«Մեր հաշվարկներով՝ Նախիջեւանում կա մոտ 15 000-ոց առանձին բանակ, նաեւ՝ առանձին ստորաբաժանումներ, սահմանապահ դիվիզիա: Այն իրենց մոտ երկրորդ բանակն է համարվում, ավելի թեթեւ սպառազինված»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունների համատեքստում Նախիջեւանից հնարավոր վտանգներին՝ ասաց Razm.info մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական հարցերի մեկնաբան Կարեն Վրթանեսյանը:
«Այդ ուժն այս պահին գուցե եւ բան չանի, բայց հենց մեր մոտ, օրինակ, իրավիճակը ծանրանա, ինչ-որ պահի կարող են փորձել Նախիջեւանից հարվածել, օրինակ՝ ճանապարհները կտրելու համար, կամ՝ դիվերսիաներ անեն: Հնարավորություն ունեն Հայաստանի տարածքին հարվածներ հասցնելու: Իհարկե, դա անպատիժ չի լինի: Նախիջեւանը խոցելի դիրքում է, բայց ինչ-որ պահի նման բան գուցե փորձեն անել: Նախիջեւանը կարող են օգտագործել նաեւ որպես կռվախնձոր՝ Թուրքիային ավելի սերտ ներգրավելու համար այս կոնֆլիկտում»,-նշեց բանախոսը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ