Լրահոս
Օրվա լրահոսը

Բորիս Նավասարդյան․ «ՌԴ-ին դժվար է հանդես գալ խաղաղապահի դերով, քանի որ մեծ քանակի զենք է վաճառել Ադրբեջանին»

Սեպտեմբեր 29,2020 16:26

Վերջին տարիներին միջազգային հանրության ազդեցությունն այնպիսի հակամարտությունների վրա, ինչպիսին ղարաբաղա-ադրբեջանականն է, բավականին թուլացել է, ուստի պետք չէ սպասել, որ միջազգային կառույցներն ինչ-որ գործուն մեթոդներ կկիրառեն այս դեպքում։ Այսօր «Հոդված 3» ակումբում նման կարծիք հայտնեց Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանն՝ անդրադառնալով Արցախում ընթացող պատերազմական գործողությունների զարգացմանը։

Նա նշեց, որ առանձին պետություններ, որոնք տարածաշրջանում ունեն ազդեցություն եւ ռեսուրսներ, կարող են ազդել Հայաստանի եւ Ադրբեջանի վրա, ինչպես նաեւ՝ Թուրքիայի․ «Ղարաբաղյան հակամարտության ողջ պատմության ընթացքում Թուրքիան առաջին անգամ է բաց եւ ակնհայտ խրախուսում Ադրբեջանին։ Մենք լսել ենք նրանց հայտարարությունը, թե իրենց հանգրվանը կլինի Ղարաբաղի վերջնական ազատագրումը։ Նման հայտարարություն Թուրքիան նախկինում չի արել»։

Այս հակամարտությունում, ըստ պարոն Նավասարդյանի, ՌԴ-ն եւ Թուրքիան են գլխավոր արտաքին գործող ուժերը, այդ է վկայում այն փաստը, որ ՌԴ ԱԳՆ ղեկավարը խոսել է Հայաստանի, Ադրբեջանի արտաքին գործերի ղեկավարների հետ, եւ նաեւ Թուրքիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Չավուշօղլու հետ, այլ ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախարարների հետ։

Բորիս Նավասարդյանը գտնում է, որ այստեղ Ռուսաստանին զսպում են նաեւ Թուրքիայի հետ հատուկ հարաբերությունները, եւ հարկ է նկատել, որ ՌԴ-ին դժվար է հանդես գալ խաղաղապահի դերով, քանի որ վերջին տարիներին նա հարձակվողական մեծ քանակի զինատեսակներ է տրամադրել Ադրբեջանին, եւ պարզ է, որ դրանք օգտագործվելու էին Հայաստանի դեմ․ «Այս իմաստով, եթե Ռուսաստանը Բաքվից պահանջի դադարեցնել ագրեսիվ գործողությունները, ապա դա կնշանակի, որ Ադրբեջանն իզուր է միլիարդավոր դոլարներ ծախսել ռուսական զենք-զինամթերք ձեռք բերելու համար»։

Պարոն Նավասարդյանի կարծիքով՝ եթե ռազմական գործողությունները շատ հեռուն գնան եւ դառնան անկառավարելի, ՌԴ-ն կմիջամտի․ «Որովհետեւ Ռուսաստանին ձեռնտու չէ այս տարածաշրջանում ստատուս քվոյի լուրջ փոփոխություն, քանի որ դա կնշանակի ՌԴ-ի ազդեցության թուլացում այս տարածաշրջանում։ Ուստի, պետք է սպասել այն պահին, երբ ռազմաճակատում կայուն հավասարակշռությունը կխախտվի եւ կողմերից մեկը լուրջ հաջողություն կգրանցի։ Եվ միայն այս դեպքում կարելի է սպասել ՌԴ-ի ավելի կոշտ միջամտության։ Իսկ մինչ այդ ՌԴ-ն հետեւելու է եւ անելու է այնպիսի հայտարարություններ, ինչպիսիք անում են այլ պետությունները»։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը պատերազմական լայնածավալ գործողություններ է սկսել Արցախում, գործի է դրել իր գրեթե ողջ զինանոցը, այդ թվում ՏՕՍ, Սմերչ եւ մեծ տրամաչափի այլ համակարգեր, նաեւ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին ու ՀՀ-ի Վարդենիս քաղաքին է հարված հասցրել։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930