«Շատ հնարավոր է, որ գործ ունենք հակառակորդի՝ դեռեւս հուլիսից առաջ նախապատրաստված ագրեսիայի հետ, եւ սա պետք է տեղ հասցնել միջազգային հանրությանը: Ամենայն հավանականությամբ, դա Թուրքիայի անմիջական մասնակցությամբ նախապատրաստված ագրեսիա էր»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողություններին՝ ասաց Razm.info մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական հարցերի մեկնաբան Կարեն Վրթանեսյանը:
Նա շեշտեց. «Չեմ զարմանա, եթե տարիներ հետո փաստաթղթեր գաղտնազերծվեն, եւ պարզվի, որ Թուրքիան այս ամենի հրահրողն է»: Փորձագետը նաեւ ընդգծեց, որ Հայաստանին անթաքույց հարված հասցնելը, մասնավորապես՝ Վարդենիսում ավտոբուսին ԱԹՍ-ով խփելը, վկայում է այն մասին, որ ժամանակն է ՀԱՊԿ-ի կողմից գործողություններ ձեռնարկելուն, քանի որ կառույցի կանոնադրությամբ՝ դա հարձակում է ՀԱՊԿ անդամ երկրի վրա:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ