Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է Պաշտպանության բանակի ձևավորման ու կայացման ակունքներում կանգնած մի խումբ նախկին բարձրաստիճան հրամանատարների:
Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել նրանց համախմբվածության և Պաշտպանության բանակի գործող հրամանատարությանն այս օրերին գործուն աջակցություն ցուցաբերելու համար՝ նշելով, որ յուրաքանչյուրը լեգենդար ուղի ունի անցած, և նրանց միասնական ուժի կործանիչ հարվածը թշնամին արդեն անդառնալի կերպով զգացել է:
«Հպարտ եմ, որ մեր ազգի հերոսները, հայոց զինված ուժերի հիմնադիր հրամանատարները, ովքեր զինվորական մեծ ճանապարհ ունեն անցած, ովքեր հաղթանակ և հպարտություն են պարգևել հայ ժողովրդին, համախմբված ու միասնական կերպով իրենց վճռական խոսքը կրկին պիտի ասեն: Ձեր գիտելիքներն ու փորձառությունը, վստահ եմ, մեծ աջակցություն են լինելու Պաշտպանության բանակին ու նրա արհեստավարժ հրամկազմին, և թշնամին ստանալու է իր արժանի ու կործանիչ հակահարվածը»,- ասել է նախագահը:
Կարդացեք նաև
Բարձրաստիճան նախկին զինվորականները նշել են, որ օրակարգում Հայրենիքի փրկության խնդիրն է, և հավաստիացրել են, որ իրենք ևս կներդնեն բոլոր ջանքերը ազատ, անկախ ու անվտանգ Արցախի գոյությունն ապահովելու համար: