Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը մասնակցում է Հանրային խորհրդի նիստին: Պատասխանելով ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ լրագրողների հարցին` դեսպանը նշեց. «Բոլոր պաշտոնական մեկնաբանություններն արված են, Ռուսաստանն ի սկզբանե գործել է կոնֆլիկտի գոտում լարվածության թուլացման ուղղությամբ: Մեր դիրքորոշումը հստակ է` ռազմական գործողությունները պետք է դադարեն, կողմերը պետք է վերադառնան բանակցությունների գործընթացին, այլընտրանք խնդրի խաղաղ հանգուցալուծման չի կարող լինել»:
Նա նաեւ հավելեց. «Ռուսաստանի Դաշնությունը ավանդաբար հանդես է գալիս այն ուղղությամբ, որ լարվածության աճ չլինի, ՌԴ-ն եւ Մինսկի խմբի մյուս համանախագահներն անում են ամեն ինչ, որպեսզի ներկայիս լարվածությունը թուլանա, կողմերը վերադառնան բանակցությունների խաղաղ հուն: Ռուսաստանն ակտիվ աշխատում է եւ կապի մեջ է բոլոր կողմերի հետ, գիտեք, որ հեռախոսազրույց է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, միմյանց հետ շփվում են արտգործնախարարները, ռուսական կողմը շփվում է նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, ամեն ինչ արվում է, որ էսկալացիան դադարի եւ կողմերը վերադառնան խաղաղ բանակցային գործընթացի հուն եւ թույլ չտրվեն ապակայունացնող ազդեցությունները»:
Հարցին, որ Ռոստովից Հայաստան երկու ռազմական ինքնաթիռ է թռել, ո՞րն է նպատակը, Սերգեյ Կոպիրկինը չպատասխանեց, փոխարենն առաջարկեց դիմել ՀՀ պաշտպանության նախարարությանը. «Ես այդ տեղեկատվությանը չեմ տիրապետում»:
Իսկ ՀԱՊԿ-ը չի՞ պատրաստվում միջամտել, հատկապես որ որոշ գործողություններ ուղղված են արդեն Հայաստանի դեմ, այս հարցին էլ դեսպանը հետեւյալ կերպ պատասխանեց. «Դուք գիտեք, որ եղել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը` հստակ ուղերձով, որ պետք է լինի էսկալացիայի թուլացում, ռազմական գործողությունների դադարեցում»:
Կարդացեք նաև
Մեկ այլ հարցի, որ ադրբեջանական ԱԹՍ-ի գործողությունների պատճառով ՀՀ տարածքում Վարդենիսում ավտոբուս է այրվել, արդյոք ռազմաբազան գործողություններ կձեռնարկի, դեսպանը պատասխանեց. «Ռուսաստանն անում է իրենից կախված ամեն ինչ, որպեսզի իրադրությունը վերադառնա բանակցությունների խաղաղ հուն»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ