Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի զինված ուժերը ագրեսիվ պատերազմ են սանձազերծել և վարում նաև Հայաստանի Հանրապետության նկատմամբ

Սեպտեմբեր 29,2020 21:45

Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը,  ի խախտումն ՄԱԿ-ի Կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ մասի, կիրառելով ականանետային-հրթիռահրետանային համակարգեր և անօդաչու թռչող սարքեր, 2020թ. հուլիսի 12-ից 17-ն ընկած ժամանակահատվածում, ռազմական հարձակումների թիրախ են դարձրել ինչպես ՀՀ զինված ուժերի մարտական հենակետերը, զորամասերը, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի մարզին հարող՝ խորը թիկունքում գտնվող օբյեկտները և խաղաղ բնակավայրերը,  որի հետևանքով սպանվել են զինծառայողներ, նյութական, գույքային վնասներ է կրել խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությունը:

Շարունակելով ագրեսիվ պատերազմ վարելու իր հանցավոր մտադրությունները՝ 2020թ սեպտեմբերի 29-ին, սկսած ժամը 10:30-ից, ադրբեջանական զինուժը ազգային ատելության շարժառիթով, հարվածային անօդաչու թռչող սարքերով, հրետանային միջոցներով սկսել է ինտենսիվ հրթիռակոծել և արկակոծել ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում տեղակայված զորամասի շինությունները, նույն տարածաշրջանի խաղաղ բնակչությամբ բնակեցված մի շարք բնակավայրեր: Դրանց հետևանքով սպանվել է խաղաղ բնակիչ, վնասվել են քաղաքացիական անձանց անշարժ և շարժական գույք, քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Ադրբեջանի զինված ուժերի կողմից կանխամտածված ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ ռազմական գերազանցության հասնելու նպատակով իրացնելով իր հանցավոր մտադրությունները՝ մինչ այդ, 2020թ. սեպտեմբերի 27-ի առավոտյան, խախտելով արցախա-ադրբեջանական զինված ընդհարման շրջանակներում 1994 թվականի մայիսի 12-ին ուժի մեջ մտած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարների կողմից ստորագրված հրադադարի մասին համաձայնագրի պայմանները, ինչպես նաև ընդհանուր միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերը, ամբողջ ծավալով օգտագործելով օդային և ցամաքային ռազմական տեխնիկա, մոտոհրաձգային ուժեր, Արցախի Հանրապետության սահմանի ողջ երկայնքով, ռազմական ագրեսիվ լայնածավալ հարձակողական գործողություններ են իրականացվել շփման գծում տեղակայված ԱՀ ԶՈՒ հենակետերի, ռազմական նշանակություն ունեցող օբյեկտների, ինչպես նաև սահմանագծից զգալիորեն հեռու, թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերի, ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտի նկատմամբ: Մասնավորապես, վերջիններս ենթարկվել են ինտենսիվ հրետակոծության և հրթիռակոծության:

Այս  գործողությունների արդյունքում սպանվել են բազմաթիվ զինծառայողներ և խաղաղ բնակիչներ, մեծ վնասներ են հասցվել ռազմական և քաղաքացիական նշանակության օբյեկտներին, բնակչության անշարժ և շարժական գույքին:

Արցախի նկատմամբ իրականացված այս գործողությունների փաստերի առթիվ 2020թ սեպտեմբերի 27-ին Հանրապետության իրավասու մարմինների կողմից հարուցվել է քրեական գործ, սկսվել է իրականացվել նախաքննություն:

Ձեռք բերված փաստական տվյալները վկայում են ադրբեջանական զինուժի կողմից ռազմական գործողությունների շարունակական բնույթի, համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված լինելու մասին, որոնք իրականացվում են ազգային ատելության շարժառիթով, կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի նորմերը, մասնավորապես, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի XXIX նստաշրջանի բանաձևով հաստատված՝ ագրեսիվ ռազմական գործողությունների արգելքը:

Նկատի ունենալով, որ Ադրբեջանի զինված ուժերի գործողություններում առկա են մասնավորապես Հայաստանի Հանրապետության նկատմամբ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, դրա շրջանակներում ծանրացուցիչ հանգամանքներում սպանություններ և սպանության փորձեր կատարելու, գույքին առանձնապես խոշոր չափերով վնասներ հասցնելու հանցավոր արարքների հատկանիշներ՝ ՀՀ զինվորական դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 384-րդ հոդվածի 2-րդ մասով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ զինվորական քննության գլխավոր վարչություն՝ նախաքննություն կատարելու հանձնարարությամբ:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930