Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո, դա մանիպուլյացիա է, ինչպես իրենց հատուկ է». Ռուբեն Սաֆրաստյանը՝ թուրքական կողմի հայտարարության առիթով, թե իրենք հայկական ինքնաթիռ չեն խոցել

Սեպտեմբեր 29,2020 23:52

«Այո, դա մանիպուլյացիա է, ինչպես իրենց հատուկ է»,- Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կգնահատի թուրքական կողմից հնչող այն հայտարարությունները, թե Թուրքիան Հայաստանի ինքնաթիռ չի խոցել, այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Հիշեցնենք՝ Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը թուրքական Habertürk TV-ի լրագրողին ասել է, թե «Թուրքիան Հայաստանի ինքնաթիռ չի խոցել»: ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր . «Մարտական խնդիրը կատարելիս հակաօդային և օդային մարտերի ընթացքում  Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Օդաչուն, ցավոք, հերոսաբար զոհվել է»:

Ռուբեն Սաֆրաստյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նքն ինչ տեղեկություններ ունի, նա պատասխանեց. «Իմ տեղեկությունները շատ պարզ են՝ ինձ համար տեղեկությունն այն է, ինչ հաղորդում է մեր ՊՆ-ն: Ես որպես թուրքագետ տասնյակ տարիներ շարունակ ականատես եմ եղել թուրքական ԶԼՄ-ների տարբեր տեսակի կեղծիքների, այնպես որ ինձ համար ակնհայտ է , որ այն, ինչ հաղորդում է մեր պաշտպանության նախարարությունը, դա ճշմարտությունն է»:

Մեր այն դիտարկմանը՝ մի՞թե Թուրքիան նման չհաշվարկված քայլ է կատարել, մանավանդ, որ Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության ղեկավար Վագիֆ Դարգահլին հայտարարել էր, թե ադրբեջանական կողմը F-16 տիպի կործանիչներ չունի և մարտերում դրանք չի կիրառում, Ռուբեն Սաֆրաստյանն այսպես արձագանքեց. «Եթե մենք ընդհանուր գնահատենք Թուրքիայի քաղաքականությունը Էրդողանի այս վերջին տարիների կառավարման ընթացքում, ապա տեսնում ենք, որ ամենատարբեր  ուղղություններով Թուրքիայի արտաքին քաղաքականությունը ձեռք է բերում ագրեսիվություն և Թուրքիան կիրառում է զինված ուժեր և′ Հյուսիսային Իրաքում, և′ Հյուսիսային Սիրիայում, և′ Լիբիայում: Մենք տեսնում ենք Թուրքիայի ագրեսիվությունը միջերկրական ծովի շրջանում: Թուրք մասնագետների հաշվարկով՝ ներկայումս աշխարհում 13 երկրում տեղակայված են թուրքական զորքեր: Եվ ուրեմն փաստորեն հիմա այդ քաղաքականությունը, որը հիմնվում է զինված ուժերի տեղակայման կիրառման վրա, տեղափոխվել է Հարավային Կովկաս: Ակնհայտ է, որ Թուրքիան իր զինված ուժերը, որոնք մասնակցում էին համատեղ ադրբեջանական բանակի զորավարժություններին, մի մասը պահել էին Ադրբեջանի տարածքում՝ տեխնիկական անձնակազմը և զինված ուժերի ներկայացուցիչներին: Այնպես որ, այն, ինչ հիմա տեղի է ունենում Հարավային Կովկասում, համարում եմ, որ գտնվում է ընդհանուր թուրքական քաղաքականության շրջանակներում»:

Դառնալով ադրբեջանական կողմի հայտարարությանը, թե իրենք F-16 տիպի կործանիչներ չունեն, Ռուբեն Սաֆրաստյանն ասաց. «Եթե իրենցը չէ, ուրեմն Թուրքիայինն է: Մեկ անգամ ևս հաստատվում է փաստը: Մենք գործ ունենք նրա հետ, որ ոչ թե Թուրքիան թաքնված ինչ-որ միջոցով է միջամտում Ադրբեջանին և փորձում է, որ միջամտության հետքերը չերևան, այլ ակնհայտ հայտարարություն է անում, ամեն կերպ ցույց տալիս, որ ինքը մասնակից է Ադրբեջանի այս ագրեսիային՝ որպես Ադրբեջանի դաշնակից: Եթե այս տրամադրությունների շրջանակում դիտարկենք, Թուրքիայի գործելաոճը միանգամայն հասկանալի է: Ինքը լկտիաբար իր պահվածքով ցույց է տալիս, որ ինքը ինչ ուզում է, կարող է անել նաև Հարավային Կովկասում: Սա որոշ չափով նաև ուղղված է ՌԴ-ի դեմ, որ ցույց տա՝ մենք մեր տեղն ունենք Հարավային Կովկասում, միայն  դուք չեք: Այս լկտիության գաղտնիքը կարծում եմ հենց դրանում է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930