Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արծրուն Հովհաննիսյան. «Նման լայնամասշտաբ պատերազմի ժամանակ մեկ-երկու դիրք վերցնելը, տալը ընդհանրապես մարտավարական որեւէ բան իրենից չի ներկայացնում»

Սեպտեմբեր 29,2020 12:16

«Րոպեներ առաջ էլի տարածվեց ապատեղեկատվություն, ընդ որում, պաշտոնական մակարդակով Բաքուն ներկայացրել է իբր բարձրաստիճան զինվորականի կորստի մասին, ինչպես նաեւ Մարտունիի զորամասի ամբողջական ոչնչացման մասին: Դրանք չեն համապատասխանում իրականությանը: Հայտարարությունն անգամ խոսում է ներկայացված ցածր որակի, ցածր մակարդակի ռազմական գիտելիքների մասին: Զորամասը ոչնչացված է. այդպիսի բան չկա ու չի էլ լինում ընդհանրապես»,- քիչ առաջ հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհանիսյանը:

Նա նշեց, որ բարձրաստիճան զինվորականի՝ գեներալի մասին լուրը նույնպես չի համապատասխանում իրականությանը. «Կրում են պարտություն, պլանները չեն իրականանում, ունեն չափազանց մեծ կորուստներ, անհամադրելի են մեր կորուստների հետ, դրա համար իրենց հասարակությանը կերակրող նյութեր են փորձում հորինել զինվորականների ու զորամասերի ոչնչացման մասին, ուշադիր եղեք»:

Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ  երեկ ադրբեջանական մամուլը, հասկանալով իրենց գործելակերպի հանցավորությունը, որը, բնականաբար, աշխարհը հասկանում է ու արդեն գնահատում է, սկսեցին ներկայացնել մեր շատ անվանի ու փառապանծ զինվորականների մասով կեղծ լուրեր, թե զինվորականները այս պահին կամ նախկին պատերազմում կատարել են վայրագություններ, հանցագործություններ, մարդիկ են սպանել, մարդ են մորթել եւ այլն: Այդ բոլորը ապատեղեկատվություն է: Նա հորդորեց չտրվել նման սադրանքների:

Արծրուն Հովհաննիսյանը նաեւ տեղեկացրեց, որ Նախիջեւանի ուղղությամբ իրավիճակը համեմատաբար հանդարտ է, բայց զգոնությունը պահում են:

Տեղեկություններ կան Քարվաճառում երեկ գիշեր տեղի ունեցած թեժ մարտերի մասին: Այս առնչությամբ էլ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ մարտեր ընթացել են, ինչքանով են թեժ եղել, եթե ՊՆ հաղորդագրության մեջ ուշադրության արժանի դրվագներ լինեն, կներկայացնեն. «Բոլոր ուղղություններով ՀՀ, Արցախի զինված ուժերը կատարում են իրենց մարտական խնդիրը՝ համառ մարտեր են մղում, որտեղ պետք է՝ պաշտպանական, որտեղ պետք է՝ հարձակողական»:

Թե ինչ դիրքեր ենք կորցրել՝ նա արձագանքեց. «Կորուստ-ձեռքբերում բառերն անգամ այս պահին տեղին չեմ համարում: Նման լայնամասշտաբ պատերազմի ժամանակ մեկ-երկու դիրք վերցնելը, տալը ընդհանրապես մարտավարական որեւէ  բան իրենից չի ներկայացնում, կարեւորը զինվորների՝ ընդհանուր մարտական խնդիր լուծելու  կարողությունն է, մարտունակությունն է, կառավարման հստակ համակարգը, մարտական ոգին է: Մենք կադրեր ենք հրապարակում, տեսնում ենք՝ ի՜նչ գրագետ են աշխատում հայկական բանակի զինված ուժերը, հատկապես՝ հրետանավորները, ի՜նչ դիպուկ են խոցում, ի՜նչ հստակ են կառավարում կրակը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930