«Օրվա ընթացքում շարունակվել են համառ մարտերը սահմանի գրեթե ամբողջ երկայնքով, թեժ են եղել հյուսիսային ու հարավային ուղղությունները: Ընդհանուր առմամբ՝ պատերազմի սկսվելու առաջին իսկ պահից հակառակորդը կորցրել է կենդանի ուժ՝790 մարդ, որից 180՝ Քարվաճառի ուղղությամբ, մոտ 1900 վիրավոր ունեն: Հայկական ստորաբաժանումները հակատանկային ու ոչ հակատանկային միջոցներից 137 զրահատեխնիկա ու տանկ են խոցել, ոչնչացվել է 72 ԱԹՍ, ոչնչացվել է 7 ուղղաթիռ եւ մեկ ինքնաթիռ»,- միասնական տեղեկատվական կենտրոնում այսօր հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, այսօր աննախադեպ էր այն առումով, որ հարձակման ենթարկվեց ՀՀ Վարդենիսի շրջանը, հարձակման ենթարկվեց ավիացիոն ու օդային այլ միջոցներից՝ մասնավորապես, մարտական ԱԹՍ-ներից: Պարոն Հովհաննիսյանը հիշեցրեց, որ այսօր Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչների կողմից խոցվել է ՀՀ ԶՈւ ՍՈւ-25 գրոհիչը.
«Ադրբեջանը շտապեց հերքեց ծիծաղելի բառապաշարով՝ նշելով, որ նման ինքնաթիռ Ադրբեջանի սպառազինության մեջ չկա, մենք շատ լավ գիտենք, որ չկա, եւ այն պատկանում է Թուրքիային»:
Կարդացեք նաև
Պարոն Հովհաննիսյանն ասաց նաեւ, որ ամփոփում են հայկական կողմի կորուստները, որոնք կներկայացնեն վաղը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ