Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր արվեստագետների ոգին էլ է անկոտրում, ինչպես զինվորներինը

Սեպտեմբեր 30,2020 12:30

Ադրբեջանի եւ նրա մեծ եղբոր սանձազերծած պատերազմը չի կոտրել մեր մշակույթի գործիչների ոգին։ Դեռեւս Հայրենական մեծ պատերազմի հենց առաջին օրվանից մեր արվեստագետները իրենց դիրքերից չեն նահանջել։ Այսպես. 1941թ. հունիսի 22-ին, երբ վաղուց ծրագրված էր Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը եւ որպես դիրիժոր Լենինգրադից հրավիրված էր մեր հայրենակից Իսպիր Խարաջանյանը, երեկոն կայացավ, բայց այլ ծրագրով՝ հնչել են ռազմաշունչ երաժշտություն ու հայրենասիրական երգեր։ Մեկ տարի անց նույն օրը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը առաջին անգամ վարագույրը բացում է Նելսոնի «Թագավորը զվարճանում է» օպերետով։ Այդ տարիներին, կոնկրետ՝ 1944թ., Երեւանում առաջին անգամ անցկացվում է շեքսպիրյան փառատոն, որտեղ Համլետի դերով փայլում է Վաղարշ Վաղարշյանը։ Իսկ «Համլետը» բեմադրել էր Արմեն Գուլակյանը, 1942թ.։

Հայրենականի տարիներին Երեւանում մեկ օր անգամ չեն դադարել հյուրախաղորդ արվեստագետների ելույթները, այդ թվում՝ Լյուբով Օռլովա, Լեոնիդ Կոգան, Դավիթ Օյստրախ, Յակով Ֆլիեր, Իվան Կոզլովսկի, ռուսաստանաբնակ Սուրեն Քոչարյան, Զառա Դոլուխանյան, Պավել Լիսիցյան եւ այլն։ Ավագ սերնդի արվեստագետներից մեկ-երկուսն էլ դեռեւս հիշում են դերասան, 19-ամյա Վազգեն Մուրադբեկյանին, որը կամավոր մեկնել է ռազմաճակատ ու չի վերադարձել, մինչդեռ հավաստիացնում են, թե առաջին քայլերն անող դերասանը  ի՜նչ Քաջ Նազար էր, Գիքոր։ 1990-ականների սկզբներին էլ, թեեւ ընդունված է որակել անմշակույթ տարիներ, բայց, օրինակ, Ազգային օպերային թատրոնը «Զվարթնոց» տաճարի տարածքում ներկայացրեց Դոնիցետիի «Պողիկտոս» եւ Տիգրանյանի «Անուշ» օպերաները եւ այլն։ Այս ամենը՝ արցախյան պատերազմի տարիներին, ինչն ըստ էության, շուրջ 30 տարի շարունակվում է։ Նշենք՝ ապրիլյան քառօրյայի եւ տավուշյան դեպքերից հետո մեր արվեստագետների աջակցությունը տեղի բնակչությանն ու զինվորականներին։ Հատկապես փաստենք ԿԳՄՍ նախարարության «Թիկունքը՝ մշակույթ» նախագիծը։

«Առավոտին» հասած տեղեկությունը, թե զորակոչվել են  արվեստագետներ, հաստատեցին մեր զրուցակիցները՝ երեւանյան մեկ-երկու մշակութային օջախների ղեկավարները եւ հավելեցին, որ նրանց թվում են նաեւ տեխնիկական աշխատողներ։ Իսկ տիկնիկային թատրոնի ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը հայտնեց, որ թատերական ինստիտուտի իր երկու ուսանողները մեկնել են կամավոր։ Մեր զրուցակիցները վստահ են, որ միանշանակ հաղթելու ենք՝ այս անգամ ոչ միայն Ադրբեջանին, այլեւ Թուրքիային։

Այժմ անդրադառնանք օրերս Վանաձորի «Բոլոր քար» պատմամշակութային տարածքում կայացած տեղի քաղաքապետարանի կամերային նվագախմբի համերգին, որը մեծ արձագանք է ունեցել, եւ, ըստ էության, մինչեւ պատերազմը տեղի ունեցած վերջին մշակութային միջոցառումներից է։ Նվագախումբը կազմավորվել է 1992թ., գեղարվեստական ղեկավարն է Սպարտակ Ջամվելյանը։ Մեզ հետ զրույցում նվագախմբի տնօրեն Գայանե Հարությունյանը նշեց, որ հանդիսատեսին հրամցրած իսկապես ներկայանալի ծրագիրը դրամաշնորհային մրցույթի շրջանակներում հավանության է արժանացել ԿԳՄՍ նախարարության, անձամբ փոխնախարար Արա Խզմալյանի կողմից։ «Այդ ծրագրով պատրաստվում էինք մասնակցել հոկտեմբերի 3-ին՝ Վանաձորի օրվան նվիրված համերգին, բայց պարոն Խզմալյանի առաջարկով այդ ծրագիրը հնչեցրինք սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության 29-րդ ամյակին, որ կայացած համերգին նվագախումբը համալրվել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներով, որպես մենակատարներ հանդես են եկել երգչուհի, սոպրանո Արմինե Վիրաբյանը, ջութակահար Սպարտակ Ջամվելյանը, շեփորահար Հարություն Խաչատրյանը։ Հավելեց նաեւ, որ նվագախումբը պարբերաբար ելույթներ է ունենում հանրապետության տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Գյումրիում, Սպիտակում, Ստեփանավանում, Դիլիջանում, Ալավերդիում եւ այլն»։ Ռեպլիկին՝ Վանաձորի կամերայինին երբեք չենք հանդիպել Երեւանում, տիկին Հարությունյանն ասաց. «Դեռ կհանդիպեք, որից հետո գուցե նվագախմբի համար ճանապարհ բացվի դեպի արտասահման»։

Զրույցի ընթացքում տնօրենը նշեց, որ աջակիցների «մասով իրենց բախտը բերել է, հետո էլ մանրամասնեց. «Օրինակ, «Բոլոր քար» պատմամշակութային տարածքում կայացած համերգին աջակցել էին ԿԳՄՍ նախարարությունը, Վանաձորի քաղաքապետարանը, իսկ քաղաքապետարանի մշակույթի բաժնի վարիչ Գոռ Բադյանի մշտական ուշադրության կենտրոնում գտնվող մեր նվագախումբը գուցե մոտ ապագայում վերաճի սիմֆոնիկ նվագախմբի։ Մի շատ կարեւոր փաստ արձանագրեմ. Վանաձորի արվեստի քոլեջի ուսանողների եւ երաժշտական դպրոցների լավագույն աշակերտների ուժերով 2017թ. ստեղծվեց «Անկախության սերունդ»։ Այս կազմակերպության մեջ ընդգրկված պատանի երաժիշտները հնարավորություն են ունենում որպես մենակատարներ հանդես գալ կամերայինի հետ։ Եվ սա կարծես լավագույն հնարավորություն է նվագախմբի սերնդափոխության համար»։ Դիտարկմանը՝ կարծես թե այս պահի դրությամբ ամեն ինչ խոսվեց նվագախմբի մասին եւ շուրջ, բայց, ի վերջո, ո՞վ էր ղեկավարում համերգը, որի դրական արձագանքները շարունակվում են, թեեւ լուսանկարներից մեզ հայտնի է դիրիժորը, Գայանե Հարությունյանը ժպտալով ասաց. «Էլ ո՞վ կարող էր նման բարձրակարգ երեկո ապահովել, բարձրարվեստ մատուցելով կոմիտասյան փոխադրումները, Արմեն Տիգրանյանի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Բաղդասարյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Գրիգոր Հախինյանի  եւ մյուսների ստեղծագործությունները, իհարկե՝ մեր մաեստրո Ռուբեն Ասատրյանը։ Ասեմ, որ համերգին իր մասնակցությունն էր բերել Սերգեյ Հարությունյանի ղեկավարած Վանաձորի «Բիայնա» երգչախումբը»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում՝ Գայանե Հարությունյանը եւ Ռուբեն Ասատրյանը։

«Առավոտ» օրաթերթ
28.09.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930