Ադրբեջանա-թուրքական այս լայնածավալ ագրեսիան, որ սանձազերծվել է Արցախի դեմ՝ չի բացառվում, որ նաեւ դեպի Հայաստան կարող է տարածվել, մանավանդ այսօր Վարդենիսին էլ է հարված հասցվել: Aravot.am-ն այսօր «Հայելի» ակումբում այս համատեքստում հետաքրքրվեց՝ Հայաստանում քաղպաշտպանության դրվածքն ի՞նչ մակարդակի վրա է, հատկապես Երեւանում ու խոշոր քաղաքներում մարդիկ գիտե՞ն, թե նման դեպքերում ուր պետք է գնան եւ ինչ պետք է անեն: Մեր այս հարցադրմանը մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը պատասխանեց. «Շատ ճիշտ հարց եք բարձրացնում, եւ դա պետք է լրջորեն արժանանա ՊՆ-ի եւ մյուս բոլոր պատկան մարմինների պատասխանատուների ուշադրությանը: Ես համոզված եմ, որ Երեւանի 99 տոկոսը չգիտի, թե որտեղ է գտնվում իրենց ապաստարանը, ուր պետք է գնա, ընդհանրապես կա՞ն այդ ապաստարանները եւ կահավորվա՞ծ են, թե՞ ոչ: Սա, իրոք, պրոբլեմ է: Ժողովրդի հետ պետք է աշխատանք տանեն բոլոր իրավասուները՝ նաեւ մարզպետարանները, քաղաքապետարանները, գյուղապետարանները, տեղի զինվորականները, ԱԻՆ-ը»:
Իսկ «Պարացելսիուս» ՀԿ հիմնադիր ղեկավար Նունե Ներսիսյանը ավելացրեց. «Հայաստանում պատերազմական դրություն է հայտարարված եւ, այո, այդ ոլորտը ուշադրությունից դուրս է մնացել: Սա, իսկապես, շատ լուրջ հարց է, որով պետք է զբաղվել: Կյանքն է թելադրում, որ հանրակրթական դպրոցներից սկսած պետք է պատշաճ մակարդակով քաղպաշտպանություն եւ ռազմագիտություն սովորեցնել: Սահմանամերձ գյուղերի բնակիչների համար կրակոցները, գնդակոծությունները սովորական են ու նրանց նաեւ կյանքն է սովորեցրել, թե ինչպես պետք է վարվել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ