Արթուր Խաչենցն արմատներով Արցախի Հադրութի շրջանից է։ Երաժշտության հանդեպ մեծ սերը նրան ուղեկցեց դեպի մեծ բեմ։ Համո Սահյանի «Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում» բանաստեղծությունը` երգի տարբերակով, Արթուրը կատարեց, որը մեծ հաջողություններ բերեց նրան։ Երգը սիրվեց…
Արթուր Խաչենցը մասնակցել է մի շարք երաժշտական ծրագրերի ու մրցույթների։ Նա միշտ ժպտում է, անգամ ջղայնացած ժամանակ։ Ուզում էի իմանալ, թե մշտափայլ ժպիտն ինչի՞ց է առաջանում, ի՞նչն է ոգեւորում ժպիտին, որ նորից ու նորից ժպտա։ Պատասխանը հետաքրքիր էր. նա ասում է, որ իր ժպիտը դարձել է պաշտպանիչ շերտ ու արհամարհանք բոլոր տեսակի խնդիրների ու պրոբլեմների դեմ։ Ժպտում է, քանի դեռ ապրելու եւ պայքարելու անսահմանություն ունի։ Ասում է, որ բոլորն էլ արժանի են այդ ժպիտին, իսկ անարժան մարդիկ մեզանից շատ հեռու են։
Պայքարելը նրա կենսակերպն է. «Այն ամենն, ինչ ոգեշնչում է, ինձ ուժ է տալիս պայքարելու համար։ Անգամ ներշնչանքս ապագայի հույսով է, որ լավ է լինելու ամեն ինչ՝ անկախ ամեն ինչից, ցանկացած հարցում։ Լավատես եմ, հավատում եմ լուսավորությանը… անկախ կյանքի մթության խավարումներին էլ հաղթահարում եմ»,-ասում է նա։
Երաժշտությունն Արթուրի մեջ սպանելը գրեթե անհնարին է, ասես նրանով ապրում է ու սիրում, նաեւ փորձում է առաջ սլանալ։
Կարդացեք նաև
Ասում է, որ կյանքի ամենաերջանիկ օրը դեռ չի եկել։ Սպասում է…
Անկասկած ասում է, որ ընտրյալը հայուհի է լինելու, քանզի ինքն ազգայնամոլ խենթի մեկն է, ով իր կողքին տեսնում է միմիայն հեքիաթային հայ աղջնակի։ Երազում է երազանքներ չունենալ, այլ փոխարենը ձիգ ուժերով իր նպատակներին հասնել:
Իմ հարցին, թե ուրիշներին սիրո՞ւմ է պատմել իր ծրագրերի եւ մտադրությունների մասին, նա պատասխանեց. «Ուրիշներին ոչինչ չեմ սիրում պատմել, իսկ մոտիկ մարդիկ քաջ տեղյակ են իմ հետագա թռիչքների մասին, գիտեն ինչի եմ մղվում ու հանուն ինչ գաղափարների եմ անպարտելի եւ անսասան»:
Եկանք մի պարզ եզրակացության՝ կյանքը հանելուկ է, որի պատասխանն է ՍԵՐ… Սեր ցանկացած պարագայում՝ ապրելու համար, երջանիկ եւ անհոգ արարելու համար։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Արցախ
«Առավոտ» օրաթերթ
28.09.2020