Լրահոս
Օրվա լրահոսը

Վրացագետը` Սաակաշվիլու եւ Արցախի մասին. «Նրա կեցվածքը կարող է ատելություն առաջացնել»

Սեպտեմբեր 29,2020 18:17

Aravot.am-ը վրացագետ Ալիկ Էրոյանցից մեկնաբանություն խնդրեց Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի` օրերս կատարած ֆեյսբուքյան գրառման վերաբերյալ, որտեղ վերջինս բացահայտ սատարել էր Ադրբեջանին` Արցախը համարելով այդ երկրի տարածքային ամբողջության մաս:

Վրացագետը նշեց, որ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է հակամարտությանը մեր տարածաշրջանում, երբ կոնֆլիկտային իրավիճակում է գտնվում նաեւ Վրաստանը, որի ներկայացուցիչն է նաեւ Միխեիլ Սաակաշվիլին:

Նրա ձեւակերպմամբ, Վրաստանի նախկին բարձրաստիճան պաշտոնյան, որը մինչ այժմ Վրաստանից եւ տարածաշրջանից դուրս չի եկել այն իմաստով, որ իր ակտիվությամբ՝ թեկուզ հեռակա կարգով, իր մասնակցությունն է ունենում մասնավորապես Վրաստանի ներքաղաքական զարգացումներին` ակտիվ լինելով առհասարակ, պետք է գիտակցեր, որ իր հայտարարությունները` կապված կոնֆլիկտների հետ, բնակաբար պետք է իրենց արտահայտությունը գտնեին թե հասարակությունների շրջանում, թե ժողովուրդների մեջ եւ թե առհասարակ քաղաքական առումով:

Ալիկ Էրոյանց

«Պատերազմական իրավիճակում գրեթե բոլոր կողմերը` լինեն պետություններ, միջազգային կազմակերպություններ կամ գործիչներ, հիմնականում աչքի են ընկնում չեզոք դիրքորոշմամբ, եւ թերեւս միայն Թուրքիան է, որ առանձնանում է նրանցից: Բնավ չուզենալով համեմատելով Էրդողանի եւ Սաակաշվիլի կեցվածքները` ցանկանում եմ ընդգծել, որ Սաակաշվիլիի կողմից սա հերթական ցուցադրումն է իր պոպուլիստական կեցվածքի: Նորից եմ կրկնում` հատկապես պատերազմական իրավիճակում հանդես գալ նման հայտարարությամբ, մանավանդ որ սպոնտան հարցազրույցի կամ մեկնաբանության թեմա չի էլ եղել, նշանակում է ուղղակի ընդգծված կերպով արտահայտել է սեփական ադրբեջանանպաստ դիրքորոշումը»,-ասաց վրացագետը: Նաեւ հավելեց, որ Սաակաշվիլի այդ քայլը բացասաբար է անդրադարձել նրա վարկանիշի վրա:

«Ցանկացած քաղաքական գործիչ, հատկապես լինելով հարեւան, բարեկամ երկրի նախկին պաշտոնյա, տվյալ դեպքում Վրաստանի նախկին նախագահ եւ ակտուալ քաղաքական գործիչ ներկա ժամանակահատվածի համար` հաճոյանալով այս կամ այն կողմին կամ ոչ հաճելի հայտարարությամբ հանդես գալով այս իրավիճակում` հարվածում է սեփական հեղինակությանը: Բացի այն, որ Վրաստանում ներքաղաքական լարված իրավիճակ է, այլեւ ընտրություններ են ու համավարակի շրջան, իսկ Սաակաշվիլին հեռակա կարգով իր մասնակցությունն ու միջամտությունն ունի Վրաստանի ներքաղաքական կյանքին: Նման հայտարարություն անելով` նա ցույց է տալիս իր անլրջությունը` ունենալով նպատակներ` առաջիկայում Ուկրաինայում եւ Վրաստանում լուրջ ներկայություն ունենալ: Նախընտրական շրջանում նրա այս կեցվածքը հակակրանք եւ ատելություն կարող է առաջացնել իր նկատմամբ ոչ միայն հայ ընտրողների կողմից, այլ ընդհանրապես որպես կարող է դիտարկվել որպես անլուրջ վերաբերմունք»,-ասաց վրացագետը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930