«Ժամանակ»-ի զրուցակիցն է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանը:
– Հետաքրքիր է, տիկին Ղուկասյան, տեղի մեծահարուստ հայերից կա՞ն օգնել ցանկացողներ։ Ուզում եմ հասկանալ՝ բացի կամավորներից, ովքեր ցուցակագրվել են, ուրիշ էլ ի՞նչ աշխատանք է իրականացվում։
– Ինչ վերաբերում է Հայերի միությանը, ուզում եմ նշել, որ մենք շտաբ ունենք Երևանում, ինչպես նաև ներկայացուցչություն ունենք Արցախում, որոնց միջոցով հարցում ենք արել, թե ինչի կարիք ունի հիմա Արցախը։ Ցուցակը, որը մեզ ներկայացրել են, հիմնականում քաղաքացիական բնակչության համար է։ Ինչ ցուցակ ներկայացրել են, ամբողջը Երևանում գնել ենք, տեղավորել մեքենաներում, որոնք ուղևորվում են Արցախ։ Բացի դրանից, շատերն են մեզ դիմում. ոչ օլիգարխները, բայց և՛ իրենց հացի փողն աշխատող մարդիկ, և՛ ռեգիոնալ ղեկավարները, և՛ ակտիվիստները, և՛ գիտնականները, դասախոսները։ Մենք բոլորին կոչ ենք անում գումարը փոխանցել Հայաստանի Կենտրոնական բանկի հաշվին, որը մեզ ներկայացրել են Արցախից, որպեսզի կասեցվեն մասնավոր բացված հաշիվներին փոխանցումները, որոնք, իբրև թե, Արցախի համար են նախատեսված։ Կա պաշտոնական ներկայացված հաշիվ, և կոչ ենք անում փոխանցել հենց այդ հաշվին։ Ասեմ, որ մեզ օլիգարխներ չեն դիմել։ Դիմում են մեր ընկերները, այսօր զանգ եկավ Պետերբուրգի մեր ընկերոջից՝ Հրաչյա Պողոսյանից։ Նա բարեգործ է, իր կողմից աջակցություն անում է, բայց ցանկացավ նաև Հայերի միության միջոցով օգնություն ցուցաբերել։ Այսպիսի զանգեր կան, բայց, համենայնդեպս, մեզ հետ մեծահարուստները կապ չեն հաստատել։ Բայց վստահ եմ, որ իրենք էլ իրենց ճանապարհներով են գնում և ինչ-որ բաներ անում։ Ուզում եմ նշել, որ կապ չունի՝ հարուստ են, թե ոչ, հետաքրքրվողները, զանգահարողները շատ են, նույնիսկ ապաստարաններ են առաջարկում։ Առավոտյան բոլորս արթնանում ենք Արցախի մասին մտածելով, գիշերը քնում ենք մտքներս այնտեղ, նայում ենք, թե ինչ վիճակ է, երեխեքը ոնց են։ Բոլորս մի մարդու նման Արցախի հետ ենք։
Արա Աբրահամյանը այս օրերին մի շարք հանդիպումներ է ունենում բարձրաստիճան ռուս պաշտոնյաների, հասարակական գործիչների հետ։ Անուններն էլ չեմ կարող տալ, որովհետև հետո ադրբեջանցիները գնում, ասում են՝ ինչո՞ւ եք հայերի հետ հանդիպում, մեզ հետ էլ հանդիպեք։ Խնդիրներ են սարքում։ Բայց հավատացեք՝ շատ լուրջ կառույցներում շատ լուրջ հանդիպումներ է ունենում, բացատրում է, թե ինչ է կատարվում, բացատրում է, որ այս պատերազմը Արցախի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև չէ, որ այս պատերազմը Թուրքիայի հետ է, և շատ լուրջ տարածաշրջանային խնդիրների կարող է բերել։
Կարդացեք նաև
Սիրանույշ ՊԱՊՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: