«Ադրբեջանը սեփական հայրենիք համարող մեր շիա համայնքին կոչ եմ անում Ղարաբաղում սկսված պատերազմի ավարտից անմիջապես հետո համախմբվել եւ դուրս գալ պայքարի այս նենգ իշխանության դեմ»: Այս մասին ասվել է «Մուսուլմանական միություն շարժման»՝ կալանավայրում գտնվող առաջնորդ Թալեհ Բաղիրզադեի՝ Սիրիայից և Լիբիայից ծայրահեղ իսլամիստների՝ Ադրբեջան տեղափոխման առնչությամբ հայտարարության մեջ, որը տարածվել է «Ənsonxəbərlər» լրատվական ծառայության «ֆեյսբուքյան» էջում։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Սիրելի քույրեր և եղբայրներ, ևս մեկ անգամ ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ տարիներ շարունակ Ադրբեջանում քանդվում են շիա հավատացյալների հանգանակություններով կառուցվող մզկիթները, անարդար կերպով Աստծո տված ազատությունից զրկվում և բանտեր են նետվում, կտտանքների ենթարկվում շիա հավատացյալները, նրանց թվում՝ և ես։ Դա մեծ սև բիծ է իսլամ անվան, մուսուլմանության և հենց Ադրբեջանի վրա։ Իսկ այժմ Յազիդի բանակի անհավատ և անհոգի ուժերը հերթական սադրանքին են դիմել՝ մեր հայրենիքի շիայական շարժումների և Ղարաբաղում կռվող մեր երիտասարդների դեմ։ Աստծուց հեռու կանգնած անդեմ ուժերն այս անգամ Սիրիայից և Լիբիայից ծայրահեղ իսլամականներին Ադրբեջան բերելով՝ նպատակ ունեն կոտորել շիաներին։ Հավատացյալ մեր համայնքի դեմ արված դավաճանական այս քայլը նպատակ է հետապնդում հարված հասցնել շիայական աշխարհին, սեփական տներից և հարազատ հայրենիքից վտարել մեր քույրերին ու եղբայրներին։ Ադրբեջանը սեփական հայրենիք համարող մեր շիա համայնքին կոչ եմ անում Ղարաբաղում սկսված պատերազմի ավարտից հետո համախմբվել և դուրս գալ պայքարի այս նենգ իշխանության դեմ»:
Թարգմանեց թուրքագետ Անի Մելքոնյանը