև Ղարաբաղի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելու հարցը»,- նշել է նա և հավելել, որ Հայաստանի գործողություններն ուղղված են Լեռնային Ղարաբաղում երկարատև կայունություն հաստատելուն։
Կարդացեք նաև
«Մենք չենք ուզում, որ երկու-երեք տարի անց այս իրավիճակը կրկնվի։ Բայց Հայաստանը երբեք չի գործի ի վնաս Լեռնային Ղարաբաղի շահերի»,-ասել է Փաշինյանը։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ