Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր ՊԲ ստորաբաժանումները վերցրել են նախկինում կորցրած որոշակի դիրքեր». Արթուր Սարգսյան

Սեպտեմբեր 29,2020 22:45

«Ոչ, ռազմական գործողությունների ինտենսիվության նվազում չկա»,- հարցին՝ կարելի՞ է ասել, որ ռազմական գործողությունների ինտենսիվության նվազում կա նախորդ օրերի համեմատ «Արցախ» տեղեկատվական շտաբում հրավիրված մամուլի ասուլիսին այսպես պատասխանեց Արցախի Հանրապետության (ԱՀ) պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը:

Նա հավելեց՝ այսօր այն  ուղղություններով, որտեղ ունեցել ենք հաջողություններ, այնտեղ հակառակորդը ջանքերը կրկնապատկել է: Նա դիմելով լրագրողներին ասաց. «Առավել ևս, դուք երևի եղել եք Ստեփանակերտում, Ասկերանի շրջանում, տեսել եք հրթիռային հրետակոծության հետևանքները»:

Հարցին՝ ի՞նչ կարող եք ասել Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի օգտագործման մասին, արդյոք այն նկատվե՞լ է Արցախի օդային սահմանին, Արթուր Սարգսյանը պատասխանեց. «Հավաստի տվյալներով՝ Ձեր արտահայտած միտքը համապատասխանում է ճշմարտությանը: Հետագա գնահատականները թույլ տվեք տան մեր քաղաքական այրերը: F-16-ի կիրառում գրանցվել է Արցախի օդային տարածքում»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ հայկական կողմում կա՞ն ադրբեջանցի զինվորականներ, նա պատասխանեց. «Հասկանալի պատճառներով այդ հարցին չեմ պատասխանի»:

Մյուս հարցին՝ մեզ մոտ կա՞ն Սիրիայից եկած զինյալներ, ռազմագերիներ կամ թուրք ռազմագերիներ Թուրքիայի զինված ուժերից, Արթուր Սարգսյանը ևս չպատասխանեց՝ տեղեկացնելով առաջիկայում կհրապարակվի այդ մասին ճշտված տեղեկություն:

Հետաքրքրությանը՝ կարո՞ղ ենք ասել, որ առաջնագիծն այլևս չի գործում գոնե որոշ ուղղություններով, նախարարի տեղակալը պատասխանեց. «Արդեն իսկ չի կարելի դա անվանել առաջնագիծ: Դա կարելի է համարել ռազմաճակատային գիծ: Ամբողջ ճակատով ընթանում են մարտեր, այս վայրկյանին էլ ընթանում են մարտեր: Չկա այդ առաջնագիծ կոչվածը և կարող է խորանալ դեպի մեր և դեպի հակառակորդի կողմ»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Ադրբեջանը դիմե՞լ է ռազմաճակատի տարբեր հատվածներում մեծ թվով դիակների հավաքման համար, Արթուր Սարգսյանը պատասխանեց. «Ես ոչ մի պաշտոնական տեղեկատվություն չունեմ դիմելու հետ կապված»:

Խոսելով հակառակորդի կորուստների մասին՝ Արթուր Սարգսյանն ասաց. «Հակառակորդի ընդհանուր անձնակազմի կորուստները 500-ից ավելի են բոլոր այս օրերի ընթացքում: Այսօրվա մարտերում  հակառակորդն ունեցել է հետևյալ կորուստները՝ 17 տանկ, 4 զրահափոխադրիչ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 13 ԱԹՍ:  Մեր կորուստների մասին տվյալները կներկայացվեն քիչ ուշ»:

ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը նշեց, որ այսօր ևս հակառակորդը ձախողել է իր զավթողական քաղաքականության մեջ, ավելին, ռազմաճակատի տարբեր ուղղություններով ՊԲ տարբեր ստորաբաժանումները գրանցել են զգալի հաջողություններ՝ վերցնելով նախկինում կորցրած որոշակի դիրքեր՝  հիմնականում հյուսիսային և հարավային ուղղություններով: Ամբողջ գիշեր և ցերեկվա ընթացքում ընթացել են ինտենսիվ ռազմական գործողություններ ամբողջ ճակատում՝ բոլոր ուղղություններով: Հատկապես լարված են եղել հյուսիսային և հարավային ուղղությունները: Նախորդ օրերին ունեցած անհաջողությունների հետ հակառակորդը չհամակերպվելով՝ այսօր ևս օգտագործել է իր ամբողջ զինանոցը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930