Իրանի իսլամական հանրապետության Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տեսակետներն արտահայտող Syriankhabar գործող տելեգրամյան ալիքում տարածվել է հերթական բացահայտ հակաադրբեջանական և հակաթուրքական հոդված, որն, ըստ էության, նախորդի շարունակությունը կարելի է համարել։ Ստորև պարսկերենից թարգմանաբար ներկայացնում ենք հրապարակումն ամբողջությամբ.
Այն մասին, թե ինչու չպետք է Իրանն օգնի Բաքվի իշխանություններին
«Աքսիոմա է այն պնդումը, որ յուրաքանչյուր երկրում գոյություն ունի «ազգային շահ» կոչվող մի երևույթ, որի պահպանմանը պետք է ուղղված լինեն տվյալ երկրի կառավարության բոլոր ջանքերը: Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքական համակարգում երբեմն որոշ անձնավորություններ փորձում են խուսափել այս պարտականության կատարումից և հաճախ օգտագործում են իրենց լիազորություններն անձնական շահի համար: Արաքսից հյուսիս ընկած տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների և զարգացումների նկատմամբ Իրանի ցուցաբերած դիրքորոշումների և կատարած քայլերի ուսումնասիրումը և վերլուծումը ցույց է տալիս, որ Թեհրանում գտնվող որոշ անձինք, որոնք նախկինում եղել են ԱՄԷ-ի շահերի պաշտպանները, այսօր էլ վերափոխվել են Բաքվի և Էրդողանի կառավարությունների շահերի եռանդուն պաշտպանների: Այս անձինք, իրենց վարած սխալ և ճակատագրական քաղաքականությամբ կաշկանդել են մեր երկրի ռազմավարական ներուժը և նվազեցրել են մեր պետության ազդեցությունների շրջանակը:
Մեր երկրի քաղաքական և գործադիր կառուցվածքների թույլ հակազդեցությունն այն իրադարձություններին, որոնք վերջին 48 ժամվա ընթացքում տեղի են ունեցել Արաքսից հյուսիս ընկած տարածքում, պարզապես զարմացնում է: Այն, որ ծայրահեղական վահաբինների՝ Իրանի հյուսիսային սահմաններում ներկայության վերաբերյալ մինչ այժմ ոչ մի ազդու ու սաստիչ հայտարարություն չի կատարվել, արդեն մտահոգության պատճառ է հանդիսանում: Մինչդեռ, եթե օդային կամուրջի ստեղծումը Իսրայելի ու Բաքվի ռեժիմների, ինչպես և՝ Անկարայի ու Բաքվի միջև տեղի ունենար աշխարհի ցանկացած մեկ այլ կետում, ապա, անշուշտ, կարժանանար տարածաշրջանի ուժեղագույն պետության անմիջական և արագ արձագանքին:
Կարդացեք նաև
Անգամ եթե դեռ շատ ուշ չէ տեղի ունեցածին արձագանք ցույց տալու համար, պետք է հաշվի առնել, որ ամեն րոպե Էրդողանն իր սնուցած ու մեծացրած ահաբեկիչներին Արաքսից հյուսիս ընկած տարածքներ՝ Իլհամ Ալիևի կոռումպացված և ոստիկանական ռեժիմին օգնության ուղարկելով, ավելի ու ավելի է չեզոքացնում մեր՝ տարիների ընթացքում առանց այդ էլ կիսատ ու թերի ներդրումներն այդ տարածաշրջանում: Անհրաժեշտ է, որպեսզի մեր երկրի ղեկավարներն ու որոշում կայացնողները հնարավորինս շուտ գործի անցնեն և այս հարցը մեկընդմիշտ լուծելու համար իրենց կոշտ ուժից օգտվեն: Հակառակ դեպքում ի՞նչ իմաստ ունի պետության ռազմական ներուժը, եթե այն ի վիճակի չէ սահմանից այն կողմ խաղաղություն ապահովելու:
Հուսով եմ, որ ոչ ոք տողերիս հեղինակին չի մեղադրի՝ մտածելով, թե «Սիրիական լուրեր» ալիքի խմբագիրը պատերազմ հրահրելով է զբաղված: Մենք Իրաքում և Սիրիայում մեր ազգային շահերի համար միլիարդավոր դոլարներ ենք ծախել, հազարավոր նահատակներ, անհայտ կորածներ և գերիներ ենք տվել ու ապացուցել, որ մեր երկրի անվտանգության հետ կապված հարցերում ոչ մի կողմի կամ պետության հետ կատակ չենք սիրում անել: Մոտ մեկ տասնամյակ է, ինչ պատերազմում ենք Էրդողանի կառավարության կողմից հովանավորվող ծայրահեղական տարբեր խմբավորումների դեմ, և այդ պատերազմը դեռ շարունակվում է: Այս պատճառով էլ Արաքսից հյուսիս գտնվող տարածքներում այս խմբավորումների ներկայությունը, որոնց դեմ տարիներ է, ինչ պատերազմում ենք Սիրիայում, նշանակում է պատերազմի տեղափոխում դեպի մեր անմիջական սահմաններ: Այսպիսի կարևոր փաստին կոշտ հակադարձություն չտալն առնվազն բազմաթիվ հարցեր է առաջ բերում:
Եթե որևէ մեկը այն կարծիքն ունի, թե Ռեջեբ Թայիբ Էրդողանն այնպիսի անձնավորություն է, որի հետ կարելի է բանակցել, ապա չարաչար սխալվում է: Ահավասիկ, հիվանդ ու հոգեպես անհավասարակշիռ մի մարդ, որը միջազգային քաղաքականության մեջ վարկաբեկված է և որոշումներ է կայացնում բացառապես իր անձնական կարիքների հիման վրա: Այս պատճառով է, որ մենք չպետք է այսօր Էրդողանի կամ թեկուզ հենց մեր ժամանակավոր կարիքներով առաջնորդվելով՝ ստիպված լինենք նրա հետ համագործակցելու:
Վերջում հարկ եմ համարում հիշեցնել, որ Կովկասում տեղի ունենալիք հնարավոր պատերազմը ուղղակի և անխուսափելի բացասական ազդեցություններ կունենա մեր երկրի ինչպես անվտանգության, այնպես էլ հասարակական շահերի վրա, իսկ շատ ոլորտներում եթե անգամ այդքան ավերիչ ու կործանարար չլինի, ապա առնվազն գործոն կհանդիսանա, որպեսզի Բաքվի իշխանությունները մեր երկրի հյուսիս-արևմտյան շրջաններում ազդեցության նոր լծակներ ձեռք բերեն:
Հարյուրավոր ծայրահեղական վահաբիականների տեղաշարժը և մուտքը Բաքվի հանրապետություն ցուցիչն է այն հանգամանքի, որ Իլհամ Ալիևի՝ տարիներով և մեծ նյութական միջոցներով կառուցած բանակն ի վիճակի չէ պատերազմելու հայկական բանակի դեմ: Առանց կասկածի, այսպիսի ծայրահեղական տարրերի ներկայությունն Իրանի հետ սահմանին անմիջական սպառնալիք է ներկայացնում մեր երկրի համար: Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ որոշ մարդկանց այն պնդումները, թե Բաքվի բանակը շիական և Մարգարեի ընտանիքին հավատարիմ բանակ է, բացարձակ հերյուրանք է, և վերոնշյալ երկու հանգամանքներն իրար հետ կապ չունեն: Այս առումով դժվար է պատկերացնել, թե ինչպե՞ս են մեր երկրում ոմանք, ովքեր թվում է, թե մեր կրոնի հանդեպ հարգանքով ու պատկառանքով են լցված, ցանկանում Սիրիայից եկած ծայրահեղական վահաբիականների կողքին կանգնել ու Բաքվի բռնապետության հետ հայերի դեմ պատերազմել:
Բաքվի կառավարիչները մշտապես հանդես են եկել կրոնի դեմ, երբևէ կրոնական հավատք կամ աշխարհայացք չեն ունեցել, իշխում են մաֆիոզական խմբավորման նման՝ հեռու կրոնական բարեպաշտությունից, ուստի նրանց համար տարբերություն չկա, թե ով կարող է իրենց օգնել սեփական իշխանությունը երկարաձգելու և Արաքսի հյուսիսի ռեսուրսները հափշտակելու հարցում։ Այդ պատճառով դիմել են Էրդողանին ու սիոնիստական ռեժիմին և կարծում են, թե նման մոտեցմամբ կարող են նպաստել տարածաշրջանում կրոնական ինքնության տարանջատմանը։ Դժբախտաբար, պետք է խոստովանել, որ տարիներ շարունակ մեր քաղաքականությունը Բաքվի հանդեպ լի է եղել սխալներով, որոնք, ցավոք, շարունակվում են մինչև օրս։ Այժմ պարզ է, թե որքան են սխալվել այն մարդիկ, ովքեր կարծել և ներկայում էլ կարծում են, թե նմանօրինակ վարմունքով կարելի է գրավել Ալիևի կառավարության համակրանքը։
Եթե այն օրը, երբ Արաքսի հյուսիսից սիոնիստական ռեժիմի կողմից ԱԹՍ էր արձակվել՝ թիրախավորելով և խոցելով Իրանի խորքերում տեղակայված օբյեկտներ և ինքնաթիռներ, ցույց տայինք մեր կոշտ վերաբերմունքը Բաքվի իշխանությանը և առնվազն մեր զինված ուժերի վերահսկողության տակ առնեինք Նախիջևանի շրջանը, որը շատ սերտ կապերով է կապված մեր հետ. այսօր շատ հարցեր ուրիշ տեսք կունենային, և Իլհամ Ալիևը չէր հանդգնի այդ տարածքները վերածել սիոնիստական ռեժիմի, Էրդողանի բանակի ու ծայրահեղական- ահաբեկիչական խմբերի օջախների։
Եթե Իրանում որոշ անձնավորություններ իրենց համոզմունքները հենում են Բաքվի հանրապետության տարածքում բնակվող բնակչության շիական լինելու հանգամանքի վրա, ապա ինչո՞ւ են լռում շիա թալիշների նկատմամբ Իլհամ Ալիևի ոստիկանության գործադրած բռնաճնշումների մասին: Եթե բնակչության շիական լինելը պետք է չափանիշ համարենք, ապա ութամյա իրան-իրաքյան պատերազմի ժամանակ էլ Իրաքի զինվորականների 60 տոկոսը կազմված էր շիաներից և մենք նրանց դեմ մի՞թե չէինք պատերազմում: Եթե որևէ մեկն իրապես մտածում է Իրանի ազգային շահերի մասին, ապա պետք է ընդամենը մեկ առանցքային հարցի պատասխան տա. ինչպե՞ս կարելի է պատերազմել մեկի համար, ում դաշնակիցների ցանկը բաղկացած է հակաշիայական ծայրահեղական ահաբեկիչներից, Էրդողանի հակաշիայական և հակաիրանական կառավարությունից,և, վերջիվերջո, Սիոնիստական ռեժիմից. այդ բոլորին միավորում է մեկ հանգամանք՝ անթաքույց թշնամանքը դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն»։