Լրահոս
Օրվա լրահոսը

Լեոնիդ Ներսիսյան․«Արցախի հանրապետության ճանաչման համար արդեն ռիսկեր չկան․ այս պատերազմից հետո Ադրբեջանի հետ բանակցել նախկինում առկա բանակցային սկզբունքներով, բարոյապես էլ ճիշտ չէ»

Սեպտեմբեր 29,2020 20:35

«Կային մի քանի գործոններ, որոնք  ապահովում էին հարաբերական խաղաղություն եւ անվտանգություն Հայաստանի համար՝ ղարաբաղյան հակամարտության իմաստով, եւ դա միջազգային հանրություն էր՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, դա անուղղակիորեն ՆԱՏՕ-ն է, որի անդամ է Թուրքիան, եւ ՆԱՏՕ-ում Թուրքիայի գործընկերները զսպում էին  Թուրքիային այս հակամարտությունում եւ ընդհանրապես հայ-թուրքական ճակատի  բացումը։ՆԱՏՕ-ի ներսում առկա որոշ տարաձայնություններն ու Թուրքիայի՝ առանց գործընկերների հետ համաձայնություն ձեռ բերելու, խոսում է այն մասին, որ ՆԱՏՕ-ում  զսպող  մեխանիզմները դադարում են գործել»,-այսօր «Հոդված 3» ակումբում այսպիսի դիտարկում արեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ Արցախում ընթացող պատերազմական գործողությունների, դրանց հանգուցալուծման եւ Հայաստանի՝ Արցախի անկախության ճանաչման մասին քննարկման ժամանակ։

Պարոն Նավասարդյանը հիշեցրեց՝ Թուրքիային որոշակի զսպող գործոն կարող էր լինել ԵՄ-ին անդամակցումը՝ սակայն այս դեպքում էլ նկատելի է,  որ ԵՄ-ն  հրաժարվել է այս գաղափարից, Թուրքիան՝ նույնպես․«Եւ վերջապես, տարածաշրջանում Թուրքիայի եւ Ռուսաստանի ազդեցության հավասարակշռումը, որը եթե չի փոխվել, ապա կան  ակնարկներ,  որ Թուրքիան հավակնում է դրան եւ մենք դեռ նախկին ռազմական գործողությունների ժամանակ լսել ենք ե՛ւ թուրքական եւ ադրբեջանական գործիչներից, որ թուրքական ռազմական այն խմբավորումը, որը ՀՀ սահմաններին է, իր ռեսուրսներով եւ հնարավորություններով նշանակալի գերազանցում է ռուսական ներկայությանը Հայաստանում,  մասնավորապես Գյումրիում ռուսական 2-րդ ռազմաբազան։ Այս ամենը խոսում է այն մասին,  որ տարածաշրջանում  ՌԴ-ի  երաշխիքները՝ կայունության եւ անվտանգության եւ  ստատուս քվոյի պահպանումը մինչեւ հակամարտության խաղաղ կարգավորումը, դրանք էլ որոշակի առումով թուլացման միտում ունեն։

Վերջին գործոնը՝  բանակցությունների ընթացքն է, որը այս կամ այն մակարդակով այլընտրանք է ռազմական գործողություններին, եւ եթե այս գործոն էլ է դադարում գործել, ապա Երեւանի եւ Ստեփանակերտի այս ֆորմատով հարաբերությունների շարունակումն իմաստը կորցնում  է եւ աշխարհին էլ նման հարաբերություններն անհասկանալի են»։

Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ ավելի հստակ կլինի Արցախի  ու ՀՀ-ի, աշխարհի  համար, եթե ՀՀ-ն ճանաչի Արցախը որպես անկախ պետություն եւ իրավական փաստաթղթերով ձեւակերպի իր ռազմական, տնտեսական աջակցությունն ու հարաբերություններն այն մոդելով, որը գոյություն ունի Թուրքիայի եւ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության միջեւ,  որը ոչ ոք չի ճանաչել․«Բայց այս գործոնը ընդունվում  է միջազգային հանրության կողմից որպես որոշակի դերակատարող։ Այսինքն՝ Արցախի անկախության Հայաստանի ճանաչումը որեւէ կերպ չի ազդի ներկայիս  ռազմական գործողությունների վրա։ Բայց հեռանկարում բանակցությունների բացակայության դեպքում, սա ամենատրամաբանական քայլն է քայլն է»։

Քննարկմանը ներկա ռուսաստանաբնակ քաղաքագետ Լեոնիդ Ներսիսյանն էլ կարծիք հայտնեց, որ Հայաստանը դեռեւս հնարավորություն է թողնում բանակցությունների համար․«Բայց ես անձամբ կարծում եմ, որ այսօր ռազմական գործողություններ այն աստիճանի են հասել, որ Արցախի հանրապետության ճանաչման համար ռիսկեր արդեն չկան։ Այսինքն, այսօր  լայնածավալ պատերազմ է, ի տարբերություն 2016 թվականի, երբ ճանաչումը կարող էր  հավելյալ էսկալացիայի բերել։ Այսօր կա լավ հնարավորություն այդ հարցը փակել եւ երբ ավարտվեն ռազմական գործողությունները, փորձել բանակցությունների նոր ֆորմատ ստեղծել, մանավանդ երբ այն ժամանակ այլ պատերազմ էր եւ այլ ֆորմատ, ապա ինչու հիմա՝ այլ պատերազմի դեպքում նոր ֆորմատով բանակցությունների հիմք չստեղծել։ Ես կարծում եմ, այս ամենից հետո Ադրբեջանի հետ բանակցել նախկինում առկա բանակցային  սկզբունքներով, իմաստ չունի, դա նույնիսկ ինչ-որ իմաստով բարոյապես էլ ճիշտ չէ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930