Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Քորթոշյան. «Սամվել Կարապետյանն ասում էր` մեր ունեցած նյութերը զենք են պետության ձեռքին»

Սեպտեմբեր 29,2020 12:56

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի աշխատակից Րաֆֆի Քորթոշյանը «Տեսակետ» ակումբում կայացած ասուլիսում նշեց, որ բոլորի ուշադրությունը դեպի սահմանն է, դրա համար այժմ ծավալուն ասուլիսով հանդես չի գալիս, բայց քանի որ «Վարձք» ամսագրի 13-րդ համարը նվիրված է հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հիշատակին, որոշեց չհետաձգել ասուլիսը: Նա հայտնեց, որ անվանի հուժարձանագետն իր գործունեության եւ կյանքի մեծ մասը նվիրել է Արցախ աշխարհին: Ասաց նաեւ , որ «Վարձքի» այդ համարում հուշեր ու դրվագներ կան Սամվել Կարապետյանից ու նրա մասին:

Րաֆֆի Քորթոշյան

Նա հատվածներ ընթերցեց, որոնցից մեկում նշվում էր, թե ինչպես է Արցախյան ազատամարտից մի քանի տարի անց մի անծանոթ մոտեցել Սամվել Կարապետյանին ու ասել, որ թեեւ իրեն չի ճանաչում, բայց Սամվել Կարապետյանի շնորհիվ կռվել է Արցախում, ինչի համար հպարտ է. «Փողոցում մոտեցել ու ասել է` հիշում ե՞ք 1983թ ԵՊՀ-ում դուք ցուցադրում էիք Արցախի մասին սլայդեր, եւ հենց դա պատճառ դարձավ, որ ճանաչեցի Արցախ աշխարհը, որտեղ երբեք չէի եղել ու արյան կանչով գիտակցաբար դարձա նրա ազատագրության մասնակիցներից մեկը»:

Րաֆֆի Քորթոշյանը ընդգծեց, որ 1978 թվականից սկսած՝ Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ Խորհրդային Ադրբեջանի տարածքում բազմաթիվ ուսումնասիրություններ է կատարել, երբեմն նաեւ Խորհրդային Ադրբեջանի ուժային կառույցների կողմից այդ արշավները ձերբակալմամբ ու կտտանքներով են ավարտվել:

«1993-94 թթ, երբ հայկական ուժերն ազատագրում էին Քարվաճառը, Բերձորը եւ այլ տարածքներ, Սամվել Կարապետյանը առաջիններից էր, որ բանակի հետ միասին մտնում էր վաղեմի հայկական գյուղեր, փաստագրում, վավերագրում այնտեղ գտնվող հայկական հուշարձանները….Սամվել Կարապետյանն ասում էր` մեր ունեցած նյութերը զենք են մեր պետության ձեռքին: Այսօր թշնամին խոսում է պատմական հուշարձաններից, իբր մահմեդական հուշարձանների ավերումից, ինչը բացարձակ սուտ է: Եվ Հայաստանում, եւ Արցախում այդ հուշարձանների մեծ մասն ուսումնասիրվում է, դրանք ներկայացվում են որպես հայկական ճարտարապետական կոթողներ, որովհետեւ դրանց հիմնական մասի կառուցողներն ու ճարտարապետները հայեր են եղել»,-ասաց Րաֆֆի Քորթոշյանը` հավելելով, որ Սամվել Կարապետյանը փաստագրել է նաեւ ադրբեջանական վանդալիզմի պատճառով տուժած հայկական հուշարձանները:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930