«Մենք իրականում գտնվում ենք շատ լայնածավալ եւ արտառոց պատերազմի մեջ: Սա, իրոք, կենաց-մահու պատերազմ է, որի ելքն այսօր որոշում է Հայոց բանակը: Եվ այն հաղթանակը, որ մենք պիտի կերտենք, իսկ մենք այդ հաղթանակը վստահաբար կերտելու ենք՝ լինելու է Հայոց բանակի եւ ռազմական ղեկավարության հաղթանակը, այն գեներալների, տղաների, կամավորականների, երիտասարդության հաղթանակը, ովքեր իրար հերթ չտալով՝ մղվում են Արցախ:
Այսօր իրականում մեր բոլորի մտքերը, գործողությունները, խոսքը, բոլորիս աղոթքը պետք է ուղղված լինի ռազմաճակատում մեր հաղթանակներին: Երկրորդ տարբերակ չկա: Եթե դու ռազմաճակատում տանում ես հաղթանակներ, իսկ մենք տանում ենք հաղթանակներ, դիվանագիտական ճակատում ավելի հզոր ես լինում եւ ավելի ամուր ես կանգնած լինում: Տեսեք, հայ ժողովուրդը կռիվ գնում է կամավոր, առանց կոչերի: Երիտասարդները, ծերերը գնում կամավոր են գրվում: Ժողովուրդը բնազդով հասկանում է, որ սա իր Ավարայրի ճակատամարտն է: Եվ այս անգամ իրեն բարոյական հաղթանակ պետք չի, այս անգամ իրեն պետք է ռազմական, ամրագրված հաղթանակ: Մենք մինչեւ վերջ կուշտ ենք բարոյական հաղթանակներից: Մենք պետք է հաղթանակ տանենք եւ դա պետք է լինի վերջնական հաղթանակ, այնպիսի հաղթանակ, որ վատագույն դեպքում 1994 թվականի հրադադարի պայմանագիրը պահպանվի երեք կողմերի մասնակցությամբ, լավագույն դեպքում դա վերջանա Ադրբեջանի կապիտուլյացիայով»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ