«Ադրբեջան, ագրեսոր», «Ազատ, անկախ Արցախ» վանկարկումներով ՀՅԴ-ականներն այսօր շարժվեցին դեպի Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության գրասենյակ: Պահանջում են դատապարտել եւ գնահատական տալ Ադրբեջանի «սանձարձակ ու ագրեսոր պահվածքին»: Նրանք նամակ հանձնեցին ՄԱԿ-ի գրասենյակի պատասխանատուներին: Ասացին, որ նույն բովանդակության նամակ են պատրաստել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպաններին:
Ցույցի մասնակիցների խոսքով, կարեւոր է, որպեսզի Հայաստանից միջազգային հանրությանը հստակ եւ ճիշտ ուղերձներ փոխանցվեն ե՛ւ դիվանագիտական խողովակներով ե՛ւ հանրության կողմից, որն ամենաազդեցիկ ուղերձն է: Երիտասարդների խոսքով, իրենց ուշքն ու միտքը ռազմաճակատն է, ուստի խուսափում են ռազմական դրության պայմաններում ավելի մեծ հանրահավաքներ ու ցույցեր անելուց, սակայն, եթե անտարբերությունը շարունակվի՝ ավելի մեծ ցույցեր են տեղի ունենալու:
«Բոլոր այն երկրները, որոնք անաչառ չեն լինի, պատասխան կստանան»,-նշեցին ցույցի մասնակիցները:
«Թուրքիան հայտարարել է Ադրբեջանին իր լայնամասշտաբ օգնության մասին: Թուրքիան ունենալով մարդու իրավունքների խախտումների պատմության փորձ՝ ինչպես հայոց ցեղասպանությունը, բռնությունները քրդերի դեմ, ներխուժումները Սիրիա եւ Լիբիա, Հունաստանի եւ Կիպրոսի դեմ եղած սադրանքները, շարունակում է վարել ռազմատենչ քաղաքականություն: Արցախի վրա հերթական հարձակումից եւ քաղաքացիական բնակչությանը թիրախավորելուց առաջ Ադրբեջանի ղեկավարը հայտարարել է, որ հրաժարվում է բանակցություններից»,-նամակում նշված տեքստից ընթերցեցին երիտասարդները:
Կարդացեք նաև
Նրանք կոչ արեցին ՄԱԿ-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին վերջ տալ ռազմատենչ Ադրբեջանի եւ Արցախում ապրողների կյանքի իրավունքները պաշտպանող հայկական կողմի միջեւ հավասարության նշան դնելուն. «Իրերն իրենց անունով կոչելը եւ միանշանակ գնահատականներ հնչեցնելը ռազմատենչ բռնատիրական ներկայացուցիչներին եւ տարածաշրջանն ապակայունացնող նրա գործընկերոջ Թուրքիային զսպող բազմաթիվ մեխանիզմներից մեկն է, ինչը սակայն իրականություն չի դառնում՝ այդպիսով ամեն անգամ հետ չպահելով Ադրբեջանին կոպտորեն խախտել միջազգային իրավունքի նորմերը: Կոչ ենք անում խստորեն դատապարտել Թուրքիայի ագրեսիվ կոչերը»:
ՄԱԿ-ից պահանջեցին այսօրվա անվտանգության խորհրդի արտահերթ նիստում հստակ գնահատական տալ եւ դատապարտել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների եւ եռակողմ զինադադարի կոպտագույն խախտման հերթական այս դեպքին, որը հանգեցրել է տարածաշրջանում լարվածության կտրուկ աճին եւ կողմերի միջեւ ռազմական բախումների վերսկսմանը. «ՄԱԿ-ը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները պարտավոր են դրսեւորել անաչառություն, հստակ դիրքորոշում արտահայտելու միջոցով կանխել աշխարհում բռնությունների եւ մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումների նոր դրսեւորումները»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ