Լրահոս
Օրվա լրահոսը

Վրացագետը` ջավախահայերի միջադեպի մասին. «Կարեւորը իրավական մասն է, ոչ թե հակավրացական թեմաներ բարձրացնելը»

Սեպտեմբեր 29,2020 15:57

Ջավախահայ երիտասարդների նախաձեռնությամբ Արցախի համար հավաքված հումանիտար օգնությամբ մեքենաներին սեպտեմբերի 28-ին սկզբում չէին թույլատրում հատել սահմանը, սակայն, ի վերջո՝ Վրաստանի իրավապահ մարմինների հետ տարվող բանակցությունների արդյունքում հնարավոր դարձավ սննդամթերքով բեռնատարների կողմից հայ-վրացական սահմանի հատումը, իսկ անվադողերի առնչությամբ դեռեւս համապատասխան թույլտվություն չկա:

Aravot.am-ի հետ զրույցում վրացագետ Ջոնի Մելիքյանը մեկնաբանելով միջադեպը` նշեց. «Նախ պետք է հաշվի առնենք, որ համավարակի շրջանում թե Հայաստանի, թե Վրաստանի սահմանները փակ են, եւ սահմանը հատելու իրավունք ունեն միայն բեռնատարները:

Երկրորդ` անվադողերի եւ հումանիտար օգնության հետ կապված, որ երիտասարդները մոբիլիզացրել են Նինոծմինդայում եւ այլ տեղերում, որեւէ իրավական քայլեր չեն իրականացվել թեկուզ Վրաստանում ՀՀ դեսպանատան միջոցով, որպեսզի այդ ամենը համաձայնեցվի թե վրացական, թե հայկական կողմի հետ` առանց որեւէ խոչընդոտի կամ խնդրի սահմանն անցնելու համար: Այստեղ կարեւորը իրավական մասն է, ոչ թե հակահայկական կամ հակավրացական թեմաներ բարձրացնելը»:

Վրացագետը հայտնեց, որ նման հարցերն, օրինակ, Ռուսաստանում կարգավորվում են ՌԴ դեսպանատան միջոցով, մինչդեռ այս պարագայում որեւէ մեկը չի դիմել Վրաստանում ՀՀ դեսպանատուն:

Նա նաեւ հավելում է. «Փառք Աստծո, որ տեղում որեւէ խնդիր, ծեծկռտուք եւ բացասական բան չի եղել: Միջամտել է դեսպանատունը, պետական տարբեր կառույցներ, կայացվել է համաձայնություն եւ երկու մեքենա հատել է սահմանը: Ինչ վերաբերվում է անվադողերին, երբ-որ համապատասխան փաստաթղթերը կպատրաստվեն, դրանք նույնպես կկարողանան տեղափոխել: Այս պարագայում ամեն ինչը օրինական դաշտում է տեղի ունեցել, եւ Վրաստանի ոստիկանների ու սահմանապահների վերաբերմունքը բավականին դրական է եղել, այնպես որ` որեւէ խնդիր ես այդտեղ չեմ տեսնում»:

Ջոնի Մելիքյանը փաստում է, որ Ադրբեջանը բավականին ակտիվ աշխատում է Վրաստանի տեղեկատվական դաշտում, եւ Ջավախքն էլ թիրախավորված է, հետեւաբար պետք է զգույշ լինել թե Հայաստան ուղարկվող աջակցության եւ թե կամավորների առումով. «Ամեն ինչ պետք է հավասարակշռված լինի, եւ Երեւանի հետ համաձայնեցված՚ մեր դեսպանատան ու ԱԳՆ-ի միջոցով, որպեսզի հենց իրենք ապատեղեկատվության թիրախ չդառնան: Հատկապես որ Ջավախքի հետ կապված ադրբեջանական քարոզչությունը շատ ակտիվ է, փորձում են Ջավախքը ներկայացնել որպես 5-րդ շարասյուն Վրաստանում, այնպես որ` նման հարցերում պետք է շատ զգույշ լինենք: Նույնը նաեւ Իրանին է վերաբերվում: Այս երկու հարեւան երկրներում հայկական համայնքներ կան, ցանկացած քայլ եւ մեկնաբանություն անելիս պետք է լինել հավասարակշռված… Եթե պետական սահմանը փակ է, ինչպե՞ս են պատկերացնում առանց դեսպանատան հետ կապվելու սահման հատելը, այդ դեպքում պետք է որոշ իրավական լուծումներ տրվեն:

Կատարվածի մեջ ես ոչ մի խնդիր չեմ տեսնում, միգուցե արդեն կիմանան, թե հետագայում ինչպես պետք է աշխատեն, ինչ ուղիներով: Շատ կարեւոր է, որ տեղում իրենք եւս հասկանան, որ կարող են դառնալ ադրբեջանական քարոզչության թիրախ: Պետք է ամեն մի քայլով կարողանան ապացուցել, որ լինելով Վրաստանի քաղաքացիներ` չեն խախտում իրենց պետության օրենքները, մյուս կողմից լինելով ազգությամբ հայեր` կարողանում են աջակցել թե Հայաստանին, թե Արցախին»:

Նրա խոսքով. «Վրաստանի հետ կապված ազգային անվտանգության խնդիր կա, իրենց սահմանին պատերազմ է, ունենալով երկու համայնք` իրենք եւս շատ զգույշ են վարվում` թե իրենց պաշտոնական հայտարարություններում, թե իրենց քայլերով, որպեսզի որեւէ կողմին թույլ չտան մտածելու, որ միակողմանի որոշում են կայացնում: Իրենք եւս բարդ իրավիճակում են գտնվում»

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930