Լրահոս
Օրվա լրահոսը

«Տպավորություն է, որ Ադրբեջանի բանակի գերագույն գլխավոր հրամանատարը հենց Էրդողանն է». Տաթև Հայրապետյան

Սեպտեմբեր 29,2020 14:50

«Այո, Ադրբեջանն, ըստ էության, փոխում է ռազմական գործողությունների նախկին ամբողջ տրամաբանությունը»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը:

Նա փաստեց՝ ապրիլյան պատերազմի ժամանակ ականատես ենք եղել տարբեր տեսակի զինտեխնիկայի կիրառմանը, որոնք պատմության մեջ առաջին անգամ էին կիրառվում ու անդրադառնալով ներկայիս իրավիճակին՝ ասաց. «Այս անգամ այդ գործընթացներն ավելի զարգացում են ապրել: Փաստացի, Վարդենիսի ուղղությամբ ակտիվությամբ և քաղաքացիական ավտոբուսը խոցելով՝ Ադրբեջանն ընդլայնում է ռազմական գործողությունների աշխարհագրությունը: Ալիևը փաստացի գնում է վա բանկ իշխանության պահպանման համար, քանի որ Բաքվի բռնապետական ռեժիմի համար որևէ նշանակություն չունեն մարդկային կյանքերը, Ալիևն իր առաջ իշխանության պահպանման խնդիր է դրել»:

Տաթև Հայրապետյանը վստահեցրեց՝ առաջին խոշորագույն պարտությունը, որը հաստատ մեր զինված ուժերը հասցնելու են ադրբեջանական բանակին, Ալիևի համար ճակատագրական հետևանքներ է ունենալու. «Ըստ էության այս արկածախնդրությունը շատ թանկ է արժենալու Ադրբեջանի համար, քանի որ իրենք վերադարձ են կատարելու իննսունականների ներքաղաքական խժդժությունների ժամանակաշրջան, որտեղ ուղղակի իշխանությունները փոխվում էին ռազմական գործողություններին, հայկական զորքերի հաջողություններին զուգընթաց»:

Ըստ պատգամավորի՝ Թուրքիայի գործողություններն իսկապես մտահոգիչ են, բայց նաև դա հնարավորություն է աշխարհին ցույց տալու, որ Թուրքիան չի հրաժարվում իր նախկին քաղաքականությունից. դեռևս հարյուր տարի առաջ Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանության ձեռագիրն ենք նկատում. «Ուղղակի մենք բարեբախտաբար ունենք պետություն, հզոր բանակ, դիվանագիտական ներուժ այս ամբողջը միջազգային հանրությանը տեղ հասցնելու համար: Դատելով միջազգային հանրության արձագանքներից՝ աշխարհը հստակ գիտակցում է՝ ով է ագրեսորը, Թուրքիայի բացառիկ ապակայունացնող դերը և եկող զգուշացումները Թուրքիային, կարծում եմ, կարևոր գործընթացների սկիզբն են: Թուրքիան ամբողջ աշխարհում խաղում է ապակայունացնող դերակատարություն և առավել ևս այս տարածաշրջանում: Էրդողանի հայտարարությունները գերազանցում են Ալիևի հայտարարություններին, տպավորություն է, որ Ադրբեջանի բանակի գերագույն գլխավոր հրամանատարը հենց էրդողանն է և նա է հրամաններ արձակում: Թուրքական նման պահվածքը չի կարող անպատիժ մնալ»:

Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը հայտնեց ՝ Թուրքիայի մասնակցությունը միայն տեսանելի մասնակցությունը չէ ու պարզաբանեց. «Բացի երևացող ուղղակի միջամտությունից Թուրքիայի զինված ուժերը բոլոր մակարդակներում ներգրավված են հակամարտությանը: Այդ թվում մենք ունենք Ադրբեջանի կողմից թուրքական հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառում, որոնք ես լուրջ կասկածներ ունեմ, որ հենց Թուրքիայի զինված ուժերի մասնագետներն են կիրառում: Անհնար է կարճ ժամանակահատվածում լավ մասնագետներ պատրաստել այդ սարքերի օգտագործման համար: Նաև Թուրքիայից ինտենսիվ ռազմական բեռնատար ինքնառիթներ են Ադրբեջանի տարածք գնում: Կան տեղեկություններ Թուրքիայի զինված ուժերից հրահանգիչների առկայության մասին ադրբեջանական բանակում, որոնք պատրաստում, հրահանգավորում են Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներին: Չի բացառվում, որ կարող են թաքնված լինել ադրբեջանցի զինծառայողների անվան տակ, մասնավորապես տեղեկություններ կան իրենց հատուկ նշանակության բրիգադի զինծառայողների՝ ադրբեջանական տարածք տեղափոխվելու մասին»:

Ըստ Տարոն Հովհաննիսյանի՝ Թուրքիայի նպատակը Հարավային Կովկասում իր ազդեցությունը մեծացնելն է. «Ուղիղ միջամտությունից դեռ խուսափում են՝ հաշվի առնելով Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հետ շահերի բախումը, հնարավոր ռիսկերը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930