Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պուտինի սպասելի անտարբերությունը՝ թուրք-ադրբեջանական դաշինքի սանձազերծած պատերազմին

Սեպտեմբեր 29,2020 15:00

Սկիզբը՝ այստեղ

Ռուսական նույն քարոզչությունն՝ ինչպես ղարաբաղյան պատերազմի մեկնարկին

Տարիներ շարունակ ադրբեջանական հերթական սադրանքների, դիվերսիոն գործողությունների ձեռնարկումներից հետո հանրային քննարկումների օրակարգ էր մտնում Ադրբեջանին հասցեական մեղադրելու ու պատժելու հարցը:

Ոչ 2016թ ապրիլյան պատերազմից, ոչ այս տարվա հուլիսյան մարտական գործողություններից հետո ոչ միջնորդ պետություններից, ոչ միջազգային հանրությունից նման հասցեական քննադատություններ չհնչեցին:

Իսկ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կողմից ռազմատենչ ու պատերազմ որպես հնարավոր լուծում համարող Ադրբեջանին մինչեւ ատամները զինելու թեմայի քննարկումների պակաս չի եղել վերջին տարիներին:

Անպատիժ Ադրբեջանն, արդեն Թուրքիայի աջակցությամբ նոր պատերազմ սանձազերծեց, եւ հիմա դարձյալ բոլորի ուշադրությունը կենտրոնացած է, թե ինչ կեցվածք են ընդունել Հայաստանի գործընկերները, մասնավորապես Ռուսաստանը:

Ռուսական հեռուստաալիքների լրատվականների հեռարձակած ռեպորտաժները գրեթե նման են 90-ականների սկզբին ղարաբաղյան պատերազմի մեկնարկի քարոզչությանը, երբ Ադրբեջանի սկսած պատերազմում դարձյալ հայերին էին մեղադրում ու «էքստրեմիստ» անվանում:

Հիմա էլ նույն ոճով՝ անտարբերությամբ ու սառնասրտությամբ համեմված տեքստեր, անորոշություն, բացահայտ խուսափողականություն կոնկրետությունից, թե ո՞վ սկսեց պատերազմը, ինչու եւ ինչպես: Եթե նույնիսկ ռուսական հեռուստաալիքներով լուսաբանվում է սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի ու Թուրքիայի սանձազերծած պատերազմի թեման, ապա դրանցում առավելապես ադրբեջանական քարոզչություն է ներկայացվում, բնականաբար՝ կեղծ տվյալներով:

Այս ամենն, իհարկե, անակնկալ չէ ղարաբաղյան հակամարտության պատմությանը ծանոթների համար: Ամբողջ հարցն այն է, որ ՌԴ իշխանությունների կողմից անտարբերությունը ռուսական քարոզչամեքենան վարպետորեն կապվում է՝ ՀՀ ներկայիս իշխանություն-Կրեմլ հարաբերությունների սառնության թեմայի հետ:

Իսկ ի՞նչ էին ենթադրում հայ-ռուսական ջերմ հարաբերությունները իշխանական վերնախավերի միջեւ… Դրա փայլուն դրսեւորումներից էին օրինակ՝ Հայաստանի ռազմավարական օբյեկտների վաճառքը ռուսական կողմին: Իսկ նախորդ իշխանության տարիներին՝ Ադրբեջանին զինելու ծաղկուն փուլն էր նույնիսկ այն դեպքում, երբ Հայաստանն անդամակցեց Մաքսային միությանը, իսկ 2016թ. ապրիլին, վստահաբար, Ռուսաստանի իմացությամբ Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց: Այնպես որ՝ Կրեմլի համար խիստ սիրելի ու ընդունելի իշխանություն լինելն էլ՝ բավական հարաբերական է:

«Պուտինն անհրաժեշտության դեպքում կզրուցի Ալիեւի հետ»

Գանք, այսպիսով, Ռուսաստանի արձագանքին՝ թուրք-ադրբեջանական դաշինքի սանձազերծած պատերազմին:

Ռազմական գործողությունների մեկնարկից ժամեր անց հայտնի դարձավ, որ Ռուսաստանի արտգործնախարարը շփումների մեջ է հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ: ԼՂ-ում իրավիճակի սրումը առանձնահատուկ վտանգ է ներկայացնում, կողմերը մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ օգտագործում են ծանր զենքեր, նշեց ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն՝ հավելելով. «ԵԱՀԿ ՄԽ-ի ձեւաչափով համագործակցությունը բավականին հաջող զարգանում է, հուսով ենք, որ այն իր արդյունքը կտա իրավիճակի ներկա սրման տեսանկյունից, ինչը շատ վտանգավոր է, քանի որ 2016 թվականից ի վեր առաջին անգամ կողմերն օգտագործում են ծանր զենքեր, իրական զոհեր կան»:

Մոսկվան կոչ արեց արտաքին եւ ներքին բոլոր խաղացողներին առավելագույն զսպվածություն ցուցաբերել ԼՂ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ, սակայն առանց կոնկրետության: «Կոչ ենք անում բոլոր արտաքին եւ ներքին խաղացողներին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, այդ թվում՝ հռետորաբանության առումով: Այժմ կարեւոր է առավելագույնս զգույշ լինել՝ անմիջապես հրադադարի ռեժիմի հասնելու եւ կողմերին բանակցային սեղան վերադարձնելու համար»,-ասել էր Անդրեյ Ռուդենկոն: ՌԴ ԱԳՆ-ն, սակայն չի մեկնաբանում Ադրբեջանի ու Թուրքիայի սանձազերծած պատերազմում սիրիացի վարձկանների մասնակցության վերաբերյալ տեղեկատվությունները: «Մենք չենք կարող դա մեկնաբանել», նշել էր Ռուդենկոն:

Հայտնի է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Ռուսական կողմը խորն անհանգստություն է հայտնել ռազմական լայնածավալ գործողությունների վերսկսման կապակցությամբ: Նշվել է, որ կարեւոր է անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն առճակատման հետագա սրացումը կանխելու համար: Ամենակարեւորն է՝ դադարեցնել ռազմական գործողությունները»,- ասվում էր Կրեմլի տարածած հաղորդագրությունում: Հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն տարածեց նաեւ հայկական կողմը, որում ասվում էր. «Նիկոլ Փաշինյանը խորը մտահոգություն է հայտնել ադրբեջանական կողմից սանձազերծված ռազմական գործողությունների կապակցությամբ, որոնք ագրեսիա են Լեռնային Ղարաբաղի դեմ: Նա անթույլատրելի է համարել էսկալացիայի հետագա զարգացումը եւ դրանում արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը: Վլադիմիր Պուտինը խորը մտահոգություն է հայտնել լայնամասշտաբ ռազմական գործողությունների կապակցությամբ: ՌԴ նախագահն ընդգծել է անհրաժեշտ ջանքերի ներդրման կարեւորությունը, որպեսզի թույլ չտրվի հակամարտության հետագա էսկալացիա եւ դադարեցվեն ռազմական գործողությունները»:

Հետաքրքրականն այն է, որ Կրեմլում կարծում են, որ այժմ ժամանակը չէ պարզելու, թե ով է մեղավոր Արցախում հակամարտության սրման համար, այլ ավելի կարեւոր է դադարեցնել ռազմական գործողությունները։

Այսինքն, այնպես՝ ինչպես միշտ… Ռազմատենչ կողմը պատերազմ է հրահրում, իսկ նախաձեռնողին հասցեական մատնանշելու ու պատժելու թեման անմիջապես օրակարգից դուրս է գալիս, առաջ է գալիս՝ ռազմական գործողությունները դադարեցնելու ու բանակցելու թեման:

ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը սեպտեմբերի 28-ին հանդես եկավ մի քանի հայտարարություններով: «Ռուսաստանը ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահներից է, եւ, իհարկե, կարգավորման գործընթացում խաղում է միջնորդի դեր, եւ միջնորդելու իր պատրաստակամությունը շեշտել է տարբեր մակարդակներով։ Այժմ շատ կարեւոր է առաջին հերթին դադարեցնել ռազմական գործողությունները եւ ոչ թե պարզել, թե ով է մեղավոր։ ՌԴ-ն միշտ հավասարակշռված դիրքորոշում է ունեցել: Հենց այդ դիրքորոշումն է Ռուսաստանին հնարավորություն տալիս օգտագործել իր ազդեցությունն ու ավանդաբար լավ հարաբերություններ պահպանել եւ՛ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի հետ այս հակամարտությունը լուծելու համար», – ասել է Պեսկովը լրագրողներին՝ հավելելով, որ Մոսկվան կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ԼՂ-ում եւ գործընթացը տեղափոխել քաղաքական եւ դիվանագիտական ​​հարթակ։

Պարզվում է, Մոսկվան կապի մեջ է Անկարայի հետ: Ըստ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի՝ Արտաքին գործերի նախարարության միջոցով շփումներ են եղել Թուրքիայի հետ: Իսկ Պատասխանելով հարցին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսո՞ւմ է շփումներ ունենալ իր ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիեւի հետ, Պեսկովը նշել է. «Անհրաժեշտության դեպքում դրանք, իհարկե, կկայանան»:

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի համար հակամարտության սրումը ցավալի է, խնդիրը կարելի է լուծել միայն քաղաքական-դիվանագիտական միջոցներով, սեպտեմբերի 28-ին նշեց ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը. «Անխոս, ցավալի է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության սրումը, կան զոհեր, կողմերը կիրառում են նաեւ ծանր զինատեսակներ։ Մենք տեսնում ենք, որ այդ խնդիրը կարելի է լուծել միայն քաղաքական-դիվանագիտական միջոցներով, իսկ Ռուսաստանը ամեն կերպ փորձելու է հասնել խաղաղության»:

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը լրջորեն մտահոգված է ԼՂ-ում վերսկսված զինված հակամարտության կապակցությամբ, որի ընթացքում «երկու կողմից կան զոհեր եւ վիրավորներ, այդ թվում` խաղաղ բնակչության շրջանում»։

ՀԱՊԿ-ից էլ նշել են, թե «անհրաժեշտ է անհապաղ քայլեր ձեռնարկել հրադադարի ռեժիմը վերականգնելու եւ բանակցային գործընթացին վերադառնալու համար»: ՀԱՊԿ-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, թե բազմիցս դաշինքը «կողմերին կոչ է արել հակամարտության կարգավորմանը հասնել բացառապես խաղաղ ճանապարհով եւ ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից՝ լարվածության սրացում թույլ չտալու համար»:

Այսպիսով, այսօր ՀՀ ռազմավարական դաշնակցի հետ կապված կա բացառապես երկու հարց՝ Մոսկվան ի զորու է՞ կանգնեցնել ռազմական գործողությունները եւ արդյոք մտադրություն ունի՞ դադարեցնել թուրք-ադրբեջանական ագրեսիան: Միամիտ կլինի կարծել, թե Մոսկվան չի գիտակցում, որ ներկայիս ռազմական գործողությունները նման չեն ոչ 2016թ. ապրիլյան պատերազմին, ոչ էլ հուլիսյան բախումներին, հետեւաբար՝ Մոսկվայի համար հստակ է եղել, որ սա ծրագրված ու մանրակրկիտ նախապատրաստված պատերազմ է: Հետեւաբար, Կրեմլի ներկայիս զուսպ պահվածքը, վստահաբար ունի բացատրություն եւ նպատակ:

«Տեսնենք՝ կարող ենք արդյոք դադարեցնել բախումները», ասում է Թրամփը

ԱՄՆ իշխանություններն ուշադիր հետեւում են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին ու կտեսնեն, կկարողանան արդյոք իրենք դադարեցնել կոնֆլիկտի էսկալացիան, այս մասին կիրակնօրյա ճեպազրույցում հայտարարեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք շատ ուշադիր հետեւում ենք։ Դա նոր է տեղի ունեցել, ինձ դա հայտնի է։ Այդ տարածաշրջանում մենք լավ հարաբերություններ ունենք։ Կտեսնենք, կարող ենք արդյոք դա դադարեցնել», – ասել էր Թրամփը։

Ավելի վաղ պաշտոնական Վաշինգտոնն ամենակոշտ կերպով դատապարտեց ղարաբաղյան հակամարտության վերջին սրացումը եւ կոչ արել կողմերին անհապաղ դադարեցնել բռնությունները:

«Միացյալ Նահանգները մտահոգված է լայնածավալ ռազմական գործողությունների մասին հաղորդումներով, որոնց հետեւանքով արձանագրվել են էական կորուստներ», նշել էր Պետդեպարտամենտը` ցավակցություն հայտնելով զոհերի ու վիրավորների հարազատներին:

Պետդեպի խոսնակը նաեւ տեղեկացրել է, որ կիրակի օրը փոխպետքարտուղար Ստիվեն Բիգանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ` կոչ անելով անհապաղ հրադադար հաստատել, օգտագործել ուղիղ կապը` իրավիճակի հետագա սրացումից խուսափելու համար, ինչպես նաեւ զերծ մնալ անօգուտ հռետորաբանությունից եւ գործողություններից, որոնք է՛լ ավելի են սրում իրավիճակը տեղում:

Ուշագրավ էր, որ Պետդեպարտամենտը հատուկ անդրադարձ էր արել նաեւ երրորդ կողմերին, ընդգծելով` Միացյալ Նահանգները համոզված է, որ արտաքին ուժերի կողմից խնդրին մասնակցությունը կլինի խիստ վնասակար եւ կարող է միայն վատթարացնել տարածաշրջանի լարվածությունը:

Այսպես, ԱՄՆ պետդեպարտամենտը վճռականորեն դատապարտեց բռնության սրացումը՝ կողմերին կոչ անելով աշխատել ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների հետ, որպեսզի հնարավորինս շուտ վերադառնան առարկայական բանակցությունների։

ԼՂ-ի հակամարտության խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի

Սեպտեմբեր 28-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Փաշինյանը ներկայացրել է իրավիճակը տարածաշրջանում, նշել է, որ Արցախը ենթարկվել է Ադրբեջանի ագրեսիային եւ խիստ մտահոգություն հայտնել շարունակվող ռազմական գործողություններով, որոնք սպառնում են Արցախի եւ ՀՀ անվտանգությանը: «Նա հավելել է, որ հուլիսյան դեպքերից ի վեր Թուրքիան աննախադեպ ակտիվություն է ցուցաբերում տարածաշրջանում: Վարչապետ Փաշինյանը Գերմանիայի կանցլերին կոչ է արել գործադրել ամեն ջանք Թուրքիայի ագրեսիվ եւ ապակառուցողական կեցվածքը սանձելու եւ տարածաշրջանում նրա ներգրավվածությունը բացառելու համար»: Գերմանիայի կանցլերն իր խոր մտահոգությունն է հայտնել ստեղծված իրավիճակով: Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք եւ ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը:

Նույն օրը Փաշինյանը հեռախոսազրույց ունեցավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ վերջինիս նախաձեռնությամբ: Ըստ հաղորդագրության՝ Փաշինյանն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակին եւ ընդգծել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի փաստը: Նա նշել է, որ ի տարբերություն նախորդ տարիների էսկալացիաներին՝ այս մեկին բնորոշ է Թուրքիայի խիստ ակտիվ եւ կողմնակալ դիրքորոշումն ու ապակայունացնող ուղղակի ներկայությունն ադրբեջանական գործողություններում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով եւ զարգացումներով՝ ընդգծելով ԵԱՀԿ ՄԽ-ի խմբի շրջանակում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը: Հայտնի է, որ Անտոնիո Գուտերեշը զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ:

Սեպտեմբերի 28-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Էստոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԼՂ-ում տիրող իրավիճակի հարցով խորհրդակցություններ է նախաձեռնում: Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեյնսալուն ասել էր, որ Էստոնիան՝ որպես ՄԱԿ ԱԽ անդամ՝ «նախաձեռնում է խորհրդակցություններ ՄԱԿ-ում: «Ես կողմերին կոչ եմ անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ ձեռնարկել բոլոր միջոցները` իրավիճակի հետագա սրումից խուսափելու համար», – շեշտել է ԱԳ նախարարը եւ հավելել, որ տարաձայնությունները լուծելու համար ուժի կիրառումը դատապարտելի է. «Սա ծայրաստիճան լուրջ իրավիճակ է, որը նշանակալի հետեւանքներ է ունենում ամբողջ տարածաշրջանի խաղաղության եւ անվտանգության վրա»։

Ամփոփումը՝ վաղվա համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Իրատես says:

    Եվ Թուրքիայի և Ռուսաստանի կողմից կան կարմիր գծեր, որոնցից այն կողմ ռուս-թուրքական պատերազմ է սկսվելու ՆԱՏՕ-ի ու Իրանի հնարավոր մասնակցությամբ։
    Կողմերը հասկանում են և փորձելու են խուսափել այդ սցենարից։ Այդ պատերազմում ՀՀ-ն լինելու է էպիկենտրոն։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930