Կրկին հրատապ են դարձել ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտության, ինչպես նաեւ Հայաստանի կողմից Արցախը ճանաչելու, այն մայր հայրենիքին միացնելու կոչերն ու պահանջները: Քննարկվո՞ւմ են արդյոք այս հարցերը, ո՞ր դեպքում Հայաստանը կդիմի նման քայլերի. այս հարցերի շուրջ զրուցել ենք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Միքայել Զոլյանի հետ:
– Հնարավոր համարո՞ւմ եք առաջիկայում ՀԱՊԿ-ին դիմելու հնարավորությունը, չէ՞ որ արդեն Հայաստանի սահմանների նկատմամբ կան ոտնձգություններ, ինչը նշանակում է, որ սկսել է գործել ՀԱՊԿ պայմանագիրը:
– Մենք շատ ուղիղ կապի մեջ ենք ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ ՀԱՊԿ-ի մեր գործընկերների հետ, եւ հարկ եղած դեպքում ցանկացած միջոցներ կարող են կիրառվել, ցանկացած դիվանագիտական քայլ կարող է արվել:
– Իսկ նորմա՞լ է, որ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը, կամ ՀԱՊԿ-ն սպասում են նման մի դիմումի, երբ 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանի, 160 հազար բնակիչ ունեցող Արցախի դեմ դուրս են եկել 8 միլիոն բնակչություն ունեցող Ադրբեջանն ու 80-ից ավելի միլիոն բնակիչ ունեցող Թուրքիան:
Կարդացեք նաև
– Պատմության մեջ բազմաթիվ են դեպքերը, երբ ավելի փոքր չափերի երկիրը կամ ավելի փոքրաթիվ ժողովուրդը հաջողության է հասել ավելի մեծաթիվ հակառակորդի հանդեպ եւ էդ օրինակները բազմաթիվ են: Որովհետեւ միայն մարդկանց թիվն ու զենքի քանակը կարեւոր չեն, պետք է այդ ամենը կարողանալ վերածել ռազմական հաջողության: Սա միշտ չի, որ ստացվում է, ավելի հաճախ չի ստացվում հենց այն կողմի մոտ, որը սկսել է պատերազմը:
Հիմա, ինչ վերաբերում է Ռուսաստանին եւ մնացած հարցերին. տեսեք, մենք ունենք Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ երկկողմանի դաշինք, մենք ՀԱՊԿ անդամ ենք, Հայաստանում կա ռուսական ռազմաբազա եւ այս ամենը ինչը ազդում է իրավիճակի վրա այն իմաստով, որ նույն Թուրքիայի գործողությունները սահմանափակ են: Մենք տեսնում ենք, այո՛, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին, սիրական գրոհայինները կռվում են Ադրբեջանի կողմից, բայց մենք չենք տեսնում եւ կարծում եմ չենք էլ տեսնի Թուրքիայի կողմից ուղղակի հարձակում Հայաստանի տարածքի վրա: Կարծում եմ՝ եթե Թուրքիայի ղեկավարները իրենց հոգեկան առողջությունը չեն կորցրել, ապա նման բան բացառված է: Իհարկե մենք չենք կարող մտնել Էրդողանի գլուխը եւ տեսնել այնտեղ ինչ է կատարվում, բայց այնուամենայնիվ կան որոշ սահմանափակումներ, որոնք ամենաարմատական եւ ամենաագրեսիվ գործիչների համար գործում են:
Մենք մինչեւ հիմա որեւէ պատճառ չունենք դժգոհելու հայ-ռուսական համագործակցությունից: Վերջին 2 տարիներին այդ համագործակցությունը բավական ակնառու է եղել հայկական բանակի մոդեռնիզացման առումով: Բայց կրկնում եմ՝ ամեն ինչ վճռվում է հայկական բանակի կողմից:
Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում