Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիտե՞ք՝ ո՞վ է վերջում ճիշտ դուրս գալու՝ նա, ով կհաղթի պատերազմը». ադրբեջանագետը՝ Դուշանբեի պայմանավորվածության մասին

Սեպտեմբեր 29,2020 13:03

«Դուշանբեում լինի, թե նախորդ որեւէ վայրում պայմանավորվածություն, պատերազմի բռնկման պայմաններում ժամանակը չէ հիշողությունների գիրկն ընկնելու: Այստեղ պետք չէ արդարացնել է որեւէ բան, այլ գործել: Հիմա կարեւոր է, որ օր առաջ ՀՀ ԱԺ-ն ճանաչի Արցախի անկախությունը, եւ Արցախի հետ կնքվեն ռազմավարական պայմանագրեր: 2016-ին Արցախի անկախությունը ճանաչելու հնարավորությունը բաց թողեցինք, եւ պատերազմը կրկնվեց»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով 2018թ.-ին Դուշանբեում Ալիեւի հետ պայմանավորվածությունների վերաբերյալ ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանի բացահայտումներին՝ ասաց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:

Գրիգորի Այվազյան

«Պետք չէ խոսել, թե ով ինչ է Դուշանբեում վերելակում խոսել, մեր ազգի լինել-չլինելու հարցն է դրված: Նոր բնագծեր պետք է ձեռք բերել»,-համոզմունք հայտնեց նա:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել էր, թե Դուշանբեում Նիկոլ Փաշինյանն իրեն խնդրել էր ժամանակ տալ, չկրակել, որպեսզի նախկինները չվերադառնան, մինչդեռ Փաշինյանը Հ1-ին տված հարցազրույցում պնդեց՝ իրականում Ալիեւն է իրեն խնդրել հրապարակային ելույթներում չխոսել Ադրբեջանի մասին՝ մտավախություն ունենալով, որ հայաստանյան հեղափոխության ալիքը կհասնի Ադրբեջանի ընդդիմադիրներին:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/1282371252105695

«Եթե դա իրականություն լիներ, եւ Ադրբեջանը կարողանար հարձակվել 2018թ.-ին, նա դա կաներ հենց այդ ժամանակ: Կարեւոր չէ, թե վերելակում ով ինչ ասաց: Մեր ազգի լինել-չլինելու հարցն է դրված: Հիմա ժամանակը չէ խոստովանելու, թե Դուշանբեում կամ Կազանում ժամանակին ինչ են խոսել: Մարդասպանի, ցեղասպանի հետ առհասարակ չի կարելի պայմանավորվել: Նրա հետ խոսելու մեկ լեզու կա՝ ոչնչացումը»,-շեշտեց փորձագետը:

Նրա խոսքով. «Բնական է, որ Ալիեւի կողմից հնչել է այն, ինչ հնչել է, բայց եթե այդ ժամանակ Ադրբեջանը հարձակվելու հնարավորություն ունենար, ապա որեւէ հնարավորություն չէր թողնի Հայաստանին: Այս ժամանակահատվածն Ալիեւն օգտագործեց, որպեսզի զինի բանակն ու ամեն օր Թուրքիայից եւ Իսրայելից նոր տեխնիկա ստանա: Ուստի հիմա խոստովանությունների եւ մեղքը մյուսի վրա գցելու ժամանակը չէ: Ալիեւն ասում է, թե Փաշինյանն է ժամանակ խնդրել, Փաշինյանն էլ ասում է, որ Ալիեւն է իրականում ժամանակ խնդրել: Իսկ գիտե՞ք՝ ո՞վ է վերջում ճիշտ դուրս գալու՝ նա, ով կհաղթի պատերազմը: Հաղթողին չեն դատի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930