Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռիչարդ Հոգլանդ. Իմ համանախագահության օրերին չէի զգում, որ ՌԴ-ն ցանկանում է տեսնել ղարաբաղյան խնդիրը լիովին կարգավորված

Սեպտեմբեր 30,2020 07:46

«Ամերիկայի ձայն». ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոյի կարծիքով այս պահին դժվար է պատկերացնել Երևանի ու Բաքվի միջև երկխոսությունն առանց արտաքին ուժերի քաղաքական և դիվանագիտական ներգրավվածության: Միջազգային հանրության կոչերից զատ՝ անհրաժեշտ են հավելյալ դիվանագիտական ջանքեր և քայլեր՝ կողմերին ստիպելու դադարեցնել կրակը և նստել բանակցային սեղանի շուրջ՝ խնդիրը ոչ թե զենքով, այլ խոսքով կարգավորելու համար, իսկ արտաքին ուժերի ռազմական միջամտությունն, ըստ նրա, միայն կբարդացնի իրադրությունը:

«Այս բախումները որևէ հաջողության չեն հանգեցնի: Դա նախկինում արձանագրել են նաև հակամարտության կողմերի ղեկավարները: Այս խնդիրը չի կարող լուծվել ռազմական եղանակով»,- ասում է Քավանոն:

Նա ընդգծում է ԱՄՆ և ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի ուղերձների կարևորությունն ընդդեմ ղարաբաղյան հակամարտության ռազմական գործողություններում արտաքին ուժերի ներգրավմանը: Այս ուղերձները կարող են հակազդել Անկարայից հնչող որոշ ուղերձներին, որոնք գտնում են, որ եկել է խնդիրը ռազմական եղանակով կարգավորելու ժամանակը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի մեկ այլ համանախագահ՝ դեսպան Ռիչարդ Հոգլանդն առանձնացնում է տարածաշրջանում Ռուսաստանի դերակատարությունը: Նրա կարծիքով հայ-ադրբեջանական հակամարտության հարցում Ռուսաստանն ունի ոչ միանշանակ և բարդ մոտեցում:

«Ռուսաստանն, իհարկե, չի ցանկանում լայնածավալ պատերազմ տարածաշրջանում, ուստի կոչ է անում զինադադարի: Միևնույն ժամանակ, իմ համանախագահության օրերին օրինակ, ես չէի զգում, որ այն ցանկանում է տեսնել ղարաբաղյան խնդիրը լիովին կարգավորված»,- ասում է դեսպան Հոգլանդը:

Ռիչարդ Հոգլանդը չի կարծում, որ ղարաբաղյան հակամարտության վերջին լարվածության աճը սակայն կապված է Մոսկվայի և Անկարայի միջև բարդ հարաբերությունների հետ, որոնք պայմանավորված են Սիրիայի և Լիբիայի հարցերով: Զինադադարի հաստատման հարցը որոշում են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները: Անհրաժեշտ է դադարեցնել ուժի կիրառումը և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ, հակառակ դեպքում մենք ականատես կլինենք արյունահեղության շարունակմանը, գտնում է Հոգլանդը:

Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930